Հայերեն   English   Русский  

Կառավարությունը Վահրամ Բաղդասարյանի «ՎԱԲԱ» ՍՊԸ-ին 3 տարով արտոնություն տվեց


  
դիտումներ: 768

Կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգել է «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի հունիսի 19-ից մինչև 2019 թվականի հունիսի 19-ը ներառյալ ներմուծվող ապրանքների՝ մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:

Ներդրումային ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «ՎԱԲԱ» ընկերությունը նախատեսում է կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ողջ համակարգի արտադրություն։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը կատարելու է 2,25 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 102,9 մլն դրամ։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի 24 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2018-2020 թվականները 320 հազ. դրամ:

Վարչապետ Փաշինյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվել է՝ արդյոք այսպիսի որոշումներ կայացնելիս սուբյեկտիվիզմի մասին կարող է խոսք լինել և արդյոք այս որոշմամբ կառավարությունը նպաստում է, որ հակակարկտային ցանցերի գներն ավելի մատչելի լինեն գյուղացիական տնտեսությունների համար:

Արծվիկ Մինասյանը մանրամասներ է ներկայացրել ընկերություններին արտոնություններ տրամադրելու գործընթացի հետ կապված և նշել՝ ակնկալվում է, որ տեղի կունենա գների նվազում: Նախարարը հույս է հայտնել նաև, որ առաջիկայում նոր կազմակերպություններ մուտք կգործեն այս շուկա, քանի որ ոլորտը, ըստ նրա, չափազանց կարևոր է:

Իր հերթին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ դատախազությունը պետական շահերի պաշտպանության հետ կապված վերահսկողություն է սկսել այս ուղղությամբ: «Նախնական արդյունքներով՝ ունեցել ենք ոչ քիչ թվով այսպիսի արտոնություններից օգտված ընկերություններ, որոնք սահմանված ժամկետը լրանալու պահին կամ դրանից որոշ ժամանակ առաջ սնանկ են ճանաչվել: Ի հայտ է եկել չարաշահումների խնդիր և այս ուղղությամբ ուսումնասիրությունները շարունակվում են: Ներկա դրությամբ մոտ 8 ընկերության մասին այդպիսի տեղեկություններ կան»,- ասել է գլխավոր դատախազը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել. «Սյս առումով, կարծում եմ՝ մոնիթորինգային, վերահսկողական ծառայությունները, իհարկե նաև գլխավոր դատախազությունը պետք է այս հարցերը պահեն ուշադրության կենտրոնում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: