Հայերեն   English   Русский  

​ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին


  
դիտումներ: 1040

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Բազել (Շվեյցարիա), որտեղ մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան 88-րդ ժողովին:

Ժողովին քննարկվելու են ֆինանսական համակարգի կարգավորմանը, բանկային գործունեության միջազգային ստանդարտներին, բանկային վերահսկողության արդիմարտահրավերներին վերաբերող ընթացիկ խնդիրներ: Անդրադարձներ են լինելու Միջազգային Հաշվարկների Բանկի տարեկան հաշվետվությանը:

Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների հետ:

ՏԵՂԵԿԱՆՔ

Միջազգային Հաշվարկների Բանկը հիմնադրվել է 1930 թ-ին, Բազելում` Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Ճապոնիայի, ԱՄՆ և Շվեյցարիայի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակում: Այն ամենահին միջազգային ֆինանսական կազմակերպությունն է: Բանկն աջակցում է դրամավարկային և ֆինանսական կայունության ապահովման գործում, նպաստում միջազգային դրամավարկային և ֆինանսական գործակցությանը և կենտրոնական բանկերի համար ծառայում որպես բանկ: Վերջինիս անդամակցում են 60 կենտրոնական / ազգային բանկեր: Իր առանցքային հանձնաժողովների միջոցով (Բանկային վերահսկողության բազելյան հանձնաժողով, Գլոբալ ֆինանսական համակարգի հանձնաժողով, Վճարային և շուկայական ենթակառուցվածքբների հանձնաժողով և այլն) բանկն անդամակցող կազմակերպություններին ապահովում է ֆինանսական կայունության ոլորտին վերաբերող վերլուծություններով և քաղաքականության իրականացման խորհրդատվությամբ, աջակցում բանկային վերահսկողության միասնական ստանդարտների մշակմանը և ներդրմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: