Հայերեն   English   Русский  

​Իր իսկ կողմից հայտարարված արտակարգ դրության վերացումը՝ նախընտրական խոստում


  
դիտումներ: 1956

Առաջիկա կիրակի Թուրքիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Ընտրություններից հետո Թուրքիան կանցնի սուպերնախագահական համակարգի: Բնականաբար, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և իր ղեկավարած կուսակցությունն ակնկալում են, որ երկու ընտրություններում էլ հաղթանակած դուրս կգան՝ առաջիկա 10 տարիներին ձևավորելով ավտորիտար Թուրքիա:

Սակայն Էրդողանը, որ հաղթել է Թուրքիայում նախորդ 16 տարիներին կայացած բոլոր ընտրություններում, առաջիկա կրկնակի ընտրություններում այնքան էլ հեշտությամբ հաղթանակի չի հասնի: Չնայած երկրում երկու տարի շարունակ գործող արտակարգ դրությանը և արտահերթ ընտրություններին, որոնք ընդդիմադիր ուժերին պետք է նախապատրաստվելու հնարավորություն չտային, ընդդիմությունն այս անգամ բավականին գրագետ է գործում: Ընդդիմության օգտին է նաև գարնան վերջին ստեղծված տնտեսական ճգնաժամը Թուրքիայում և լիրայի ռեկորդային անկումը: Եվ այս պայմաններում քիչ հավանական է, որ Էրդողանն ու նրա կուսակցությունը, առանց օրինախախտումների, կարողանան լիակատար հաղթանակ տոնել առաջիկա ընտրություններում:

Էրդողանի անհաջող քարոզարշավը

Հանրային կարծիքի ուսումնասիրման Metropoll ինստիտուտի հիմնադիր և ղեկավար Էզեր Սենքարը, որ վերջին 25 տարիներին հետևում է Էրդողանի քաղաքական կարիերային, ասում է, որ Էրդողանը նախկինում երբևէ նման վատ քարոզարշավ չի ունեցել: Նրա խոսքով՝ այս անգամ Էրդողանը ռազմավարություն և նորարարական գաղափարներ չունի ապագայի վերաբերյալ: Սենքարի կարծիքով՝ ընտրազանգվածի առջև ելույթներում Էրդողանը թույլ ու անտարբեր կեցվածք է դրսևորել քարոզարշավի ընթացքում:

«Նա երբևէ իր ելույթներում այդքան սխալներ չէր արել»,- ասում է վերլուծաբանը՝ կասկած հայտնելով, որ Էրդողանը կկարողանա պահպանել իշխանությունը: Կասկածի առիթներից է նաև այն, որ նախորդ 16 տարիներին Էրդողանի հաջողության գրավականներից մեկը եղել է տնտեսական աճը: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն վերջին 15 տարիներին 3500 դոլարից հասել է 10 հազար դոլարի: Մինչդեռ ներկայումս Թուրքիայում տնտեսական ճգնաժամ է, լիրան անկում է ապրել, իսկ ներդրողները, վախեցած արտահերթ ընտրություններին հաջորդող հնարավոր զարգացումներից, հեռացել են կամ սպասողական վիճակում են: Էրդողանի քաղաքականությունից հաստատ ոգևորված չեն նաև այն հազարավոր քաղաքացիները, որոնք անցած տարի, անսալով Էրդողանի կոչին, իրենց դոլարով խնայողությունները լիրայի վերածեցին:

Տնտեսական ոլորտում կորուստները Էրդողանը փորձում է կոմպենսացնել ազգայնական ոլորտում՝ Սիրիայում և Իրաքում քրդերի դեմ ակտիվ ռազմական գործողություններով: Նա այսպիսով փորձում է իր շուրջը միավորել ազգայնական տրամադրություն ունեցող քաղաքացիներին:

Չնայած նշված իրողություններին, հարցումների համաձայն, ընտրողների շուրջ 46 տոկոսը պատրաստվում է իր քվեն Էրդողանին տալ: Այդքանը, սակայն, լիակատար հաղթանակի համար բավարար չէ:

Էրդողանի մրցակիցները

Նախագահական ընտրությունների թեկնածուներն են գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեն, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Սելահաթթին Դեմիրթաշը, «Վաթան» («Հայրենիք») կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը և «Սաադեթ» («Երջանկություն») կուսակցության ղեկավար Թեմել Քարամոլլաօղլուն:

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում սատարելու է նախագահ Էրդողանի թեկնածությունը:

Նախագահի աթոռի համար պայքարում Էրդողանի հիմնական մրցակիցը Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մուհարեմ Ինջեն է: Ըստ հարցումների՝ նա վայելում է ընտրողների շուրջ 20-30 տոկոսի համակրանքը: Ինջեն, որ իրեն ներկայացնում է որպես շարքային թուրքերի շահերի պաշտպան, իր քարոզարշավի ընթացքում կիլոմետրեր է քայլել, խոտ է հնձել գյուղացիների հետ, ճաշել շարքային քաղաքացիների հետ և այլն: Նրա կարգախոսն է՝ Թուրքիային նոր մարդիկ են պետք:

«Էրդողանը սպիտակ օձիքավոր թուրքերի շահերն է ներկայացնում, ես՝ շարքային մարդկանց, էրդողանն ապարանքից է, ես՝ աղքատների կողմից, նա ստատուս քվոյի կողմնակից է, ես՝ բարեփոխումների»,- իր ելույթներում հայտարարել է Թուրքիայի նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն:

Այս ընտրություններն ուշագրավ են նաև այն հանգամանքով, որ առաջին անգամ նախագահի աթոռի համար պայքարող թեկնածուն բանտում է: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշն արդեն երկու տարի բանտում է, նրա դեմ բազմաթիվ քրեական գործեր են հարուցված Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու, ահաբեկչություն քարոզելու և այլ մեղադրանքներով, որոնցով նրան սպառնում է մինչև 142 տարվա ազատազրկում: Բայց քանի որ Դեմիրթաշի նկատմամբ դատավճիռ դեռևս կայացված չէ, նա կարողացել է գրանցվել ու մասնակցել ընտրություններին որպես թեկնածու: Դեմիրթաշն իր ընտրապայքարը վարում է բանտից՝ կարճատև հեռախոսազրույցներով, սոցիալական ցանցերում հեռարձակվող ասուլիսներով ու նամակներով: Իհարկե, Դեմիրթաշը, որպես թեկնածու, ֆավորիտների շարքում չէ: Սակայն նրա 10-13 տոկոսանոց ընտրազանգվածը կարող է որոշիչ նշանակություն ունենալ ընտրությունների երկրորդ փուլում: Թերևս այս հանգամանքն է պատճառը, որ նախագահի աթոռի համար պայքարող ընդդիմադիր թեկնածուները իշխանություններին կոչ են անում ազատ արձակել Դեմիրթաշին:

Ընտրապայքարը ոչ թե հանուն, այլ ընդդեմ գաղափարախոսությամբ

Ներկա ընտրապայքարն առանձնանում է նրանով, որ ընդդիմադիր ուժերը պայքարում են ոչ թե հանուն ինչ-որ գաղափարի, այլ ընդդեմ Էրդողանի բռնապետության: Էրդողանի դեմ ուղղված պայքարը հնարավորություն է տվել ընդդիմադիրներին միավորվելու՝ չնայած գաղափարական տարբերություններին: Ընդդիմադիր ուժերի դաշինքը ստացել է «Ազգի դաշինք» անվանումը: Ուշագրավ է, որ դաշինքով է հանդես գալիս նաև Էրդողանի կուսակցությունը՝ «Ժողովրդական դաշինք» անվամբ:

Եթե ընդդիմադիր ուժերը կարողանան Էրդողանին զրկել մեծամասնությունից խորհրդարանում, ապա նրա «սուպերնախագահական լիազորությունների» երազանքն անկատար կմնա, քանի որ նրա որոշումները չեն ունենա խորհրդարանի աջակցությունը: Պատահական չէ, որ Էրդողանի շրջապատից կարծիքներ են հնչում, որ խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ի մեծամասնություն չունենալու դեպքում արդյունքները չեղյալ կհայտարարվեն և նոր ընտրություններ կնշանակվեն: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ նման բան Թուրքիայում արդեն տեղի է ունեցել:

Ընտրությունները՝ «դաս Արևմուտքին»

Էրդողանը, որ երկրի բոլոր խնդիրների համար մեղադրում է արտաքին ուժերին, երկրի բնակչությանը կոչ է արել ակտիվ մասնակցել ընտրություններին ու դաս տալ Արևմուտքին: «Արևմուտքը սպասում է հունիսի 24-ին: Ի՞նչ ակնկալիքներ ունեն այնտեղ. նրանք սպասում են Էրդողանի տապալմանը: Արդյոք մենք պատրա՞ստ ենք Արևմուտքին մի լավ դաս մատուցելու»,- դիմելով Ստամբուլում կազմակերպված նախընտրական հանրահավաքի մասնակիցներին՝ ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նաև խոստացել է վերացնել 2016-ի հուլիսի 15-ից գործող արտակարգ դրությունը, եթե իրեն ընտրեն նախագահ: Նա, սակայն, նաև շեշտել է, որ հարկ եղած դեպքում նորից արտակարգ դրություն կհայտարարվի:

Վերլուծաբանների կարծիքով՝ ներկայում գործող արտակարգ դրությունը թուրքական իշխանությունները կօգտագործեն ընտրախախտումներ իրականացնելու, օրենքը շրջանցելու համար: Բռնությունների և ընտրակեղծարարությունների մեծ վտանգ կա հատկապես քրդաբնակ շրջաններում:

Էրդողանի քաղաքականությունը և Հայաստանը

Թուրքագետների կարծիքով՝ Էրդողանի վերընտրվելու դեպքում հայ-թուրքական հարաբերություններում կտրուկ շրջադարձեր չեն սպասվում: Էրդողանն իշխանությունում է արդեն 16 տարի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: