Հայերեն   English   Русский  

Անգամ կես տոկոսի կրճատումը կարող է ողբալի հետևանքներ ունենալ, մանավանդ եթե գտնվում ես անկայուն հավասարակշռության վիճակում. Սամվել Հարությունյան


  
դիտումներ: 8829

Գիտության ոլորտի խնդիրների և առաջնահերթությունների մասին է «Անկախը» զրուցել է Գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) նախագահ Սամվել Հարությունյանի հետ: Նա օրերս վերանշանակվել է ԳՊԿ նախագահի պաշտոնում:

- Պարոն Հարությունյան, ԳՊԿ քաղաքականությունը և գործունեությունը նոր կառավարության և կառավարության նոր ծրագրի պայմաններում ի՞նչ փոփոխություններ է կրելու և փոփոխվելո՞ւ է արդյոք:

- ԳՊԿ ստեղծման օրվանից ընդունվել են բազմաթիվ փաստաթղթեր: Ամենակարևորը, թերևս, ընդունվել է 2007-ի գարնանը, երբ դեռ ԳՊԿ գոյություն չուներ, չնայած դրա վրա մենք աշխատել ենք: Կոչվում էր «Գիտության բարեփոխման հայեցակարգային դրույթներ» և նախանշում էր, թե մինչև 2020-ական թվականներն ինչ պետք է արվի: Փաստաթղթղով նախատեսվում էր, որ խիստ անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ և այնպես անել, որ հայաստանյան գիտությունը վերադառնա իր նախկին համբավին:

1988-ի տվյալներով՝ Հայաստանում աշխատում էր 33 հազար գիտնական: 2000-ական թվականներին Հայաստանում գիտնականների թիվը մոտավորապես 7 հազար էր: Հիմա մաքուր գիտությամբ զբաղվողների թիվը մոտավորապես 4.5 հազար է, մոտ 2.5 հազար էլ գիտության հետ առնչվող հաստիքներ կան՝ պահակ, հավաքարար, տեխնիկ և այլն: Գիտության ոլորտում ներգրավված մարդկանց թիվն այս տարիներին մոտ 5.5 անգամ պակասել է, բայց մինչև 2007-ը կառուցվածքային որևէ լուրջ փոփոխություն չէր եղել, և Հայաստանում մոտավորապես նույն սխեմայով էր գիտության ոլորտն ընթանում, ինչ խորհրդային ժամանակներում:

Երբ կոմիտեն ստեղծվեց 2007-ի վերջին` գիտության բյուջեն շատ փոքր էր: 2008-ին կարծեմ 6.5 մլրդ դրամ էր, հիմա 14.2 մլրդ է, այսինքն՝ ավելի քան երկու անգամ բյուջեն աճել է: Սա շա՞տ է, թե՞ քիչ: Իհարկե քիչ է: Եթե միջին եվրոպական չափանիշներով նայենք, նորմալ զարգացման համար գիտության ֆինանսավորումը ՀՆԱ-ի 0.6 տոկոսից ցածր չպետք է լինի, որովհետև դրանից ցածր բյուջեի պարագայում գիտության ոլորտում ինքնավերարտադրում չի լինում, աստիճանաբար մարում է գիտությունը: Մեզ մոտ աճ եղել է և՛ բացարձակ թվով, և՛ ՀՆԱ-ի տեսանկյունից, բայց դա շատ քիչ է: Մենք գիտության ինքնավերարտադրման խնդիր ունենք, այսօր այդ հարցը մեզ մոտ շատ սուր է դրված:

Խորհրդային տարիներին 35-55 տարիքային խումբը գիտնականների 50 տոկոսից ավելին էր կազմում, 65 տարեկանից բարձրների տեսակարար կշիռը 5-6 տոկոս էր: Հիմա խայտառակ պատկեր է: 35-55 տարեկան հատվածում ունենք շատ տխուր պատկեր, այդ տիրույթում մարդկանց թիվը գնալով պակասում է, պատճառը ցածր ֆինանսավորումն է: Եթե այդ տիրույթը կորցնենք` ողբերգություն է լինելու:

Տարբեր ծրագրեր ենք իրականացնում երիտասարդների համար: Արդյունքում երիտասարդ գիտաշխատողների թվաքանակն ընդհանուրի մեջ 20-25 տոկոս է կազմում: Բայց երիտասարդները գիտության մեջ մնում են մինչև 35-36 տարեկան: Հետո, երբ սկսում են լավ-լավ հոդվածներ տպագրել, դառնում են գայթակղիչ արտերկրի լաբորատորիաների համար, և այս մարդկանց հրավիրում են աշխատանքի շատ բարձր աշխատավարձով: Բնականաբար, ընտանիքի խնդիրները հոգալ հնարավոր չէ 110 հազար դրամով, ուստի թողնում ու գնում են: 35-55 տարիքային միջակայքում գիտնականների թիվը կազմում է 10-12 տոկոս, մինչդեռ 50 տոկոս պետք է կազմեր: Իսկ 65 տարեկանից բարձր գիտնականների թիվը մեզ մոտ 30 տոկոսից ավելի է: Եթե պետական լուրջ մոտեցում չլինի, մենք մեծ խնդիր ենք ունենալու:

Այո, երիտասարդների խնդիրը կարծես թե լուծեցինք, բայց այլ խնդրի առաջ կանգնեցինք. բարձր մակարդակի երիտասարդները թողնում ու գնում են: Մարդկանց ստիպողաբար չենք կարող պահել, ուստի պետք է պայմաններ ստեղծենք, որ մնան:

Մի սխեմա ենք մտածել, որը քննարկվեց նախորդ կառավարության օրոք, բայց չհասցրեցին ընդունել: Հույս ունեմ, որ Փաշինյանի կառավարությունն այն կընդունի, քանի որ հրատապ է: Մենք առաջարկում ենք ընդունել «Գիտության երիտասարդացման ծրագիր»: Ճիշտ է, տարբեր փաստաթղթերով իրականացվում է, բայց որպես համապարփակ ծրագիր չի ընդունվել մի շարք պատճառներով:

Երիտասարդներին Հայաստանում պահելու երկու տարբերակ կա: Առաջին՝ բարձրացնել աշխատավարձերը: Դա ամենահեշտ տարբերակը կլիներ, եթե գումարներ ունենայինք և մեր պետությունը մի փոքր հարուստ լիներ: Բայց դա այսօր անհնար տարբերակ է:

Մյուս տարբերակն է՝ մոտիվացնել երիտասարդներին, որ իրենք հեռանկար կունենան, եթե մնան: Օրինակ՝ ինձ համար ժամանակին այդ մոտիվացիան գործել է: Ինքս աշխատում էի Իտալիայում՝ Ֆլորենցիայի համալսարանում և բավականին բարձր աշխատավարձ էի ստանում:

Երիտասարդին պետք է համոզես, որ եղբայր, եթե լավ աշխատես, կդառնաս լաբորատորիայի վարիչ, ինստիտուտի տնօրեն: Դրա համար առաջարկում ենք, որ թոշակի անցնելուց հետո էլ գիտնականը ստանա գիտական աստիճանի համար տրվող հավելավճարը: Եթե թոշակին գումարվի 50 հազար դրամ` մարդկանց մեծ մասը հաճույքով կգնա թոշակի: Մենք նույնիսկ համաձայն ենք, որ գիտության բյուջեից այդ գումարը տանք: Մեր հաշվարկներով՝ 65 տարեկանից բարձր շուրջ 2200 գիտաշխատող կա, եթե նրանց կեսը գնա թոշակի, կխնայենք մոտ 2 մլրդ դրամ աշխատավարձային ֆոնդ, որով կարելի է երիտասարդների աշխատավարձը բարձրացնել:

Մյուս դրույթն այն է, որ 70-ն անց մարդիկ պետք է վարչական պաշտոններ չզբաղեցնեն: Դա ամբողջ աշխարհում ընդունված մոտեցում է: Բայց չենք ասում, որ իրավունք չունեն աշխատելու: Խնդրեմ, թող աշխատեն որպես գիտական խորհրդական:

Բայց միայն այսքանով չէ, որ սահմանափակվելու ենք:

Մյուս խնդիրն այն է, որ մեծ թիվ են կազմում մոտ մասնագիտություններով գիտական հիմնարկները: Ունենք օպտիմալացման և հիմնարկների ֆինանսավորման ռեյտինգային բաշխման կարիք: Հիմնարկները պետք է ֆինանսավորվեն ըստ իրենց տված գիտական արդյունքների: Բոլոր ինստիտուտների յուրահատկությունները հաշվի են առնվելու: Հույս ունեմ, որ ռեյտինգավորման արդյունքում 80-ից ավելի գիտահետազոտական հիմնարկներից կմնա 40-45 հիմնարկ: Դա ամենևին չի նշանակում, որ մարդկանց կրճատում է լինելու: Ոչ, հակառակը, մենք ուզում ենք նոր երիտասարդների ներգրավել:

- Ձեր վերանշանակումը գիտական շրջանակներում թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքներ ունեցավ: Հնչեցին կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ մեղադրանքները, որքանո՞վ են դրանք հիմնավորված:

- Ես փիլիսոփայորեն եմ վերաբերվում դրան: Մենք հիմա հասել ենք անկախ փորձագիտական համակարգի կիրառման: Այսինքն՝ խորհրդային ժամանակների հավասար բաշխման սկզբունք մեզ մոտ գոյություն չունի: Մեր անկախ փորձաքննական համակարգը արևելյան գործընկերության երկրներում ճանաչվել է լավագույնը, և շատերը մեր փորձն օգտագործում են:

Մենք գիտական ծրագրերի հայտերի ընդունումն իրականացնում ենք օն-լայն, երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն: Մեր գիտնականներից կազմված փորձագետների բազա ունենք, որտեղ մոտ 800 ակտիվ մասնագետներ են ընդգրկված: Արտերկրից մոտ 500 հայ և օտարերկրյա հեղինակավոր փորձագետներ ունենք: Փորձագետների ընտրությունն իրականացվում է համակարգչի միջոցով: Մենք փորձաքննություն չենք իրականացնում, մենք ընդամենը կազմակերպում ենք: Յուրաքանչյուր ոլորտում ունենք խորհուրդ, որի դերը փորձագետների գնահատականների վերլուծությունն է: Խորհրդի կարևոր դերակատարումն այն է, որ թիմին է գնահատական տալիս, որն էլ պայմանավորված է թիմի գիտաչափական տվյալներով:

Բողոքողների մեծ մասը նախկին փտած սովետական համակարգին սովոր մարդիկ են, հավասար բաշխման սկզբունքի պայմաններում նրանցից ամեն մեկն իր փայը թռցնում էր: Հիմա թող բարի լինեն և միջազգային ստանդարտներին բավարարեն, որպեսզի գրանտներ ստանան: Չեմ ասում, թե համակարգն իդեալական է: Փորձաքննությունն իրականացնում է մարդը, իսկ նա շնչավոր սուբյեկտ է, ռոբոտ չէ, և բնականաբար սուբյեկտիվ գործոնը կա: Բայց մենք այնպես ենք արել, որ սուբյեկտիվ գործոնը հասնի նվազագույնի:

Մարդիկ կարծում են՝ եթե նույն մարդը երեք անգամ գրանտ է շահել, ուրեմն Հարությունյանը կոռումպացված է: Բա լավ գիտնականը միշտ էլ պետք է շահի: Շահողների 70-75 տոկոսն են համընկնում և դա բնական է: Եթե այդպես չլիներ, կմտածեի, որ համակարգում խնդիր կա:

- Կոռուպցիոն մեղադրանքներում հնչում են նաև ԳՊԿ նախկին աշխատակիցների անուններ: Ի՞նչ եք անում, որ նման միջադեպերը չկրկնվեն:

- Նախկինում ինքս էլ եմ լսել նման բաներ: Չեմ ուզում ազգանուններ տալ: Այդ մարդիկ չեն աշխատում այստեղ, հեռացվել են: Ավելին, ունեցել եմ աշխատակազմի մի քանի ղեկավարներ, որոնցից մեկին, օրինակ, ուղարկել էին այստեղ, որ պարզեր՝ կոռուպցիոն սխեմաներ գործում են, թե ոչ: Բայց այդ երիտասարդը, պարզվեց, եկել էր փող աշխատելու: Հիասթափվեց և թողեց գնաց, որովհետև ես իրեն խստորեն զգուշացրեցի:

Հույս ունեմ, որ այսօր կոմիտեի ներսում նման մարդիկ գոյություն չունեն: Եթե հանկարծ իմանամ` բնականաբար նույն բախտին են արժանանալու, ինչ նախկինները, որոնց վերաբերյալ ինչ-որ կասկածներ եմ ունեցել:

- Պարո՛ն Հարությունյան, Դուք դրական ներկայացրեցիք փորձաքննության համակարգը: Սակայն գիտնականները դժգոհում են, որ փորձաքննությունը, այնուամենայնիվ, սուբյեկտիվ է: Ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի լուծումը:

- Աշխարհում չկա մի երկիր, որտեղ եթե մարդը փորձաքննություն է իրականացնում, այդ սուբյեկտիվ գործոնը չկա: Խնդիրը սուբյեկտիվ գործոնը նվազեցնելն է: Մենք ի՞նչ ենք անում. հայտատուներին, օրինակ, ասում ենք՝ նշեք այն երեք մարդկանց անունները, որոնք չէիք ուզենա, որ գնահատեին ձեր ծրագիրը: Նաև, եթե ես տեսնում եմ, որ որևէ փորձագետ բարձրագույն բալեր շատ է նշանակում, իրեն նոր աշխատանք էլ չեմ տալիս: Փորձաքննությունը գաղտնի գործընթաց է: Եթե պարզվի, որ որևէ փորձագետ հայտատուի հետ կապվել է` այդ մարդն անմիջապես դուրս է մնում համակարգից: Արել ենք այն, ինչ հնարավոր է անել: Բայց սուբյեկտիվիզմը հարյուր տոկոսով հնարավոր չէ չեզոքացնել: Փորձագիտական համակարգը բավականին երկար ժամանակում հղկվող համակարգ է: Ձեզ թվում է Միացյալ Նահանգներում սուբյեկտիվիզմ չկա՞: Կա, բայց քանի որ այնտեղ համակարգը երկար տարիներ գործում է, արդեն դարձել է նորմալ համակարգ: Հայաստանում այս համակարգը դեռ ընդամենը երեք անգամ է կիրառվել: Եթե սպասենք մի քանի տարի` նորմալ արդյունք կունենանք:

- Իսկ ծրագրե՞րը, որոնք պետական գաղտնիք են պարունակում:

- Մենք ունենք ներքին փորձագետներ, որոնք պետական գաղտնիք պարունակող ծրագրերի հետ աշխատանքի իրավունք ունեն, սահմանափակ թվով մարդիկ են: 100-120 մարդ ունենք, որոնք ռազմական արդյունաբերության մեջ աշխատելու փորձ ունեն:

- ԳՊԿ-ն վերջին տարիներին մի շարք վիճահարույց որոշումներ է ընդունել, ինչպես, օրինակ՝ դրամաշնորհային ծրագրի ղեկավարի տարիքային սահմանափակումը, նվազագույնից ցածր աշխատավարձ ստացող գիտաշխատողներին գիտական հավելավճարներից զրկելը և այլն: Կարո՞ղ են արդյոք այդ որոշումները չեղարկվել:

- Դրանք արդարացված որոշումներ են և շատ լավ գործում են: Մենք հետողորմյա չենք անում: Մեր բոլոր որոշումները երկար մտածված, կշռադատված որոշումներ են:

- Ասացիք, որ ֆինանսական միջոցներ են հարկավոր երիտասարդներին գիտությունում պահելու համար: Նոր կառավարության ծրագրում էլ ֆինանսավորումն ավելացնելու մասին կետ կա: Սակայն հայտնի է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագրով գիտության ֆինանսավորումը նախատեսվում է առաջիկա տարիներին կրճատել: Այս հակասությունն ինչպե՞ս է լուծվելու:

- Միջնաժամկետ ծրագիրը նախորդ կառավարությունն էր ներկայացրել: Ես համարյա համոզված եմ, որ հաջորդ տարի գիտության բյուջեն կավելանա: Ինչքան կավելանա՝ դժվարանում եմ ասել, բայց հաստատ կավելանա:

Անցած տարվա 7 տոկոս կրճատումը որ եղավ, հետագայում այդ 7 տոկոսը գումարվեց ռազմականին, և արդյունքում գիտության բյուջեն մնաց նույնը, բայց իրականում բազային ծրագրերի յոթ տոկոս կրճատում եղավ: Դրա հետևանքով մոտ 250 երիտասարդ աշխատանքի չընդունվեց: Դա կոպտագույն սխալ էր: Ես այդ մասին գրավոր տեղեկացրել եմ վարչապետին: Չէր կարելի նման բան անել: Պետությունը փող է ծախսել, այդ երիտասարդին դարձրել մասնագետ, և հետո այդ մարդուն սկուտեղի վրա մատուցում ենք եվրոպացիներին, ամերիկացիներին: Չգիտեմ, թե կրթության և գիտության ոլորտում կրճատում անողներն ինչպես են մտածում: Սրանք ոլորտներ ենք, որոնք շատ զգայուն են: Անգամ կես տոկոսի կրճատումը կարող է ողբալի հետևանքներ բերել, մանավանդ եթե գտնվում ես անկայուն հավասարակշռության վիճակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: