Հայերեն   English   Русский  

Հայաստանի հետ վիզայի դյուրացման ու ռեադմիսիայի գործընթացը հաջող է իրականացվում. Մոգերինի


  
դիտումներ: 715

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ,

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին դրական է գնահատել Հայաստանի հետ վիզայի դյուրացման ու ռեադմիսիայի գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտարարել է հունիսի 21-ին՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Մենք քննարկել ենք մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցը ԵԽ-ում երկխոսության ժամանակ: Ես գիտեմ, թե որքան կարևոր է սա ոչ միայն կառավարության, այլև այդ երկրի քաղաքացիների համար, ես դա ամբողջովին հասկանում եմ:

Ինչպես գիտեք, մենք ունենք երկու տարբեր փուլեր: Այսօր մենք քննարկել ենք մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի կիրառման հարցը: Սրանք տեխնիկական պահանջներ են, որոնք անհրաժեշտ են հաջորդ քայլին անցնելու համար: Այդ տեխնիկական նախապայմանները ավելի ուշ կհանգեցնեն վիզայի ազատականացման հարցի շուրջ երկխոսության, որի վերջնական նպատակն է առանց վիզային ռեժիմի հաստատումը»,- նշել է նա:

Մոգերինին հայտարարել է, որ Հայաստանի հետ վիզայի դյուրացման ու ռեադմիսիայի գործընթացը հաջող է իրականանում: «Մշտապես կան բարելավման եզրեր, մենք քննարկել ենք դրանք: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ դա մեր համագործակցության համար դրական ոլորտ է»,- ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը, ով արդյունավետ է որակել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: