Հայերեն   English   Русский  

​Սահմանին կողմերի «փաստարկներն» են փոխվել


  
դիտումներ: 7370

Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախակի է խոսվում հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանին լարվածության աճի, Ադրբեջանի կողմից զորքերի ու ռազմական տեխնիկայի կուտակումների, պատերազմի իրական սպառնալիքների մասին: Այս թեմայի շուրջ «Անկախը» զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:

- Պարո՛ն Մելիք-Շահնազարյան, Ձեր դիտարկմամբ, ներկայումս հայ-ադրբեջանական ու արցախա-ադրբեջանական սահմանին ի՞նչ իրավիճակ է ստեղծվել:

- Սահմանի ողջ երկայնքով մենք, ըստ էության, լարվածություն ենք տեսնում և հակառակորդի կողմից կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կուտակում: Կարելի է ասել, որ ադրբեջանական բանակը բերված է մարտական պատրաստվածության վիճակի: Սահմանի տարբեր հատվածներում մշտական լարվածություն առաջացնելով, որոշակի գործողություններ անելով՝ ադրբեջանական կողմը ստիպում է, որ նույն իրավիճակում պահվեն նաև հայկական զինված ուժերը: Ընդ որում, Ադրբեջանը, ըստ էության, իր գործողություններով ցույց է տալիս, որ որպես մարտական գործողությունների հնարավոր դաշտ չի տեսնում միայն Արցախի հետ սահմանը, այլև ՀՀ հետ սահմանն է որպես այդպիսին դիտարկում: Կարծում եմ, որ նման գործողությունների գլխավոր նպատակներից մեկը հայկական զինված ուժերի տեղաշարժը սահմանափակելն է: Այսինքն՝ Արցախում պատերազմական գործողությունների վերսկսման պարագայում թույլ չտալ Հայաստանի Հանրապետությունից մեծ քանակության զորք տեղափոխել Արցախ:

- Նկատի ունեք Նախիջևանի ուղղությամբ լարվածության մեծացո՞ւմը:

- Այո՛, առաջին հերթին լարվածությունը Նախիջևանի հետ սահմանագծին, որտեղ երկու կողմերը փորձել են իրենց դիրքերը բարելավել, բայց այդ բարելավելու ընթացքում այնքան է ընդհանուր իրավիճակը սրվել, որ արդեն պարզ է ու հասկանալի, որ այդ հատվածում սահմանը պետք է շատ ամուր պահել, և այնտեղից զորքեր տեղաշարժելու հնարավորությունները շատ քիչ են: Այսինքն, ըստ էության, եթե փորձենք բնութագրել ընդհանուր իրավիճակը, դա այսպես ասած նախապատերազմական իրավիճակ է, որտեղ երկու կողմից էլ զորքը թե՛ ֆիզիկապես, թե՛ նյութապես, թե՛ հոգեպես պատրաստ է պատերազմի և սպասում է համապատասխան ազդակների: Քաղաքական, թե այլ կարգի ազդակներ` արդեն այլ հարց է: Բայց ռազմական առումով ամեն ինչ պատրաստ է պատերազմի:

- Հնարավոր չե՞ք համարում, որ Ադրբեջանը, կապված Հայաստանում ու Արցախում ներքին իրավիճակի փոփոխությունների, զարգացումների հետ, ինչ-որ կանխագելիչ զորաշարժեր է անում՝ փորձելով, այսպես ասենք, ապահովագրվել իր համար անցանկալի հետևանքներից:

- Ո՛չ, ես կարծում եմ, որ խնդիրը կանխարգելիչ քայլերը չեն Ադրբեջանի կողմից, քանի որ նրանք շատ լավ հասկանում են, որ հայկական կողմը նախահարձակ չի լինելու: Բայց երկու կարևորագույն հանգամանք կա, որ պետք է հաշվի առնել: Առաջին՝ լարվածություն առաջացնելով սահմանին՝ որոշակի ցայտնոտային իրավիճակ ստեղծել նաև հայկական ներքին, ներքաղաքական զարգացումներում ու ստիպել հայկական իշխանություններին ավելի արագ գործել ու սխալվել, շատ երկար չմտածել գործողությունների, կադրերի վրա և այլն: Այսինքն՝ փոփոխությունները բանակում սխալ անել և ստիպել գնալու իրավիճակային որոշումների ու գործողությունների: Եվ երկրորդը, որ կարծում եմ նույնպես պետք է հաշվի առնել, ըստ էության սկսվելու է բանակցային նոր գործընթաց: Բոլորս հասկանում ենք, որ պաշտոնական Երևանը նոր դիրքորոշում է հայտնել, բացի դրանից, պարզ է, որ ինչ-որ մի պահից սկսած՝ նոր ղեկավարը նոր մոտեցումներով պետք է հանդես գա, և նրանք ուզում են այդ բանակցությունները սկսել ռազմական ճնշման գործոնի առկայության պարագայում: Այսինքն՝ սկզբում որոշակի ճնշում գործադրեն, սպառնալիքներ ստեղծեն, որպեսզի հայկական կողմը հրաժարվի իր նախկին դիրքորոշումներից ու ընկճվածության դիրքերից հանդես գա նոր բանակցային գործընթացում:

- Այդ դեպքում Հայաստանի ու Արցախի ներքաղաքական իրադարձություններն ու զարգացումները ստեղծված իրավիճակին արձագանքելու տեսանկյունից ինչպիսի՞ դրսևորում կունենան:

- Ցավոք սրտի, պիտի նշեմ, որ մեր հանրությունը ներկայումս ավելի շատ ուշադրությամբ հետևում է ներքին զարգացումներին, քան արտաքին սպառնալիքներին: Ընդ որում, երբ խոսվում է արտաքին սպառնալիքների մասին, հանրությունը դա ընկալում է որպես ներքաղաքական շահարկումների թեմա, այլ ոչ որպես իրական վտանգ: Հետևաբար, իհարկե չէի ասի, թե հասարակությունը հոգեբանորեն լիարժեք ընկալում է այն իրողությունները, որոնք կան մեր սահմանին: Ես կարծում եմ, որ այսօր պատերազմի իրական սպառնալիքի հետ կապված գնահատականները հասարակության շրջանում ադեկվատ չեն, և ավելի ցավալին այն է, որ իշխանությունները չեն էլ փորձում նախապատրաստել հասարակությանը նման զարգացումներին:

- Բայց պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը Դուք ռեա՞լ եք համարում:

- Այո՛, այդ զարգացումները հնարավոր են: Ավելի քան համոզված եմ, որ փոքրիկ հաղթանակ կամ հաջողություն ցույց տալու հնարավորության պարագայում անգամ Ալիևը ոչ մի վայրկյան չի վարանելու և անելու է այդ քայլը: Որովհետև Ադրբեջանի հասարակության մեջ էլ որոշակի սպասելիքներ կան ձևավորված, նաև մեր զարգացումների ֆոնին այնտեղ էլ որոշ շերտեր կարծում են, որ նույն ճանապարհներով հնարավոր է որոշակի փոփոխությունների հասնել: Եվ բոլոր նման մտածողներին չեզոքացնելու, իր քաղաքականության ճշմարտացիությունն ապացուցելու համար Ալիևին այսօր փոքրիկ հաղթանակն օդ ու ջրի պես պետք է: Դրա օրինակը մենք տեսանք նախիջևանյան զարգացումներից, երբ մեծ հաշվով ոչ կարևոր ձեռքբերումները նրանք այնպես ներկայացրին, կարծես Հայաստանի Հանրապետության տարածքի մի կեսը գրավել են, մյուս կեսի վրա էլ վերահսկողություն են հաստատել: Այսինքն՝ երևում է, որ իրենց դա է պետք, և քանի դեռ չկա ռազմական իրական հաջողություն, քարոզչական դաշտում նրանք դա այնուամենայնիվ նկարում և ցույց են տալիս:

- Իսկ Ադրբեջանի ներքին զարգացումները, հետընտրական գործընթացները չե՞ն կարող պատճառ լինել առաջնագծում էսկալացիայի արհեստական ավելացման: Միգուցե Ալիևն այդպե՞ս է փորձում Ադրբեջանի հասարակության ուշադրությունը քաղաքական ասպարեզից տեղափոխել դեպի առաջնագիծ:

- Ադրբեջանում էլ են, ըստ էության, ծավալվում հետընտրական պրոցեսներ. Այո՛, Ալիևը շատ «վստահ» հաղթանակ տարավ, բայց բոլորը գիտակցում են, թե դա ինչ ճանապարհներով կերտված հաղթանակ է, ու այո՛, Ադրբեջանի հասարակության մեջ նույնպես դժգոհություններ կան: Բայց ասեմ, որ մինչ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ես վստահ էի, որ պատերազմի սպառնալիքի միջոցով ներքին հարցեր լուծելու ռեսուրսը Ալիևի համար սպառված է: Նախ՝ որովհետև Ադրբեջանի հասարակությունն ինքն էլ է հոգնել մշտական լարվածությունից, նաև այն պատճառով, որ այդ լարվածությունն անհետևանք չի անցնում, նրանք մշտապես կորուստներ են ունենում և չեն հասկանում դրա պատճառը: Այսինքն՝ տարիներ շարունակ կարդալ ու լսել պատերազմ սկսվել-չսկսվելու վերաբերյալ, արդեն հոգնեցնում է ու ինչ-որ առումով սովորական է դառնում, դրանով հասարակության ուշադրությունը շեղել այնքան էլ չի ստացվի: Երկրորդն այն հանգամանքն է, որ Ալիևը տեսնում էր, որ իր ամեն սադրանքը հայկական կողմի դիրքորոշման խստացմանն էր հանգեցնում, և գնալով հայկական կողմի դիրքորոշումն ավելի ընկալելի էր դառնում միջազգային հանրության համար: Այսինքն՝ հասկանալի էր, որ այդ սադրանքները, քաղաքական առումով, անհետևանք չեն անցնում: Հիմա իրավիճակ է փոխվել, ու Ադրբեջանը, այո՛, կարողանում է սադրանքների գնալ, ու հայկական կողմը նախկինի պես չի կարողանում դա գործոն դարձնել միջազգային հանրության հետ հարաբերություններում, ինչի հետևանքով Ալիևն իր գործողություններում որոշակի «ազատություն» է ստացել: Բայց իր հասարակության ներսում խնդիրներ լուծելու տեսանկյունից դա այնքան էլ չի գործում, որովհետև սպասումներ է ձևավորում ու ինքն էլ է հասկանում, որ վաղ թե ուշ այդ սպասումները պետք է արդարացնի: Իսկ արդարացնելու մեխանիզմներն այդքան էլ հեշտ չէ պատկերացնելը:

- Այս ամենի համատեքստում խոսենք նաև Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի և սպառազինությունների վերջին ձեռքբերումների մասին: Նկատի ունեմ ավելի հեռահար ու ավելի տեխնոլոգիական սպառազինությունները: Դրանք որքանո՞վ են ազդում իրավիճակի վրա, ինչպե՞ս են փոխում ռազմական հավասարակշռությունը:

- Ես կարծում եմ, որ իրավիճակը փոխվել է մի քանի տարի առաջ, երբ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը ձեռք բերեցին բավականին ուժեղ ու ավելի հեռահար հրթիռային համակարգեր ու զինատեսակներ, դրանցով թիրախավորեցին հակառակորդի հասարակության ավելի լայն շրջանակներ, քան նախկինում էր: Այսինքն՝ արդեն պարզ է, որ միայն «Գրադ» կայանքները չեն, որ գործելու են հնարավոր պատերազմի ժամանակ, այլ գործելու են ավելի հեռահար համակարգեր: Այս առումով գլոբալ կոնֆլիկտի բնույթը փոխվել է: Հասկանալի է, որ լայնամասշտաբ պատերազմ սկսելու դեպքում մեծ զոհերից խուսափել հնարավոր չի լինի: Սա նշելիս չի կարելի չշեշտել, որ նույն Ադրբեջանի համար դա ավելի մեծ վտանգ է, քանի որ զուտ Արցախի Հանրապետության սահմանին հնարավոր զարգացումների դեպքում սահմանի մեր կողմում մոտ 100-150 հազար հոգի կարող է թիրախավորվել Ադրբեջանի կողմից, իսկ իրենց կողմից միլիոններ են: Իրենք էլ շատ լավ գիտեն, որ եթե սկսեն հարվածներ հասցնել մեր բնակավայրերին ու խաղաղ ազգաբնակչությանը, ապա հայկական կողմն էլ հեշտությամբ կարող է հարվածել, օրինակ, Գանձակին և այլն: Այդ տեսակետից ես կասեի, որ ոչ թե իրավիճակն է փոխվել, այլ լրացուցիչ «փաստարկներն» են փոխվել: Երկու կողմերն էլ ներկայումս տեխնիկապես հնարավորություն ունեն հարվածելու մյուս կողմի մայրաքաղաքին և այլն: Այսինքն՝ ընդամենը մի քիչ ավելի լայն զանգվածներ են ներգրավվում, բայց կրիտիկական առումով դա ոչինչ չի փոխում, իրավիճակն արդեն իսկ փոխված էր՝ ըստ էության:

- Ձեր կարծիքով՝ ստեղծված իրավիճակում ի՞նչ զարգացումների պետք է սպասել ու ի՞նչ անել:

- Ես կարծում եմ՝ առաջին խնդիրը, որ Հայաստանը պետք է լուծի, աշխատանքային հարաբերությունների հաստատումը կամ վերահաստատումը կամ վերականգնումն է թե՛ միջնորդ երկրների, թե՛ ընդհանրապես միջազգային հանրության հետ: ՀՀ նախկին իշխանությունը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու որոշակի առաքելություններ էր ստանձնել և անգամ որոշակի նախաձեռնություններով էր հանդես գալիս, որոնք համամարդկային նշանակություն ունեն: Օրինակ՝ ցեղասպանությունների դեմ պայքար ու կանխարգելում և այլն: Այսինքն՝ ստեղծել էր գաղափարական ինչ-որ ծրագիր, որի շրջանակներում հետաքրքիր էր Հայաստանի հետ շփվել, խոսել, որոշակի պայմանավորվածություններ ունենալ և այլն: Հիմա առաջին հերթին դա պետք է վերականգնել, որպեսզի ունենանք պատերազմը կանխելու միջազգային երաշխիքներ՝ թեկուզ և թույլ արտահայտված, ինչպես վերջին շրջանում էր, բայց այնուամենայնիվ ունենաք: Երկրորդը Թուրքիայի ակտիվությունը զսպելու հարցն է, որն այս պահին շատ կարևոր է: Մենք տեսնում ենք, որ օգտվելով թե՛ մեր ներքին խմորումներից, թե՛ ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածությունից, թե՛ տարբեր տարածաշրջանային իրողություններից՝ Թուրքիան հետզհետե գործոն է դառնում նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը տարիներ շարունակ զսպվել է տարբեր մեխանիզմներով, միգուցե Ցեղասպանության հարցի միջոցով, միգուցե այլ եղանակով, բայց ամեն դեպքում՝ զսպվել է: Հիմա այդ զսպումը չի երևում, ու Թուրքիայի ակտիվացումը մեր տարածաշրջանում մեզ համար շատ լուրջ ռիսկեր է պարունակում: Այսինքն՝ դիվանագիտական ճակատում շատ, շատ մեծ աշխատանք ունենք անելու, և այդ աշխատանքը պետք է տարվի ադեկվատ մոտեցումների պարագայում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: