Հայերեն   English   Русский  

Թե ինչպես մրցակիցները դարձան գործընկեր ու շահեցին


  
դիտումներ: 5464

Ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում մրցակցությունը զարգացման տանող հիմնական գործոններից է: Բայց մրցակցությունը նաև ենթադրում է անընդհատ լարվածություն և գումարների ու ռեսուրսների լրացուցիչ ծախս մրցակցային առավելություններ ձեռք բերելու համար, հոգեբանական ու ֆիզիկական գերլարում: Բայց ուշագրավ է, որ երբեմն մրցակիցները, ինչ-որ պահից սկսած, դադարեցնում են մրցակցությունն ու սկսում համագործակցել: Վերջերս բիզնեսի ավտոմատացման ծրագրեր ու լուծումներ առաջարկող երկու ընկերությունների հետ կապված նման պատմության ականատես եղանք: Երբեմնի մրցակիցներ «Մակիչյան Քընսալթինգ» և «Ռեսալ Սոֆտ» ընկերություններն արդեն մոտ մեկ տարի գործընկերներ են, համագործակցում են ու արդեն երկու համատեղ ծրագիր են իրականացրել:

2014 թ. հիմնված «Մակիչյան Քընսալթինգը» զբաղվում է բիզնեսի ավտոմատացման, մասնավորապես՝ հաշվապահական հաշվառման «Հայկական ծրագրերի» ստեղծած արտադրանքի ներդրմամբ ու սպասարկմամբ: Իսկ «Ռեսալ Սոֆտը» (Resal soft) հիմնադրվել է 2015 թ., գործում է Երևան և Գյումրի քաղաքներում: Կարճ ժամանակահատվածում ընկերությունը բիզնեսի ավտոմատացման ծառայություններ է մատուցել հայկական և արտասահմանյան տասնյակ կազմակերպությունների: «Ռեսալ Սոֆտը» մասնագիտացել է ընկերությունների բիզնես-պրոցեսների նախագծման և կառավարման, արտադրության ավտոմատացման համակարգերի ներդրման, 1c ծրագրավորման աշխատանքների և վաճառքի ցանցերի ավտոմատացման ուղղություններով:

«Սկզբում մրցակցում էինք, քանի որ երբ «Մակիչյան Քընսալթինգը» մտավ 1c-ի շուկա, նրանք և նման լուծումներ առաջարկող մյուս ընկերություններն արդեն այդ շուկայում գործում էին: Հիմնականում մենք ունեինք մեր 1c լուծումները, որ առաջարկում էինք, բայց քանի որ մեր հիմնական ուժեղ կողմը ՀԾ-ով լուծումներն են, մեր առաջարկած 1c-ով լուծումները զիջում էին իրենց որակով ու մակարդակով: Բայց մենք ունեինք ընդհանուր գործընկեր, որը ծանոթացրեց մեզ, մենք սկսեցինք շփվել իրար հետ ու հասկացանք, որ չպետք է մրցակցենք, այլ պետք է համագործակցենք: Որովհետև միասին ավելի ուժեղ ենք, լրացնում ենք իրար, միասին պրոյեկտներն ավելի լավ ենք անում, ավելի հաստատակամ ենք առաջ շարժվում ու ներկայումս իրար փոխլրացնելով գործում ենք»,- «Անկախին» ասաց «Մակիչյան Քընսալթինգ» ընկերության հիմնադիր և ղեկավար Գրիգոր Մակիչյանը:

Համագործակցությունը սկսվել է 2017 թ.՝ մոտ մեկ տարի առաջ: Արդեն հասցրել են իրականացնել երկու խոշոր համատեղ ծրագրեր, ևս երեքի ուղղությամբ աշխատանքներ են ընթանում: Միասին հիմնականում իրականացնում են խոշոր նախագծերը, երբ ամբողջական ցիկլով ավտոմատացում է պահանջվում:

Մենակ միշտ էլ դժվար է: Հատկապես այնպիսի ոլորտներում, որտեղ պետք են բարձր մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներ և գիտելիքներ, կարծես իրար լրացնելով առաջ են շարժվում: Երկու փոքր ընկերությունները, առանց իրենց դիրքերը, իրենց ուրույն գործունեությունը զիջելու, փաստորեն միավորել են իրենց ուժերը և այդպես արդեն ավելի խոշոր ընկերության արդյունք են տալիս:

«Օրինակ՝ «Ռեսալ Սոֆտը» չի զբաղվում հաշվապահական հաշվառման ավտոմատացմամբ, նրա ուղղությունն ավելի շատ կառավարչական, արտադրական ոլորտների, բջջային հավելվածներով ցանցերի կառավարումն էր, բայց համագործակցության շնորհիվ ունեցանք կոմպլեքս լուծումներ, նաև ընդգրկեցինք այս ծառայությունները: Այսինքն՝ հիմա երկուսով կարող ենք ցանկացած բիզնեսի առաջարկել ավելի լայն ծառայություններ, ու սպառողի համար ավելի հեշտ է միանգամից համալիր լուծումների գնալ»,- «Անկախի» հետ զրույցում նշեց «Ռեսալ Սոֆտ» ընկերության հիմնադիր Արտակ Գևորգյանը:

Որոշեցին, որ համալիր պատվերների դեպքում յուրաքանչյուրը զբաղվի նրանով, ինչով ուժեղ է, 1c-ով զբաղվի «Ռեսալ Սոֆտը», իսկ ՀԾ-ի մասով՝ «Մակիչյան քընսալթինգը»: Այդ համագործակցությունը բարձրացրեց յուրաքանչյուրի ճանաչելիությունն ու հուսալիությունը: Դա են վկայում համատեղ իրականացված երկու խոշոր նախագծերը, որոնք այս ընկերություններն առանձին-առանձին մոտ ապագայում անգամ չէին կարող իրականացնել:

«Եթե մենք մենակ փորձեինք անել` կստացվեր երկու ոչ պրոֆեսիոնալ լուծում, բայց քանի որ «Մակիչյան քընսալթինգը» պրոֆեսիոնալ ձևով զբաղվում է հաշվապահական ծրագրերի ավտոմատացմամբ ՀԾ-ի պրոդուկտներով, իսկ մեզ մոտ 1c-ն է ավելի պրոֆեսիոնալ ստացվում, ծառայությունը մատուցում ենք ավելի բարձրակարգ, ու մեր գնորդը գործ է ունենում մեկ կազմակերպության հետ: Դա տալիս է ծառայության որակի բարելավում և ավելի պրոֆեսիոնալ մոտեցում: Շուկայի ընդլայնման առումով ավելի մեծացնում է պոտենցիալը, քանի որ պոտենցիալ հաճախորդներին ավելի համալիր, միասնական լուծումներ ենք կարողանում առաջարկել: Միասնական բազա է ստեղծվում, պոտենցիալ հաճախորդների ցանկն է ընդլայնվում»,- ընդգծում է «Ռեսալ Սոֆտի» ղեկավարը:

Եթե չլիներ այդ համագործակցությունը, հավանաբար շատ մեծ նախագծեր չկարողանային անել: Մեծ ասելով՝ չպետք է միայն ֆինանսական բաղադրիչը հասկանալ, այլ իրականացման բարդությունները: Մինչդեռ իրար օգնելով առաջ շարժվելն անհամեմատ ավելի հեշտ է:

«Մենք ագահություն չցուցաբերեցինք, հասկացանք, որ մեկ ընդհանուր գործի ենք ծառայում, միասին ավելի ուժեղ ենք, կարող ենք շատ ավելի մեծ խնդիրներ լուծել ու սկսեցինք համագործակցել»,- նշում է Գրիգոր Մակիչյանը:

Այդ համագործակցությունից կարելի է նշել մեկ օրինակ: «Ռեսալ Սոֆտն» ունի նաև ծրագրավորողների թիմ, որը տարբեր պրոդուկտներ է ստեղծում բիզնեսի ավտոմատացման, բջջային հավելվածների միջոցով բիզնես-համակարգերի կառավարման ոլորտներում: Այդպիսի պրոդուկտներից է ընկերության առաջարկած «Իզի Սելս» (Easy Sales) պատվերների կառավարման համակարգ-բջջային հավելվածը: Այն նախատեսված է շարժական առևտրի ոլորտում վաճառքի մենեջերների աշխատանքն արդյունավետ կազմակերպելու, ճկուն ու չափելի վերահսկում իրականացնելու համար և համակարգում է վաճառքի ղեկավարի, շուկայի զարգացման պատասխանատուի ու առաքիչի աշխատանքները: Ու «Մակիչյան Քընսալթինգը» հաճույքով իր մյուս գործընկերներին է առաջարկում նաև այդ հավելվածը:

Ինչպես նշում են երկու ընկերությունների ղեկավարները, սա համագործակցություն չէ, որ հասնեն ինչ-որ մի կետի, երկուսն էլ ուժեղացած լինեն, բաժանվեն ու յուրաքանչյուրը գնա իր ճանապարհով: «Ավելի քան համոզված եմ, որ մենք մինչև վերջ համագործակցելու ենք, կունենանք նոր պրոդուկտներ, մեծ բարդությամբ գործեր»,- նշում է Արտակ Գևորգյանը:

Արտակ Գևորգյան

Նրանք մտածում են նաև դրսի շուկա դուրս գալու մասին, բայց, ինչպես նշում է Գրիգոր Մակիչյանը, քանի դեռ իրենց արտադրանքը չի կայանա, հայկական ընկերությունների ռեսուրսը լրիվ չեն օգտագործի, տեղական շուկայի հնարավորությունները լրիվ չեն օգտագործի, շեշտը չի դրվի դրսի ծրագրերի վրա:

Կարող է տպավորություն ստեղծվել, որ եթե որևէ գործ միայնակ անեին` ավելի շատ գումար կաշխատեին: Բայց ընկերությունների ղեկավարները վստահեցնում են՝ միշտ չէ, որ մենակ հնարավոր է ավելի շատ եկամուտ ունենալ, համագործակցությունն ավելի եկամտաբեր է:

«Մենք մեր ջանքերը միավորեցինք, հնարավորությունները կրկնապատկվեցին, աշխատանքի ժամանակը կրճատվեց, պրոֆեսիոնալիզմն աճեց, ու միավոր ժամանակում հիմա ավելի շատ աշխատանք կարող ենք իրականացնել, քան առանձին-առանձին: Եթե մաթեմատիկայի լեզվով ասեմ, մեր դեպքում 1+1 հավասար է ոչ թե 2-ի, այլ օրինակ՝ 5-ի: Բիզնեսի մեջ չպետք է վախենաս կիսվելուց: Ագահությունը միշտ տանում է կործանման, ժլատությունը հակադարձ համեմատական է ազդում»,- նշում է «Մակիչյան Քընսալթինգի» տնօրեն Գրիգոր Մակիչյանը:

Երիտասարդ բիզնեսմեններն արդեն, սեփական փորձից ելնելով, վստահ են՝ մրցակցությունը երկար է, դաժան, ծախսատար, ու մրցակիցներից մեկնումեկը պետք է տուժի, իսկ համագործակցությունը խնայում է ժամանակ, միջոցներ, ավելացնում հնարավորությունները և գործընկերներից յուրաքանչյուրին բարձրացնում նոր մակարդակի ու տանում դեպի միջազգային շուկա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: