Հայերեն   English   Русский  

​Պարսկական ժամանակաշրջանի Երևանը. ուշագրավ փաստեր հին քաղաքի մասին


  
դիտումներ: 2962

2010 թ. Երևանի գլխավոր հատակագծի մշակման շրջանակներում Երևանի քաղաքապետարանը «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին պատվիրել է կազմել Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագիծ, որտեղ բավական ուշագրավ փաստեր ու տեղեկություններ կան հին Երևանի զարգացման փուլերի, հատակագծերի, թաղամասերի վերաբերյալ:

Ներկայացնում ենք մի հատված նախագծից:

Երևանը XVII դարի կեսերից մինչև XVIII դարի սկիզբը (պարսկական շրջան)

XVII դարի կեսերից սկսած` պահպանվել են արխիվային փաստաթղթեր` գծանկարներ, հատակագծեր, որոնք հնարավորություն են տալիս ընդհանուր գծերով պատկերացում կազմելու այդ ժամանակաշրջանի քաղաքի մասին:

հին Երևան

1808 թ. ինժեներ Բանովի կազմած «Երևանի պարսկական ամրոցի գլխավոր հատակագիծը նրանց մոտ գտնվող ֆորշտադների հետ» տեղահանույթի համաձայն` քաղաքը պատկերվում է որպես առանձին թաղամասերից կազմված մի ընդարձակ տարածություն: Երևանի բնակեցված տարածքը կազմված է եղել 6 խմբավորումներից:

Քաղաքի հյուսիսարևելյան հարթ տարածության վրա հավանաբար, ինչպես երևում է անունից, գտնվում էր ամենահին մասը` Հին Երևանը կամ Հին թաղը կամ, ինչպես անվանում էին պարսկական տիրապետության ժամանակ, Շահարը: Այն իրենից ներկայացրել է մեկ-երկու հարկանի ճեղքված քարերից կամ աղյուսից կառուցված տներով ու տնամերձներով պատված, փողոցների անկանոն ցանցով միմյանց կապված քաղաք-պարտեզ: Ինչպես վկայում են պատմական աղբյուրները, Հին թաղում կային առևտրական և արհեստագործակցական շարքեր, շուկա, հյուրատներ, բաղնիքներ և այլ նշանակության հասարակական շենքեր:

Հին թաղի վրա իրենց հետաքրքիր սիլուետներով իշխում էին Կաթողիկե և Պողոս-Պետրոս եկեղեցիները: Այնտեղ էր գտնվում նաև Զալ-խանա մզկիթը: Հին թաղի բնակչության գերակշռող մասը հայեր էին:

Մյուս բնակեցված թաղամասը Կոնդն էր կամ Թափաբաշը, որը զբաղեցնում էր քաղաքի հյուսիսարևմտյան մասում գտնվող բավականին մեծ բլուրը: Կոնդն ուներ տեղանքով թելադրված բնական հատակագծային կառուցվածք: Բլրի վերին մասում բնակելի տներն էին, իսկ այգիները դարավանդաձև իջնում էին դեպի Հրազդանի ձորը: Ենթադրվում է, որ ավելի վաղ ժամանակներում Կոնդում ամրոց է եղել: Թաղամասում գտնվում էր Սբ. Հովհաննես եկեղեցին և մի մզկիթ:

Հարավ-արևմուտքից Կոնդին հարում էր Ձորագյուղ թաղամասը, որը Հրազդանի ձորի ձախ եզրին էր: Ինչպես վկայում է անվանումը, Ձորագյուղը նախկինում ինքնուրույն գյուղ է եղել: Այն կազմված էր Կարապի ձոր և Կարփի թաղերից: Ձորագյուղը հիմնականում բնակեցված էր հայերով: Ձորի բարձրադիր մասում գտնվում էր Սբ. Սարգիս եկեղեցին:

Չորրորդ բնակեցված թաղամասը գտնվում էր քաղաքի հարավարևելյան մասում՝ Գետառի ձախ ափին և կոչվում էր Քարհանքի թաղ: Այս թաղամասը, որտեղ մեծ մասամբ բնակվում էին մահմեդականներ, հետագայում վերանվանվեց Դամիր Բուլաղ: Թաղամասում երկու մզկիթ կար: Քաղաքի հետագա կառուցապատումների ընթացքում Դամի բուլաղը և Հին թաղը միանում են միմյանց: Նրանց միջև կառուցվում է ևս մի մզկիթ:

հին Երևան

Քաղաքի կառուցվածքում կարևոր տեղ էր զբաղեցնում 1582-1583 թթ. կառուցված Երևանի բերդը: Այն քաղաքի հարավարևմտյան հատվածում էր` Հրազդանի ձորի հարևանությամբ, գետից դեպի արևելք ընկած տարածության վրա: Կան կարծիքներ, որ Երևանի բերդը կառուցվել է ավելի հին ամրոցի մնացորդների վրա: Հետագա հարյուրամյակների ընթացքում բերդը բազմիցս ավերվել և վերակառուցվել է: 1827 թ. ռուսների կողմից կազմված տեղահանույթի համաձայն՝ այն ունեցել է 790 մ- 850 մ չափերի ուղղանկյանը մոտ կոնֆիգուրացիա և զբաղեցրել է 7 հա տարածություն: Հյուսիսից, արևելքից և հարավից բերդն ունեցել է 10.5-12 մ բարձրությամբ երկշարք պարիսպներ: Արևմտյան կողմից, որը սահմանափակվում էր Հրազդանի խորը ձորով, պաշտպանված էր պարսպաշարերով: Շարդենի նկարագրության համաձայն` սկզբնական շրջանում, այդ կողմից պարիսպների փոխարեն եղել են հողե պաշտպանական բլուրներ: Հյուսիսից և հարավից բերդն ունեցել է մուտքեր: Արտաքին կոնտուրով բերդը շրջապատված է եղել Գետառի ջրերով լցված խանդակով և հողե պաշտպանական շերտով: XVII դարի վերջին, ինչպես նկարագրում է Շարդենը, Երևանի բերդը կարելի էր համարել փոքրիկ քաղաք, որտեղ մոտ 800 տուն կար, երկու մզկիթ, բաղնիք, իսկ ամենանշանավոր կառույցը Սարդարի պալատն էր: Հրազդան գետի աջ ափից դեպի բերդ տանող ճանապարհն անցնում էր բերդի մոտ գտնվող «Կարմիր» կամրջով:

Բերդով և չորս բնակելի թաղերով շրջապատված տարածքի մոտավորապես կենտրոնական մասում գտնվում էր Երևանի առևտրահասարակական կենտրոնը` Մեծ կամ Շուկայական հրապարակը (այն հետագայում անվանվեց «Ղանթար»): Առևտրահասարակական կենտրոնում էր գտնվում Երևանի մզկիթներից ամենանշանավորը` Գեոյի մզկիթը կամ Կապույտ մզկիթը: Ճանապարհորդների նկարագրությամբ կարելի է եզրակացնել, որ Մեծ կամ Շուկայական հրապարակը բազմաֆունկցիոնալ նշանակություն ուներ և օգտագործվում էր նաև սպորտային նպատակների համար: Ինչպես նկարագրում է Շարդենը, Երևանյան հրապարակը ծառերով շրջապատված քառակուսի էր, որի անկյունագիծը 400 քայլ էր: Այն ծառայում էր զբոսնելու, կարուսելի, ըմբշամարտի, ձիավարժանքի և ընդհանրապես հետիոտնի և հեծյալի բոլոր վարժությունների համար:

Երևանի տարածքի վրա մեծ մակերես էին զբաղեցնում այգիները: Քաղաքացիներին պատկանող տնամերձներից բացի, Երևանում կային նահանգի կառավարիչներին պատկանող այգիներ: Առևտրահասարակական կենտրոնի, Կոնդի և Հին թաղի միջև ընկած մոտ 20 հա տարածությունը զբաղեցնում էր Խանի այգին, իսկ Զանգվի աջ ափին՝ Սարդարի այգուց դեպի հյուսիս, տարածվում էին Դալմայի այգիները:

Երևանն ուներ մի քանի գերեզմանոցներ: Նշանավորներն էին Կոզեռնի և Մլերի գերեզմանոցները:

XIX դարի սկզբին Երևան բերող ճանապարհները հիմնականում երեքն էին` հյուսիսից` Թիֆլիսից, հարավից` Նախիջևանից և արևմուտքից` Վաղարշապատից:

Պարսկական ժամանակաշրջանի Երևանը

Արխիվային նյութերի` տեղահանույթների, գծագրերի, լուսանկարների, պատմիչների և ճանապարհորդների հայտնած տեղեկությունների համաձայն` կարելի է ասել, որ Երևանը XIX դարի սկզբին գտնվում էր Հրազդան գետի և Գետառի միջև (բացառությամբ Դամիր Բուլաղ թաղամասի): Այն զբաղեցնում էր մոտ 150 հա տարածություն: Քաղաքի տարածքի միջին մասը զբաղեցնում էր առևտրահասարակական կենտրոնը, շուկայական հրապարակը և Խանի այգին, որոնք շրջապատված էին չորս բնակելի թաղամասերով և բերդով: Ամբողջությամբ վերցրած, քաղաքը, ինչպես նաև առանձին բնակելի թաղամասերը ունեին բնական հատակագծային կառուցվածք: Թաղամասերը, որոնք ունեին բեկյալ փողոցների ցանց և ազատ կառուցապատում, գտնվում էին ամենատարբեր բնույթի տեղանքի վրա:

Շահարը գտնվում էր հարթ տեղանքի վրա, Դամիր Բուլաղը` մասամբ բլրոտ տեղանքի վրա, Կոնդը` բլրի վրա, իսկ Ձորագյուղը` Զանգվի ձորի զառիթափ լանջին: Բոլոր բնակելի թաղամասերում, ինչպես նաև բերդում կային քրիստոնեական և մահմեդական պաշտամունքի մոնումենտալ կառույցներ (ընդհանուր առմամբ այդ ժամանակաշրջանում քաղաքում կային 4 եկեղեցի և 7 մզկիթ, որոնցից երկուսը՝ բերդի տարածքում): Բնակելի տները կառուցված էին ճեղքված քարից, աղյուսից կամ հում աղյուսից: Քաղաքում կային ժողովրդական բնակելի տների բազմաթիվ հետաքրքիր և արժեքավոր նմուշներ, որոնք կառուցվել էին տարբեր ժողովուրդների կողմից, կրում էին և՛ հայկական, և՛ իրանական ճարտարապետության ազդեցությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: