Հայերեն   English   Русский  

​Հակոբ Սերոբյան. «Մեր կարևորագույն նպատակն է` հաջող հանդես գալ Եվրոպայի առաջնությունում»


  
դիտումներ: 3806

Հունիսի 11-15-ը Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների 2018 թվականի առաջնությունը: Ընդհանուր միավորներով տղամարդկանց բազմամարտում բացարձակ չեմպիոն դարձավ Արթուր Դավթյանը (84), որ 5 վարժություններում լավագույն արդյունքը ցույց տվեց: Աղջիկների մրցապայքարում ընդհանուր միավորների հաշվարկով առաջնության հաղթող դարձավ Աննա Գրիգորյանը (48,7):

«Անկախի» հետ զրույցում Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ամփոփում է առաջնության արդյունքները, խոսում մարզիկների պատրաստվածության և Եվրոպայի առաջնությունից առաջ նախապատրաստական աշխատանքների մասին: Նշենք, որ առաջնության ընթացքում ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանին հայկական սպորտում ունեցած մեծ ավանդի համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը հանձնեց ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի վկայական և մեդալ:

- Պարո՛ն Սերոբյան, առաջնության արդյունքներով վերջնականապես ձևավորվեց մարմնամարզության ազգային հավաքականի կազմը: Մարզիկների ելույթներն ինչպե՞ս կգնահատեք:

- Առաջնությունից և մարզիկների ցույց տված արդյունքներից ընդհանուր առմամբ գոհ եմ: Բնական է, որ ոչ բոլորը հաջող հանդես եկան: Արթուր Դավթյանը, վարժությունը բարդացնելով, 5 գործիքների վրա փայլուն հանդես եկավ` բազմամարտում առաջին տեղ զբաղեցնելով: Ուրախալի է, որ երիտասարդ Ժորա Սմբատյանը 3-րդ տեղ գրավեց` առանձին գործիքներում մի քանի մեդալ նվաճելով: Ժորան հանդես եկավ մեծահասակների պայքարում, ուստի նրա ցույց տված արդյունքը ողջունելի է և գովելի: Ափսոսում եմ, որ նա չի կարող մասնակցել պատանեկան օլիմպիական խաղերին: Որակավորման փուլը Բաքվում է կայանալու, և մենք, հասկանալի պատճառներով, չենք կարող մասնակցել: Այս առաջնությունում երիտասարդներն իրենց ավելի լավ դրսևորեցին, քան մեծահասակները:

- Ի՞նչ կազմով հավաքական թիմը կմասնակցի օգոստոսի 9-12-ը Գլազգոյում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, և ինչպե՞ս եք նախապատրաստվելու այդ կարևոր ստուգատեսին:

- Այս առաջնությամբ ձևավորվեց ազգային հավաքականի վերջնական կազմը: Բազմամարտի արդյունքներով Վիգեն Խաչատրյանը երկրորդ տեղը գրավեց և համալրեց հավաքականի կազմը: Մեծահասակների առաջնությանը 5 մարզիկ կմասնակցի` Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Թովմասյան, Վիգեն Խաչատրյան: Ժորա Սմբատյանն ու Գագիկ Խաչիկյանը կմասնակցեն երիտասարդների մրցմանը: Մեր նպատակն է` հաջող հանդես գալ Եվրոպայի առաջնությունում, ուստի դեռևս ցանկալի չէ, որ տղաներն իրենց լավագույն մարզավիճակում լինեն:

Մրցումներից մեկ շաբաթ առաջ թիմով կմեկնենք Թբիլիսի՝ ուսումնամարզական հավաք անցկացնելու: Այնտեղ պայմանները հիանալի են, մրցումների համար նախատեսված հատուկ դահլիճ կա: Մարմնամարզությունն անկանխատեսելի մարզաձև է, ուստի մրցումից հետո ամեն ինչ պարզ կդառնա, իսկ մինչ այդ կշարունակենք աշխատել:

Հարություն Մերդինյանն իր լավ մարզավիճակին կհասնի Եվրոպայի առաջնությունից առաջ: Մենք հատուկ ենք այդպես պլանավորել: Եվրոպայի առաջնությունից 10-15 օր առաջ կսկսենք ծանրաբեռնված մարզումները: Անցյալ տարի աշխարհի գավաթի խաղարկությանը Մերդինյանն այնքան էլ հաջող հանդես չեկավ, սակայն աշխարհի առաջնությունից առաջ մասնակցեցինք ուսումնամարզական հավաքի, այդ ընթացքում Մերդինյանը հրաշալի մարզավիճակ ձեռք բերեց, մտավ եզրափակիչ, ինչը շատ դժվար էր թեժ մասնակցության պայմաններում: Կփորձենք նույն ձեռքբերումն ունենալ նաև այս տարի: Նշեմ, որ մարզիկների մոտ կան վնասվածքներ, ուստի գերծանրաբեռնվածությունը կարող է վատ անդրադառնալ: Որպես մարզիչ` խորհուրդ կտամ նրանց չտրվել գայթակղությանը: Անգամ եթե հնարավոր է մեդալ ձեռք բերել, անթույլատրելի է այդ ամենին հասնել առողջության հաշվին:

- Պարո՛ն Սերոբյան, ամեն տարի կանոնավոր կերպով տղաների առաջնությանը զուգահեռ անցկացվում է նաև աղջիկների առաջնությունը: Միջազգային ասպարեզ դուրս գալու համար ի՞նչ է հարկավոր:

- Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մասնակցելու համար հավաքականում պետք է ունենանք միջազգային կարգի մրցավար, այլապես պետք է 2000 եվրոյին համարժեք գումար վճարել մրցավարի համար: Եթե ունենանք այնպիսի մարզուհի, որ կկարողանա եզրափակիչ մտնել, մեդալի մասին դեռևս չեմ խոսում, կարելի է մտածել այդ ուղղությամբ: Չեմ ցանկանում քննադատել, բայց այսօր դեռևս այդ մակարդակի մարզուհի չունենք, սակայն հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում այդ բացը կլրացվի: Որոշել ենք հերթական օլիմպիական ցիկլից հետո միջազգային կարգի մրցավարի հարցը լուծել: Այսօր արդեն իսկ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ: Փորձառու մասնագետ Էդիկ Գևորգյանը Քաթարից եկել է և աշխատում է Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում և՛ տղաների, և՛ աղջիկների հետ: Մարզումներ են անցկացնում նաև Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում, քանի որ այնտեղ կան արդեն բարեկարգված պայմաններ ավելի բարդ տարրերով վարժություններ կատարելու համար: Բարեհաջող ընթացքի դեպքում 4-5 տարի հետո արդյունքը տեսանելի կլինի: Մարմնամարզությունը բարդ մարզաձև է, սակայն աղջիկների համար ավելի հեշտ է լինելու: Տղաներին խանգարում է զինծառայության հարցը: Ծառայությունից հետո մարզիկը հաստատ այլևս չի կարող զբաղվել մարմնամարզությամբ: Օրինակ՝ Ժորա Սմբատյանը հիանալի պատրաստված մարմնամարզիկ է, դեռևս գուցե մեդալի հավակնորդ չէ, բայց եզրափակիչ դուրս գալու համար վստահ կարող է պայքարել: Առաջնության ընթացքում բազմամարտում երրորդ տեղը գրավեց: Եվ ոչ միայն մենք, այլև մրցակիցներն են ափսոսում, որ պատանեկան օլիմպիական խաղերին ընդառաջ որակավորման մրցաշարին չի կարող մասնակցել: Նա 2001 թ. է ծնվել և մյուս տարի դառնալու է 18 տարեկան:

- Փաստորեն տարկետում ստանում են Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ընթացքում մինչև 5-րդ հորիզոնականը զբաղեցրած մարզիկները: Եվ մարմնամարզությունում խնդիրն ավելի բարդ է, քանի որ մարզիկները եզրափակչում տեղ են զբաղեցնում միավորների աննշան տարբերությամբ:

- Այո, ի տարբերություն մյուս մարզաձևերի, որտեղ անցկացվում են պատանիների ու երիտասարդների մի շարք առաջնություններ, մարմնամարզությունում նման բան չկա: Մարզիկները մասնակցում են երիտասարդների, այնուհետև` մեծահասակների առաջնության: Մարզաձևում չեն անցկացվում ո՛չ պատանիների, ո՛չ երիտասարդների աշխարհի առաջնություններ, իսկ Եվրոպայի առաջնությունը 2 տարին մեկ է անցկացվում: Պահանջը բոլոր մարզաձևերի համար նույնը չի կարող լինել: Կան մի շարք մարզաձևեր, որտեղ 5-րդ տեղը գրավելը շատ դժվար է: 2002 թ. ծնված Գագիկ Խաչիկյանը պետք է պայքարի իրենից մեծերի հետ, և եթե չկարողանա տեղ զբաղեցնել, ապա Եվրոպայի հաջորդ առաջնությունը 2 տարի հետո կայանալու է Բաքվում, այսինքն` մասնակցության հնարավորություն չենք ունենալու: Գագիկ Խաչիկյանը Մարոկկոյում կայացած առաջնության ժամանակ 4-րդ տեղը զբաղեցրեց իր ամենաթույլ կատարմամբ, նա վարժությունը կատարելիս ընկավ, շատ մոտ էր կանգնած մեդալին: Արմեն Պետրոսյանը լավ բազմամարտիկ էր, թիմին մեծ օգուտ տվող, այս տարի նա զորակոչվեց բանակ: Սա անկասկած կխանգարի սպորտային մարմնամարզության հետագա զարգացմանը: Հոգեբանական դժվար իրավիճակ է ստեղծվում, մենք շարունակ աշխատում ենք, սակայն կարող է աննշան սխալը ճակատագրական լինել: Սա իմ` որպես հավաքականի գլխավոր մարզչի մտահոգությունն է: Մեծահասկաներն արդեն կայացել են, պետք է մտածել հերթափոխի մասին: Այս խնդիրը մեզ շատ է խանգարում: Գուցե հարկավոր է մարզաձևերը դասակարգել: Կան օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևեր, հարկավոր է այդ ամենը հաշվի առնել: Եզրափակիչ են դուրս գալիս 8 լավագույնները միավորների աննշան տարբերությամբ: Արթուր Թովմասյանը համաշխարհային ունիվերսիադայի ժամանակ որակավորման փուլում 9-րդն էր, նրան հնարավորություն ընձեռվեց մասնակցելու եզրափակչին, և նա գրավեց առաջին տեղը: Միավորներով շատ մոտ են, եթե մի փոքր սխալի պատճառով մարզիկը զբաղեցնի 8-րդ և ոչ թե 5-րդ հորիզոնականը, ապա տարկետում չի ստանա: Հայաստանում անխտիր պետք է ծառայեն բոլորը, սակայն երբ ժամանակը գա: Մարզիչները տարիներ շարունակ աշխատում են: Ցավալի է, որ ամեն ինչ մեկ վայրկյանում ավարտվում է, աշխատանքն էլ` կորչում:

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն աջակցություն ցուցաբերո՞ւմ է խնդիրն ինչ-որ կերպ լուծելու համար:

- Շնորհակալ եմ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ու Ազգային օլիմպիական կոմիտեին: Հրաչյա Ռոտոմյանն ամեն ինչ փորձեց անել Ազգային բանակ զորակոչված Արմեն Պետրոսյանի համար: Նրանք գնահատում են մեր աշխատանքը, փորձում են օգնել, սակայն այս հարցը նրանցից կախված չէ: Այսօր ֆեդերացիային հատկացվող բյուջեն ավելացել է, ինչի շնորհիվ թիմով կարողանում ենք մասնակցել առաջնություններին: Մենք հաշվի ենք առնում մեր երկրի հնարավորությունները: Քայլ առ քայլ բարեկարգում ենք պայմանները՝ շարունակելով մեր գործը կատարել: ՌԴ-ի մարմնամարզության ֆեդերացիան է մեզ մեծապես աջակցում: Բաքվում հաճախ են կայանում միջազգային խոշոր մրցաշարեր, որոնց մենք չենք կարողանում մասնակցել, սակայն մենք նվիրված և անկոտրում շարունակում ենք աշխատել ու պայքարել:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: