Հայերեն   English   Русский  

​Թատրոնները միայն հանդիսատեսով են կենդանի. Արմեն Խանդիկյան


  
դիտումներ: 5438

Աշխատանք և նորություն. դրամատիկական թատրոնի չբարձրաձայնված կարգախոսը

«Թատերական ժամանակներ և ժամանակակից թատրոն» խորագրի ներքո «Անկախը» շարունակում է ներկայացնել Երևանում գործող թատրոնները: Այս անգամ մեր հյուրն է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արմեն Խանդիկյանը:

- Պարո՛ն Խանդիկյան, Դուք Դրամատիկական թատրոնի և́ տնօրենն եք, և́ գեղարվեստական ղեկավարը: Դժվարություններ կա՞ն այդ առումով:

- Եթե լինի «Թատրոնի մասին» օրենք, ապա ցանկալի է նշել, որ թատրոնը պիտի լինի բազմակացութաձև իր կառուցվածքով, այսինքն՝ կարող է մեկը տարիներ շարունակ երկու գործն էլ անել՝ ապացուցելով, որ ի վիճակի է, և կարող է մեկ ուրիշ թատրոնում տնօրենն առանձին շատ լավը լինի, գեղարվեստական ղեկավարը՝ առանձին: Ես բոլոր տարբերակներն էլ ընկալում ու ընդունում եմ: Իսկ ընդհանրապես թատրոն ղեկավարելն այնքան էլ հեշտ գործ չէ: Երբ ողջ ստեղծագործական անձնակազմը հավատում է քեզ` պատասխանատվությունն ավելի է մեծանում: Արդեն մոտ 30 տարի է, ինչ ղեկավարում եմ թատրոնը, և հատկապես վերջին 20 տարում համոզվել եմ, որ իմ իրավունքներն իմ պարտականություններն են այս թատրոնում: Ինչքան էլ թատրոնը դժվարություններ ունի, որքան էլ ցածր է աշխատավարձը, թատրոնում նվիրյալների մեծ խումբ կա, որ աչք փակելով շատ կենցաղային ու անձնական խնդիրների վրա՝ անմնացորդ աշխատում է ու ստեղծագործում:

- Ո՞րն է Դրամատիկական թատրոնի միայն իրեն բնորոշ նկարագիրը:

- Աշխատանք և նորություն. սա չբարձրաձայնված, բայց մեզ առաջնորդող կարգախոս է: Սեպտեմբերից մենք կսկսենք մեր 50-րդ թատերաշրջանը նույն մթնոլորտում. այստեղ շատերը ոչ թե տուն տանող խենթեր են, այլ՝ տնից բերող: Եվ սա ռոմանտիկ խոսակցություն չէ, որովհետև ես երբեք թատրոնը չեմ համարել հեքիաթ: Թատրոնն ամենօրյա ռեալ աշխատանք է, իր լավագույն արտահայտությունների մեջ՝ անգամ գիտավերլուծական: Թատրոնի և́ բեմադրիչը, և́ դերասանները, վերջին հաշվով, մարդ են ստեղծում բեմի վրա: Յուրաքանչյուր ներկայացման հետևում բազում փորձերի մեծածավալ աշխատանք կա և մի ողջ աշխատակազմի կատարած աշխատանք անկախ նրանից, թե տվյալ ներկայացման մեջ քանի հոգի են զբաղված: Վերջին հաշվով, մենք ուզում ենք, որ հանդիսատեսը գա և ասենք՝ 20 րոպե հետո այդ 300-400 հոգու մեջ իրեն զգա այնպես, կարծես մենակ է նստած դահլիճում, այսինքն՝ լինի ինքը և այն, ինչ կատարվում է բեմում: Թատրոնը զարմանալու տեղ է, ցնցումների և, ինչու՞ չէ, նաև զվարճանքի ու ժամանցի, նայած, թե ինչ ներկայացում է բեմում: Եվ պիտի հիշել, որ թատրոնը մասսայական գործ է, իսկ երբ գործ ունես հարյուրավոր մարդկանց հետ` չես կարող բոլորի պահանջները բավարարել, ուստի պիտի փորձես ճաշակը բարձր նշաձողի վրա պահել, անգամ կատակերգությունների դեպքում: Մենք միշտ էլ փորձել ենք և կարծես հաջողել ենք ոչ միայն չկորցնել հանդիսատեսին, այլև երիտասարդ հանդիսատես բերել թատրոն՝ բարձրացնելով նրան բեմի մակարդակին: Մեր հանդիսատեսը կարող է նվազել միայն տեխնիկական պատճառներով: 50 տարի է, ինչ թատրոնը չունի օդափոխության համակարգ, շնչելու օդը շատ քիչ է լինում, մանավանդ մայիսի կեսերից մինչև հոկտեմբերի կեսերը, բայց ժողովուրդը գալիս է: Ցուցանիշ ունենք՝ մինչ մայիսի կեսերը մոտ 90-95 տոկոսանոց հաճախելիություն ենք ունենում, հետո իջնում է 80-75 տոկոսի: Ներկայացումներ կան («Սերը տարիք չի հարցնում», «Վերջին ծաղրածուն», «Փարիզյան դատավճիռ» և այլն), որոնց տոմսերը պետք է նախօրոք ձեռք բերել: Այս ամիսներին գուցե հնարավոր լինի, որովհետև մարդիկ զբաղված են զորակոչով, քննություններով, մեկնում են հանգստի, թատրոնի շենքում շոգ է և այլն: Այս բարձր ցուցանիշերն ինձ դնում են խնդրի առաջ ոչ միայն որպես ստեղծագործողի, այլև տնօրենի, որ թատրոնը ամեն տարի մեկ երկու քայլով ավելի առաջ գնա: Եթե վերջին 10 տարվա ցուցանիշները նայենք թեկուզ շահույթի իմաստով` կտեսնեք, որ ամեն տարի մի քանի միլիոն դրամի ավելացում ենք ունեցել, որի համար պետք է որակով ներկայացումներ բեմադրել, լրացնել խաղացանկը հետաքրքիր գործերով: Ճիշտ է, հիմա մեր խաղացանկի մոտ կեսը կատակերգություններ են, որովհետև ժողովուրդը դա է սիրում, բայց դրանք, ինչպես ասացի, պիտի որակով արվեն: Սա է մեր առջև դրված նպատակը: Մենք մեր երևակայության մեջ պետք է ունենանք լավագույն հանդիսատեսին և նրա համար աշխատենք: Առայժմ չենք սխալվել:

- Ի՞նչ խնդիրներ կան այսօր Դրամատիկական թատրոնում:

- Թատրոնն ունի տեխնիկական վերազինման խնդիր: Արդեն մեկ տարի է՝ կա կառավարության որոշումը, որ թատրոնը գոնե մասամբ նորոգվի, բայց սայլը տեղից դեռ չի շարժվում: Ցավոք, թատրոնի լուսային, ձայնային համակարգերն ունեն իրենց սպառման ժամկետը, որը վաղուց լրացել է: Միայն մեր փորձառու մասնագետների շնորհիվ է, որ այսքան ժամանակ դրանք դեռ շահագործվում են: Ես չեմ ակնարկում, որ վերազինումը կատարվի ամենազարգացած երկրների մակարդակով, ո՛չ, թող լինի մեր տնտեսությանը, մեր հնարավորություններին համապատասխան, բայց անպայման կատարվի, որ թատրոնը հանկարծ տեխնիկական պատճառներով պարապուրդի չմատնվի: Մտահոգությունները նմանատիպ են… Մեր թատրոնն ունի ճիշտ համալրված դերասանական կազմ՝ երեք սերունդների ճիշտ համագործակցությամբ: Թատրոնում կարևոր է նաև կուլիսային կյանքը, որը պետք է մշտական նուրբ հայացքի տակ լինի: Միջամտել շատ չես կարող, բայց պիտի կարողանաս զգալ, թե ինչպիսին է մթնոլորտը կուլիսներում, դիմահարդարման, հանգստի սենյակներում:Թատրոնում պիտի լինեն մարդկային, մաքուր, պարզ հարաբերություններ: Եթե թատրոնի ղեկավարն արդար չեղավ, մաքուր չեղավ (դրա տակ ինչ ուզում եք, հասկացեք)` ամենափոքր սխալն էլ հինգ օրից բոլորը կիմանան թատրոնում: Արդարությունն ու ճշմարտությունն իրենց մեջ նաև դաժան տարրեր են պարունակում. արդարությունն այն չէ, որ բոլորին սիրաշահես, չէ՛, ուղղակի պիտի լինես բաց ու ճշմարիտ: «Երեք հրացանակիրներում», որ շատերը մանկական գիրք են համարում, ինչը բնավ այդպես չէ, կա նշանաբան՝ մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի: Մենք հենց այդ նշանաբանով էլ առաջնորդվում ենք կամ ձգտում ենք առաջնորդվել:

- Ձեր թատրոնն այսօր որքանո՞վ է դառնում ժամանակակից հասարակության խնդիրների կրողը:

- Մենք մշտապես ենք անդրադառնում այդ խնդիրներին, անգամ կատակերգությունների մեջ: Թատրոնը բեմում նաև քաղաքականությամբ է զբաղվում և լուրջ քաղաքականությամբ, որն ինձ համար, իհարկե, սպառվում է բեմում, որովհետև ես հարթակի մարդ չեմ, այլ՝ բեմի: Իմ բոլոր ներկայացումներում՝ «Մոռանալ Հերոստրատին», «Համլետ», «Մեծ լռություն», «Անվերջ վերադարձ», «Ավտոբուս», «Հուլիոս Կեսար», «Կանգ առ, երկրագունդ», «Փարիզյան դատավճիռ» և այլն, սուր քաղաքական հարցեր են դրված, և կարելի է հստակ տեսնել եռանկյունին՝ անհատ (լավագույն դեպքում՝ ստեղծագործող), ժողովուրդ և իշխանություն: «Հուլիոս Կեսարում», օրինակ, ահռելի քաղաքական անցուդարձեր կան, հեղափոխական վիճակներ, որ հարյուրավոր տարիներ կրկնվում են աշխարհում: Իսկ ընդհանրապես ժամանակակից մարդու կերպարը բեմ հանելն այնքան էլ հեշտ գործ չէ և ավելի շատ հայ դրամատուրգների գործն է: Իսկ դրամատուրգիական գործը պիտի հետաքրքիր լինի, բայց ոչ վերամբարձ:

- Ընդհանրապես ինչպե՞ս եք կատարում նոր թեմայի ընտրությունը, և ի՞նչ նոր ներկայացումների սպասի հանդիսատեսը:

- Սովորաբար ընտրությունը երկար է տևում, որովհետև մի գործ ընտրելու համար 50-70 պիես ենք կարդում, մինչև ընտրությունը կանգ է առնում որևէ ստեղծագործության վրա: Ռեժիսորներն էլ են առաջարկություններ անում: Եվ դրանք ներկայացվում են գեղարվեստական խորհրդին, նրանք կարդում են պիեսը, լինում է քննարկում, և եթե մեծամասնությունը կողմ է լինում` հաստատվում է և մտնում խաղացանկ: Այս պահին ընթացիկ խաղացանկում ունենք 20 ներկայացում, որոնց զուգահեռ միանգամից երեք նոր ներկայացման փորձ է ընթանում, բացի երկու ուրիշ գործերից, որոնք խաղացանկից դուրս են, ոչ պլանային: Դրանց նախաձեռնությունը երիտասարդներինն է: Եթե հետագայում արժանիքներ տեսնենք այդ ներկայացումներում, ապա կմտցնենք խաղացանկ: Հիմա բեմում փորձվում է Սեմ Բոբրիկի «Եթե անկեղծ խոսենք» կատակերգությունը, փորձասենյակային փորձերի մեջ է «Տիկնայք և պարոնայք» կատակերգությունը (Ռեյ Կունի, Ջոն Չեպմեն), իսկ հեռանկարում Ալֆրեդ դը Մյուսեի «Լորենցաչչո» պիեսն է:

- Ձեր դերասանները սիրված են ու ճանաչված, ինչը, բնականաբար, պիտի հանգեցներ նաև նրանց այլ աշխատանք ունենալուն, ասենք՝ սերիալներում: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցին:

- Դերասանի ճանաչելի լինելը շատ կարևոր է, որից նա պետք է իր համեստ եզրակացություններն անի: Հասկանալի է, որ մարդիկ պետք է նաև գումար վաստակեն, ուստի ես չեմ խոչընդոտում, այլ հարց է, որ սերիալ ստեղծողները պետք է մտածեն որակի բարձրացման մասին: Մենք դերասանների հետ պայմանավորվում ենք այսպես. թատրոնից լավագույնը տանում եք սերիալ, բայց այնտեղից վատը չեք բերում թատրոն: Նաև պիտի հիշել, որ առաջնայինը թատրոնի զբաղվածությունն է: Ընդհանրապես դերասանների հետ միշտ էլ դժվար է աշխատել, նրանց առջև պետք է ճիշտ, հետաքրքիր խնդիրներ դնես, որ նրանց մղես գործողության: Բարեբախտաբար մեզ դեռ հաջողվում է կես խոսքից իրար հասկանալ:

- Ի՞նչ կուզեիք վերջում փոխանցել ընթերցող հանդիսատեսին:

- Հաճախեք թատրոն, բոլոր թատրոնները, որովհետև դրանք միայն հանդիսատեսով են կենդանի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: