Հայերեն   English   Русский  

Քրեական դատավարություն (մաս 3)


  
դիտումներ: 3480

Նախորդ երկու հոդվածներում անդրադարձանք քրեական դատավարության որոշ սկզբունքների։ Այս հոդվածով կավարտենք քրեական դատավարության սկզբունքների բացահայտման շարքը և կանցնենք քրեական դատավարության իրավունքի այլ կարևոր հարցերին։

Դատական վարույթի հրապարակայնությունը

Հրապարակայնության սկզբունքը հիմնականում իրացվում է գործերը դռնբաց դատական նիստում քննելու կանոնով։ Սակայն այս կանոնից կան մի շարք բացառություններ: Օրինակ՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց մասնավոր կյանքի, պատվի և արժանապատվության, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության, վարույթի մասնակիցների կամ նրանց մերձավոր ազգականների պաշտպանության նպատակով դատարանը դատավարության մասնակիցների միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ գործը կամ դրա մի մասը կարող է քննել դռնփակ դատական նիստում:

Անմեղության կանխավարկածը

Անմեղության կանխավարկածի սկզբունքը քրեական դատավարության անկյունաքարերից է։ Այս սկզբունքը դրսևորվում է հետևյալ կանոններում:

Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ տվյալ օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Նրանց անմեղության ապացուցման պարտականությունը չի կարող դրվել պաշտպանության կողմի վրա: Մեղադրանքի ապացուցման և կասկածյալին կամ մեղադրյալին ի պաշտպանություն բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է մեղադրող կողմը:

Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի:

Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցները չեն կարող պարունակել պատժի տարրեր:

Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը և դրա ապահովումը.

Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք:

Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը:

Ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելը

Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:

Անձը, որին վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է հայտնել տեղեկություններ կամ տրամադրել նյութեր, իրավունք ունի հրաժարվելու նման տեղեկություններ հայտնելուց կամ նյութեր տրամադրելուց, եթե ողջամտորեն ենթադրում է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: