Հայերեն   English   Русский  

​ՀԱՅԵՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ


  
դիտումներ: 11074

Ներկայիս Սիրիայի տարածքում հայերը հաստատվել են վաղնջական ժամանակներից: Սիրիայի հյուսիսային հատվածը պատմական Հայաստանի մաս է և հայության բնօրրանը, իսկ բուն Սիրիայի տարածքը հաճախ եղել է հայության քաղաքական ազդեցության ոլորտում: Երբեմնի հայոց Խուռռի-Միտտանի պետության հարավային սահմաններն են ընդգրկել ներկայիս Սիրիայի տարածքը: Սիրիայի տարածքում է գտնվում նաև 1915 թ. բռնագաղթած հայության գերեզմանատունը՝ Դեր Զորի անապատը:

Սիրիան միջնադարյան հայ պատմիչներն անվանել են Ասորիք: Ներկայումս Սիրիան՝ մոտ 184 հազար քկմ ընդգրկող տարածքով, արաբական պետություն է, բայց նրա տարածքը համընկնում է հին աշխարհի հզորագույն պետություններից մեկի՝ Ասորական թագավորության հետ:

Մ.թ.ա. 612 թ. Ասորական թագավորությունը կործանվեց Պարույր Սկայորդու հարվածներից:

Հետագայում՝ մ.թ.ա. IV դարում՝ Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհակալության կործանումից հետո, Ասորիքում կազմավորվեց ևս մեկ պետություն՝ Սելևկյան թագավորությունը, որը նվաճեց հայոց զորեղ արքայից արքան՝ Տիգրան Բ Մեծը: Ի դեպ, հայոց արքայից արքան առաջինն էր, որ արաբներին վերաբնակեցրեց ներկայիս Սիրիայի տարածքում: Տիգրան Մեծն իրեն դաշնակից մի քանի արաբական ցեղերի տեղափոխեց հյուսիս՝ Սիրիայի տարածք՝ նրանց վստահելով միջազգային տարանցիկ առևտրական ուղիների վերահսկողությունը:

Բնականաբար, տիգրանյան ժամանակաշրջանին է վերաբերում նաև Սիրիայի տարածքում հայ բնակչության հաստատումը:

Մ.թ.ա. առաջին դարից սկսած՝ Սիրիայի տարածքը կռվախնձոր դարձավ Հռոմի և Պարթևստանի, հետագայում նաև՝ Պարսկաստանի միջև: VII դարում ձևավորվեց Արաբական խալիֆայությունը, և արաբները ոչ միայն գրավեցին Սիրիան, այլև տեղաբնակներին դուրս մղելով՝ բնակեցրին այն:

Հետագայում Սիրիայի տարածքը նվաճեցին Բյուզանդիան, ապա՝ սելջուկները, խաչակիրները, մոնղոլները, եգիպտական մամլուքները, իսկ XVI դարից՝ 1516 թվականից, այն գրավեցին օսմանյան թուրքերը:

Իսկ հայությունը Սիրիայի տարածքում մեծ խմբերով բնակվեց արդեն XI դարից սկսած, երբ կործանվեցին Վասպուրականի Արծրունիների և Անիի Բագրատունիների թագավորությունները: XI դարում բյուզանդացիները Միջագետքի դքսության, որի տարածքն ընդգրկում էր նաև Սիրիան, կառավարիչ նշանակեցին հայոց իշխան Գրիգոր Մագիստրոս Պահլավունուն: Եվ առհասարակ բյուզանդական տիրակալության շրջանում Ասորիքի կառավարիչները մեծ մասամբ հայ զորականներն էին:

Հյուսիսային Սիրիայի տարածքում հայ իշխաններ Փիլարտոս Վարաժնունին և Գող Վասիլ Կամսարականը նույնիսկ հիմնեցին զորեղ իշխանապետություններ: Սակայն նրանց մահից հետո հայկական այս իշխանությունները զոհ գնացին խաչակիրների անսանձ ագահությանը:

Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում Սիրիայի տարածքը գրավեցին ֆրանսիացիները:

Հայոց ցեղասպանության տարիներին Սիրիայում գտնվող Դեր Զոր անապատը դարձավ հայոց ընդհանուր գերեզմանատունը: Հարյուրհազարավոր հայեր այստեղ գտան իրենց մահը: Տասնյակհազարավոր հայեր էլ Սիրիայում փրկություն և ապաստան գտան՝ շնորհիվ բարեկամ արաբ ժողովրդի:

1918 թվականին Սիրիայում բնակվում էր շուրջ 150.000 հայ, որոնց երրորդ մասը՝ Հալեպ քաղաքում:

1918 թ. արաբները, Խան Թումանի ճակատամարտում ջախջախելով թուրքական զորքերը` ազատագրեցին Հալեպը: Սիրիան 1920 թ. հռչակեց իր անկախությունը: Սիրիայի ազատագրության մարտերին ֆրանսիական բանակի կազմում ձևավորված արևելյան լեգեոնի կազմում ակտիվ մասնակցություն ունեցան հայերը: Լեգեոնը հատկապես փայլեց թուրքական զորքերի ջախջախման ժամանակ Պաղեստինի տարածքում, Արարայի ճակատամարտում: Սակայն Ֆրանսիան և Անգլիան ձեռք ձեռքի խորտակեցին Սիրիայի անկախությունը և երկիրը մասնատեցին միմյանց միջև:

1946 թ. ապրիլի 17-ին Սիրիան անկախացավ ֆրանսիական տիրապետությունից: Ձևավորվեց Սիրիայի Արաբական Հանրապետությունը: Շատ չանցած՝ 1956 թ., Սիրիան և Եգիպտոսը միավորվեցին՝ ձևավորելով Արաբական Միացյալ Հանրապետությունը: Սակայն այս դաշնությունը երկար չտևեց, 1961 թ. դաշինքը պառակտվեց:

1967 թ. ԱՄՆ հովանավորությունը վայելող Իսրայելը հարձակվեց Սիրիայի վրա և նրանից գրավեց Գոլանի բարձունքները: Իր հերթին Սիրիան հավակնություններ էր ցուցաբերում Լիբանանի նկատմամբ, և 1970-ական թթ. սիրիական զորքերը մշտապես գտնվում էին Լիբանանի տարածքում՝ այդ երկիրը պահելով իրենց ազդեցության տակ:

Պետք է նշել, որ Սիրիան Արևելքի ամենաանկայուն երկրներից էր: Այնտեղ շարունակ ռազմական հեղաշրջումներ էին կատարվում:

Սիրիայի վիճակը կայունացավ, երբ երկրի ղեկավարությունը ստանձնեց Ասադ ընտանիքը: Ասադները ազգությամբ արաբ չեն, ալևի են: Վարկածներից մեկի համաձայն՝ ալևիները քրիստոնեություն չընդունած հայ արևորդիների սերունդներն են, որոնց մեծ մասը մինչ օրս բնակվում է Թուրքիայի Դերսիմ քաղաքում:

1970-2000 թթ. Սիրիայի նախագահն էր Հաֆազ ալ-Ասադը: Նրա մահից հետո երկրի ղեկավարումն անցավ նրա որդուն՝ Բաշար ալ-Ասադին:

2011 թ. սկսվեց Սիրիական ճգնաժամը: Արևմուտքից հովանավորվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատերազմ սանձազերծեց Սիրիայի դեմ՝ նպատակ ունենալով հասնել Ասադի կառավարության տապալմանը: Պատերազմի հետևանքով Սիրիան լքեցին միլիոնավոր քաղաքացիներ, հարյուրհազարավորները զոհվեցին:

Սիրիայում հայերի թվաքանակը կազմում էր ավելի քան 150 հազար մարդ: Հայությունը կենտրոնացած էր հիմնականում Հալեպում, որտեղ մինչ պատերազմը բնակվում էր ավելի քան 70 հազար հայ: Շատ հայեր էին բնակվում նաև Դամասկոսում, Կամիշլիում, Հոմսում, Լաթաքիայում, Ռաքքայում:

Մինչ պատերազմը Հալեպում զուտ հայաբնակ թաղամասեր կային: Սիրիայի և Թուրքիայի սահմանագլխին է գտնվում Քեսաբ հայաբնակ բնակավայրը: Իթլիբե նահանգում երկու հայաբնակ գյուղ կա՝ Յակուբիե և Կնիե: Նրանք, սակայն, արաբախոս հայեր են, չնայած բացահայտ խոսում են իրենց հայկական ծագման մասին:

Սիրիայում գործում են հայ ավանդական երեք կուսակցությունների՝ ՀՅԴ-ի, ՍԴՀԿ-ի, ՌԱԿ-ի տեղական մարմինները, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Հայ երիտասարդաց ընկերակցության, Թեքեյան մշակութային միության, «Նոր սերունդ» մշակութային միության, ՀՄԸՄ-ի, ՀՄՄ-ի մասնաճյուղերը, Կրթասիրաց մշակութային միությունը, Գերմանիկ-Վասպուրական մշակութային միությունը, Ազգային մշակութային միությունը, Ուրֆայի «Վերածնունդ» մշակութային միությունը, Կիլիկյան մշակութային միությունը և հայրենասիրական ու մշակութային այլ միություններ: Սրանք հիմնականում գործում են ազգային, ավանդական կուսակցությունների հովանու ներքո: Ամենաազդեցիկը Հայ հեղափոխական դաշնակցությունն է:

Հայությունն ունի նաև բարեգործական կազմակերպություններ՝ ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի (Սիրիայի Հայ օգնության խաչ՝ ՍՕԽ), «Հովարդ Կարագյոզյան» հաստատության, Ջինիշյան հիշատակի ծրագրի տեղական մարմինները, Բերիո թեմի Ընկերային ծառայության խորհուրդը, եկեղեցիների Աղքատախնամ մարմինները, հայկական «Ալթունյան», «Մազլումյան», «Աստուրյան» հիվանդանոցները, «Ջեբեջյան» ակնաբուժարանը և «Կյուլպենկյան» ծննդատունը։

Սիրիայում գործում են Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Սիրիայի թեմը, որի առաջնորդանիստը Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցին է, և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմը (առաջնորդանիստը՝ Հալեպի Քառասուն Մանկունք եկեղեցի)։ Գործում են նաև Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիները։

Ըստ որոշ տվյալների՝ ներկայումս Սիրիայում մնացել է մոտ 30 հազար հայ: Նրանց մի մասը տեղափոխվել է Լիբանան, Կանադա, Թուրքիա, Պարսից ծոցի երկրներ և այլուր: Սակայն շուրջ 30 հազարը տեղափոխվել են մայր հայրենիք: Նրանց մեծ մասը հաստատվել է Երևանում, միայն 30 ընտանիք բնակեցվել է Լեռնային Ղարաբաղում: Սիրիայի բանակում ծառայող մի խումբ երիտասարդներ էլ կամավորագրվել են պաշտպանության բանակին՝ ծառայելու ԼՂ շփման գծում:

Վահէ Լոռենց





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: