Հայերեն   English   Русский  

Թեև Ադրբեջանը գազ է արդյունահանում, սակայն շարունակում է Ռուսաստանից գազ գնել


  
դիտումներ: 472

Ադրբեջանը դեռևս կշարունակի գազ գնել Ռուսաստանից: Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել է, որ երկիր գազի մատակարարման հարցը կլուծվի 2019 թ-ին, հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը:

«Ադրբեջանն արդյունահանում է սեփական գազ: Գազը, որը արդյունահանվում է Շահդենիզ հանքավայրից, ևս պատկանում է Ադրբեջանին, սակայն, ինչպես հայտնի է, այդ գազն արդյունահանվում է կոնսորցիումի կողմից, և այն մատակարարումների մասին իր պարտավորությունները ունի»,- ասել է Շարիֆովը տնտեսական քաղաքականության, ձեռնարկատիրության և արդյունաբերության գծով խորհրդարանական հանձնաժողովի նիստի ընթացքում, որի շրջանակներում քննարկվել է 2018 թ-ի պետական բյուջեում փոփոխությունների նախագիծը:

Քննարկումների ընթացքում որոշ պատգամավորներ դժգոհություն են հայտնել Ադրբեջանի կողմից գազի ներկրման փաստի առնչությամբ: Ըստ նրանց՝ անտրամաբանական է, որ Ադրբեջանը, հանդիսանալով գազ արդյունահանող և արտահանող երկիր, միևնույն ժամանակ գազի ներկրում է իրականացնում:

Համաձայն պետական բյուջեի փոփոխությունների՝ SOCAR-ը (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) 2018 թ-ին 300 մլն մանաթ (176 մլնամերիկյանդոլար) չափով սուբսիդիաներ կստանա: Այդ միջոցներն ուղղված են լինելու «Ազերէներջի» ընկերության գազի վաճառքի հետ կապված վնասները ծածկելու համար (գազն ավելի ցածր գնով է վաճառվում, քան SOCAR-ն այն ներմուծում է):

Նշենք, որ ռուսական «Գազպրոմ»-ը Ադրբեջան գազ է մատակարարել 2000-2006 թվականներին: Այնուհետև Շահդենիզ հանքավայրիշահագործման կապակցությամբ մատակարարումները դադարեցվել են: 2009 թ-ի հոկտեմբերին «Գազպրոմ էքսպորտ»-ն ու SOCAR-ը 2010-2015 թթ. ռուս-ադրբեջանական սահմանային Շիրվանովկա առաքման կետով Ադրբեջանից բնական գազի մատակարարման մասին նոր միջնաժամկետ պայմանագիր էին ստորագրել: 2010-2015 թվականներին գնվել է 5.4 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազ:

2015 թ-ին «Գազպրոմէքսպորտ» -ի դուրստր ընկերությունը՝ «ԳազպրոմՇվայց»-ը, «Ադրբեջանական մեթանոլային ընկերության»-ը (AzMeCo) մատակարարել է ռուսական գազ, որի ընդհանուր ծավալը կազմել է 107.4 մլն խորանարդ մետր:

2017 թ-ի նոյեմբերին Մոսկվայում «Գազպրոմ էքսպորտ» -ն ու SOCAR-ը Ադրբեջան գազի մատակարարման մասին նոր պայմանագիր են ստորագրել: Մատակարարումը սկսվել է 2017 թ-ի նոյեմբերի 22-ից: Տարեկան պայմանագրի շրջանակներում նախատեսվում է ընդհանուր առմամբ 1.6 մլրդ խորանարդ մետր ռուսական գազ մատակարարել Ադրբեջանին: «Գազպրոմ» -ի եռամսյակային զեկույցում նշված է, որ 2018 թ-ի առաջին եռամսյակում ընկերությունն Ադրբեջանին տրամադրել է 797 մլն խորանարդ մետր գազ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: