Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում կալանավորված ընդդիմադիր ակտիվիստը շարունակում է հացադուլը


  
դիտումներ: 481

Միանձնյա բողոքի ակցիա անցկացնելուց հետո հունիսի 14-ին 10 օր ժամկետով կալանքի դատապարտված ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Ֆիզուլի Հուսեյնովը ձերբակալության օրվանից հացադուլ է հայտարարել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը, Հուսեյնովի փաստաբան Ջավադ Ջավադովը վերջինիս հետ հանդիպում է ունեցել: Փաստաբանը հայտնել է, որ Հուսեյնովը ձերբակալությունից անմիջապես հետո, ի նշան բաղաքի, հացադուլ է հայտարարել: «Ես համառորեն խնդրել եմ Հուսեյնովին դադարեցնել հացադուլը՝ առավել ևս հաշվի առնելով, որ կալանքի ժամկետի ավարտին քիչ է մնացել»,- ասել է Ջավադովը: Ըստ նրա՝ Հուսեյնովը մերժել է իր դեմ ներկայացված «ոստիկանությանը չենթարկվելու» մեղադրանքը:

Ֆիզուլի Հուսեյնովը ձերբակալվել է հունիսի 14-ին մայրաքաղաք Բաքվի կենտրոնում միանձնյա ակցիայի ժամանակ, որը վերջինս անցկացրել է «Հանրապետական այլընտրանք» կուսակցության կալանավորված ղեկավար Իլգար Մամեդովի ծննդյան օրվա կապակցությամբ: Հաջորդ օրը ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ Հուսեյնովը դատապարտվել է 10 օրվա վարչական կալանքի ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար:

Հուսեյնովն ավելի վաղ ևս դատապարտվել էր վարչական տույժի և կալանքի միանձնյա պիկետներ անցկացնելու համար: 2017 թ-ի հոկտեմբերին՝ ընդդիմության հանրահավաքին մասնակցելուց հետո, վերջինս դատապարտվել էր 30 օրվա կալանքի: Այդ ժամանակ ևս նա հացադուլ էր հայտարարել և միայն ընդդիմության առաջնորդների կոչից հետո դադարեցրել էր այն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: