Հայերեն   English   Русский  

Ոստիկանությունը պատրաստվում է կարևոր փոփոխություն կատարել անձնագրային համակարգում


  
դիտումներ: 836

ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել է հանձնարարական բարելավել հաշվառման վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու գործընթացը: Այս մասին հայտնում են ոստիկանությունից ու մանրամասնում, թե ինչ փոփոխության մասին է խոսքը:

«Ներկայումս տեղեկատվությունը լրացվում է աշխատակցի կողմից ոչ թե համակարգչով, այլ գրիչով: Այն ժամանակատար է, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով երբեմն լինում է անընթեռնելի: Բացի այդ, օրենսդրությամբ սահմանված է դրույթ, համաձայն որի` վերը նշված տեղեկանքը տրամադրվում է հաջորդ աշխատանքային օրը: Այս ամենի հետ մեկտեղ նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցներ և նախակրթական ուսումնական հաստատություններ տեղեկանքներ ներկայացնելու պատճառով մի քանի անգամ ծանրաբեռնվում է անձնագրային ծառայությունների աշխատանքը, առաջանում են հերթեր, ընկնում է ծառայության սպասարկման որակը»:

«ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ

- մշակվում է ծրագրային լուծում, համաձայն որի` տեղեկանքը կտրամադրվի անմիջապես բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ եղանակով տպագրման միջոցով,

- տեղեկանքը հաջորդ աշխատանքային օրվա փոխարեն կտրամադրվի հաշված րոպեների ընթացքում,

- լինելու են մի քանի տեղեկանքների ձևեր՝ դիմող անձը որ հասցեում է հաշվառված, կոնկրետ հասցեում ովքեր են հաշվառված, անձը հանված է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից (ներկայիս տեղեկանքը բովանդակում է այս բոլոր լուծումները, բառերի տակ գրիչով գծեր են քաշվում, ինչն էլ իր հերթին տեղեկանքը դարձնում է խրթին),

- արդյունքում կունենանք ժամանակակից, ընթեռնելի տեղեկանք, իհարկե այն կշարունակի մնալ որպես խիստ հաշվառման փաստաթուղթ, կունենա հերթական համար, անձնագրային ծառայության կոդով»,-մանրամասնում են ոստիկանությունից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: