Հայերեն   English   Русский  

Կառավարության նպատակը այժմ պետք է լինի ոչ թե պաշտոնյաների համատարած պատիժը և հանրային պարսավանքը, այլ կոռուպցիան ծնող պայմանների վերացումը․ Ավետիք Չալաբյան


  
դիտումներ: 8500

Այս պահին մեր հիմնական հակառակորդի՝ Ադրբեջանի ռազմավարական պլանները Հայաստանի և մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների համար ամենամեծ վտանգն են։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Արար» հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը:

Նա նկատեց, որ 2016 թվականի ապրիլին, չկարողանալով հաղթել մարտի դաշտում, և չկարողանալով նաև մեզ միջնորդ երկրների ձեռքերով կարգավորման իր նախընտրած պլանը պարտադրել, հակառակորդը այժմ փոխել է ռազմավարությունը. ցանկանում է հաջորդ անգամ արդեն մեզ պատերազմ պարտադրել երկու ճակատով, օգտագործելով այս անգամ Նախիջևանում կուտակվող հարվածային ռեսուրսը, ներառյալ նաև Թուրքիայի զինված ուժերը, որոնք արդեն հիմա տեղակայված են Նախիջևանում։ Մյուս կողմից, ըստ Ավետիք Չալաբյանի, Ադրբեջանին անհրաժեշտ է միջազգային մեկուսացման ենթարկել Հայաստանը, և ամենակարևորը, անհրաժեշտ է խարխլել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, քանի որ Հայաստան-Նախիջևան սահմանը գտնվում է ՀԱՊԿ և հայ-ռուսական համատեղ զորամիավորման իրավասության ներքո։

-Պարո՛ն Չալաբյան, «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկած նոր կառավարությունն առավել շատ կենտրոնացել է ՀՀ-ում ներքին խնդիրները լուծելու վրա, արտաքին քաղաքականությունում վեկտորների առումով լուրջ փոփոխություններ, կարծես թե, չեն նախատեսում:

Ի՞նչ կարծիք ունեք նոր կառավարության նման քաղաքականության վերաբերյալ:


-Հայաստանն իսկապես արտաքին քաղաքական կտրուկ մանևրի հնարավորություն այս պահին չունի, այս իմաստով վարչապետի հանձնառությունը՝ պահպանել նախորդ իշխանության արտաքին քաղաքական կուրսը, հանդիսանում է բավական իրատեսական որոշում։ Մյուս կողմից, նոր իշխանության մեջ բավական մեծ թիվ են կազմում գլոբալիստական մոտեցումներ դավանող երիտասարդ գործիչները, և նրանք, ի տարբերություն վարչապետի, հակված են գնալ որոշակի սրացումների և արագ վերադասավորումների։ Սա առաջ է բերում մեր հիմնական աշխարհաքաղաքական գործընկերների որոշակի տարակուսանքը և լարվածությունը, պատահական չի, որ Ռուսաստանից մենք ավելի և ավելի շատ մտահոգիչ արձագանքներ ենք լսում վերջին շրջանում, այն դեպքում, երբ մեր արևմտյան գործընկերները հիմնականում լուռ են, և նախընտրում են սպասողական դիրք գրավել։ Կարծում եմ, վարչապետը այս հարցում պետք է լրացուցիչ հստակություն մտցնի՝ մասնավորապես, նա կառավարության կազմում պետք է ընդգրկել նաև այնպիսի գործիչների, որոնք հասկանալի և ընդունելի կլինեն Ռուսաստանի քաղաքական ղեկավարության համար և կկարողանան գործնական դաշտում շարունակել ու զարգացնել երկխոսությունը տարբեր ուղղություններով։ Սա մեզ հնարավորություն կտա շարունակել հայակենտրոն արտաքին քաղաքականությունը՝ պահպանելով շահերի հաշվեկշիռը աշխարհաքաղաքական հիմնական կենտրոնների միջև, միևնույն ժամանակ հարցերը բերել ընդհանուր կողմնորոշումից կոնկրետ խնդիրների շուրջ փոխշահավետ համագործակցության դաշտ։


-Պարո՛ն Չալաբյան, նկատելի է՝ Դուք առավել շատ մտահոգված եք Հայաստանի անվտանգությանն առնչվող խնդիրներով: Վերջերս՝ գեներալ Մանվել Գրիգորյանի շուրջ եղած բացահայտումների ֆոնին, մի գրառում էիք կատարել, նկատելով, որ նախորդ իշխանությունն ընտրել էր ակնհայտ սխալ մոդել՝ ստորադասելով արդարությունը անվտանգությանը, արդյունքում մենք զրկվեցին երկուսից: Միևնույն ժամանակ հայտնել էիք Ձեր մտահոգությունը, նշելով, որ նոր իշխանությունը չպետք է հակառակ գայթակղություն դրսևորի՝ ստորադասելով անվտանգությունն արդարությանը, դա նույնքան փակուղային է։ Կբացատրե՞ք՝ ի՞նչ նկատի ունեք, այսինքն՝ ինչ-որ պահի պետք է արդարությունը ստորադասվի՞:

-Սկսեմ նախորդ իշխանությունից՝ նրա օրոք, Արցախյան պատերազմի մասնակիցների մի «ընտրախավ» էր ձևավորվել, որը հատուկ, օրենքից վեր արտոնություններ ուներ, այն դեպքում, երբ պատերազմի մասնակիցների ճնշող մեծամասնությունը ապրում էր ծանր, չարքաշ կյանքով։ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ սկանդալային բացահայտումները հենց դրա առհավատչյան էին, բայց նա այդ «ընտրախավի» միակ ներկայացուցիչը չէր, և այս բացահայտումների գործընթացը, մեծ հավանականությամբ, կշարունակվի։ Դա ողջունելի է, այս արտոնյալ դասը պետք է առնվազն վերադառնա օրենքի դաշտ, իսկ նրանք, որոնք իրենց համաքաղաքացիների նկատմամբ նաև բռնություն և հարկադրանք են գործադրել, պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Սակայն ինձ համար խիստ մտահոգիչ է, որ այս բացահայտումներն ուղեկցվում են այնպիսի մի քաղաքական ֆոնով, որն անուղղակիորեն ուղղված է բանակի և ազատամարտի դեմ՝ ֆեյսբուքյան գրառումների, հոդվածների, հարցազրույցների տեսքով, որոնք կոնկրետ մարդկանց մեղադրելու փոխարեն, սկսում են տարածել «մեղքը» ամբողջ բանակի վրա։ Այս ամենը, գիտակից թե անգիտակից, ուղերձ է հղում հանրությանը, որը մեր բանակը կոռումպացված, իր հիմնական նպատակներին չծառայող կառույց է, և սա չափազանց վտանգավոր է։ Բանակը երկրից դուրս չէ, և բնականաբար, եթե երկիրը քսան տարի ապրել է կոռուպցիոն միջավայրում, բանակն էլ դրանից զերծ չի։ Սակայն որպես բանակի հետ վաղուց աշխատող մարդ, կարող եմ ասել, որ բանակը այժմ հաստատ ավելի կոռումպացված չէ, քան պետական ցանկացած այլ կառույց, և ի տարբերություն այդ կառույցների, հակառակորդի ուժերի վիթխարի գերակշռության պայմաններում, պաշտպանում է մեր երկիրը նրա ոտնձգություններից, և բավական արդյունավետ։ Այսօր բանակին սարքել կոռուպցիոն բացահայտումների և հանրային պարսավանքի արհեստական թիրախ՝ նշանակում է հարվածի տակ դնել նրա մարտունակությունը, հետագա բոլոր բացասական հետևանքներով։ Այս իմաստով, Կառավարությունը պետք է հանրությանը ներկայացնի կոռուպցիայի դեմ պայքարի հստակ տեսլական, այն գիտակցությամբ, որ դրան, ցավոք, նախկինում մասնակից ենք եղել հազարավոր և տասնյակ հազարավոր պետական պաշտոնյաներ, և նպատակը այժմ պետք է լինի ոչ թե այդ մարդկանց համատարած պատիժը և հանրային պարսավանքը, այլ կոռուպցիան ծնող պայմանների վերացումը, որպեսզի նույն այդ մարդիկ կարողանան ծառայել իրենց երկրին և զբաղվել իրենց գործով՝ արդեն առանց կոռուպցիոն ռիսկերի։

-Իշխանափոխությունից հետո կադրային փոփոխություններ եղան նաև պաշտպանական ոլորտում: Ի՞նչ կարծիք ունեք Պաշտպանության նախարարությունում նոր նշանակումների վերաբերյալ, դրանք նպաստելո՞ւ են բանակում եղած խնդիրների վերացմանը: Ձեր կարծիքով՝ որո՞նք են այստեղ առաջին անհրաժեշտության լուծում պահանջող խնդիրները:

-Ես հիմնականում դրական եմ վերաբերվում վերջին նշանակումներին՝ թե՛ ՊՆ, թե՛ Գլխավոր շտաբի ղեկավարության մեջ, կարծում եմ, որ այսօր ի դեմս այդ ղեկավարների, մենք ունենք սթափ, ազնիվ և հայրենիքին նվիրված պրոֆեսիոնալների թիմ։ Սակայն նրանց առջև կանգնած խնդիրների և մարտահրավերների մասշտաբը ևս վիթխարի է, և հսկայական լարում է պահանջելու։ Չփորձելով կանգնել բոլոր խնդիրների վրա, առանձնացնեմ առավել կրիտիկականները։ Կարճաժամկետ հեռանկարում, մեզ անհրաժեշտ է դիմագրավել մեր հակառակորդի հնարավոր նոր ագրեսիային, դրա հավանականությունը մեծանում է օր օրի։ Զուգահեռ, մեզ անհրաժեշտ է բարելավել բանակի ներսում առկա բարոյահոգեբանական միջավայրը, այն անընդհատ կորուստների պատճառ է դառնում։ Տարվա սկզբից մենք ոչ մարտական պատճառներով արդեն կորցրել ենք 17 զինծառայող, սա խիստ մտահոգիչ է, և պետք է լինի ՊՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Մեր հիմնադրամը (ԱՐԱՐ) ևս խիստ մտահոգված է ոչ մարտական կորուստների բարձր մակարդակով, և առաջիկայում իր ջանքերն է կենտրոնացնելու ՊՆ հետ համագործակցության միջոցով՝ դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցներ մշակելու և ներդնելու ուղղությամբ։ Երկարաժամկետ հեռանկարում, մեզ անհրաժեշտ է լինելու զինված ուժերի արմատական մոդեռնիզացիա, դա առանձին խոսակցության նյութ է, մասամբ նաև գաղտնի, ուստի այսօր մանրամասն չեմ անդրադառնա։


-Այս պահին երկրի ներսում եղած խնդիրների լուծմամբ չեն լուծվում սահմանային խնդիրները: Այսօր անընդհատ նկատվում են ադրբեջանական զորքերի տեղաշարժեր, կուտակումներ Ադրբեջանի հետ Հայաստանի ու Արցախի սահմանում: Հատկապես մտահոգիչ են Նախիջևանում տեղի ունեցող տեղաշարժերը: Դրան էլ գումարած ստանում ենք սպառնալիքներ Ադրբեջանի ղեկավարության կողմից, թե նախապատրաստվում են պատերազմի: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ կարգի լուրջ և վտանգավոր իրավիճակի հետ գործ ունենք, դրան համարժեք արձագանք մեր կողմից Դուք նկատու՞մ եք:

-Այս պահին մեր հիմնական հակառակորդի ռազմավարական պլանները Հայաստանի և մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների համար ամենամեծ վտանգն են։ 2016 թվականի ապրիլին, չկարողանալով հաղթել մարտի դաշտում, և չկարողանալով նաև մեզ միջնորդ երկրների ձեռքերով կարգավորման իր նախընտրած պլանը պարտադրել, հակառակորդը այժմ փոխել է ռազմավարությունը։ Այն ցանկանում է հաջորդ անգամ արդեն մեզ պատերազմ պարտադրել երկու ճակատով, օգտագործելով այս անգամ Նախիջևանում կուտակվող հարվածային ռեսուրսը, ներառյալ նաև Թուրքիայի զինված ուժերը, որոնք արդեն հիմա տեղակայված են Նախիջևանում։ Այս տրամաբանության մեջ է մտնում հակառակորդի դիրքերի առաջխաղացումը՝ դրա միջոցով, այն մոտեցնում է դրանք Երևան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, և առնում այն ուղիղ նշանառության տակ, այն հաշվարկով, որ ապագա ռազմական գործողությունների ընթացքում այն անակնկալ հարձակմամբ կտրի այդ մայրուղին, կամ առնվազն պահի այն նշանառու կրակի տակ, թույլ չտալով հայկական կողմին զինվորական տեխնիկա և ռեզերվներ օպերատիվ տեղափոխել Արցախ։ Որպեսզի այս սցենարը աշխատի, հակառակորդին անհրաժեշտ է միջազգային մեկուսացման ենթարկել Հայաստանը, և ամենակարևորը, անհրաժեշտ է խարխլել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, քանի որ Հայաստան-Նախիջևան սահմանը գտնվում է ՀԱՊԿ և հայ-ռուսական համատեղ զորամիավորման իրավասության ներքո։ Եթե հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, ռուսական կողմը, այս կամ այն պատճառով, թերանա կատարել իր դաշնակցային պարտականությունները, մենք կստանանք թիկունքից հարված, որը հետ մղել շատ դժվար կլինի, և այդ էլ՝ Արցախին տրամադրվող ուժերը նախիջևանյան հատվածում գամելու հաշվին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում, հակառակորդի պրոպագանդան և դիվանագիտությունը հսկայական ջանքեր են գործադրում՝ համոզելու ռուսական քաղաքական վերնախավին և հասարակությանը, որը Հայաստանը այլևս հուսալի դաշնակից չէ, և որ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում այլևս պետք չէ նրան պաշտպանել։ Մեր կառավարությանը պետք է դիմագրավել այս պրոպագանդիստական գրոհին, դրա հնարավորությունները կան, սակայն այսօր դեռ բավարար չեն օգտագործվում։

- Պարո՛ն Չալաբյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրվելուց հետո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ ռեզոնանսային հայտարարություն արեց՝ նշելով, որ ինքը չի պատրաստվում բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից, վերջինս պետք է վերադառնա բանակցային սեղան: Դեռևս չկան այդ հայտարարությունների իրականություն դառնալու մասին փաստող քայլեր, բայց այնուամենայնիվ , նկատելի է, այս դիրքորոշումը հայկական կողմերում լայն աջակցություն ունի: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի՝ այս դիրքորոշումից չհրաժարվելը, հավանական սցենարներն առավել շատ հայանպա՞ստ են լինելու:

-Ես արդեն նշել եմ նախկինում, որ աջակցում եմ վարչապետի կողմից արտահայտված այս դիրքորոշմանը, այն հակառակորդին պարտադրում է առերեսվել Արցախի Հանրապետության և նրա ընտրված իշխանությունների փաստացի գոյության իրողության հետ, սա ինքնին արդեն կարող է քայլ առաջ լինել բանակցային գործընթացում։ Սակայն խնդիրը այն է, թե որքանով հակառակորդը պատրաստ կլինի բանակցել Արցախի Հանրապետության ղեկավարության հետ, իսկ որքանով կփորձի օգտվել այդ հայտարարությունից՝ դուրս գալու բանակցային գործընթացից, և խնդրի կարգավորումը նորից տեղափոխել ուժային դաշտ։ Իմ տեղեկություններով, առայժմ միջնորդ երկրներից ոչ մեկը պատրաստ չէ միարժեք աջակցել այս մոտեցմանը, իսկ հակառակորդը, ընդհակառակը, փորձում է այն ներկայացնել որպես հայկական կողմի՝ իրական բանակցություններից հրաժարվելու քայլ, որն ազատում է իր ձեռքերը նոր ագրեսիայի համար։ Այս իմաստով, մեր իշխանությունների կարևոր խնդիրն է առաջիկա երկու ամիսների ընթացքում՝ ձևավորել բանակցային գործընթացի ընդունելի ձևաչափի վերաբերյալ կոնսենսուս՝ ներգրավված բոլոր կողմերի միջև, հակառակ դեպքում մենք հակառակորդին գայթակղիչ պատրվակ կտանք՝ Հայաստանին բանակցությունները ձախողելու մեջ մեղադրելու, և նոր պատերազմ սկսելու համար:

Հռիփսիմե Հովհաննիսյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: