Հայերեն   English   Русский  

Փարիզում կայացավ Թումո Փարիզի պաշտոնական ներկայացումը


  
դիտումներ: 3279

Այսօր Փարիզում տեղի ունեցավ Թումո Փարիզ կենտրոնի հանրային պաշտոնական ներկայացումը՝ քաղաքապետ Անն Իդալգոյի և Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի ներկայությամբ:

Միջոցառման ընթացքում հայտարարվեց, որ Թումո Փարիզի աշխատանքը կմեկնարկի սեպտեմբերի 25-ից՝ տեղակայվելով Forum des Images կենտրոնում՝ Փարիզի Les Halles շրջանի կենտրոնական հատվածում:

Թումո Փարիզը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջին միջազգային կենտրոնն է: Այն անվճար կրթություն կապահովի 12-ից 18 տարեկան շուրջ 1500 պատանու: Կենտրոնում ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրելու բազմաթիվ ոլորտներ, այդ թվում` ֆիլմերի ստեղծում, ծրագրավորում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, խաղերի ստեղծում, եռաչափ մոդելավորում, նկարչություն և երաժշտություն: Թումո Փարիզը գտնվում է Ֆրանսիայի ամենամեծ կենտրոնական կայարանին կից, և ըստ քաղաքապետ Անն Իդալգոյի` Թումոն կդառնա երիտասարդության հաղորդակցման խաչմերուկ, որտեղ նրանք ոչ միայն կուսումնասիրեն նոր հմտություններ, այլ նաև իրականություն կդարձնեն իրենց ամենաստեղծագործ գաղափարներն ու թվային փորձարկումները:

Կենտրոնի բացման նախաձեռնությունը մեկնարկեց դեռ 2016 թվականին, երբ Թումո Երևան իր այցի ժամանակ Իդալգոն և Մարի Լու Փափազյանը Փարիզում կենտրոն բացելու պայմանավորվածություն ձեռք բերեցին: Բազմաթիվ աշխատանքային այցերից,ծրագիրը ֆրանսերենին ադապտացնելուց և բոլոր հարմարությունները ապահովելուց հետո Թումո Փարիզն արդեն լիովին պատրաստ է մեկնարկին: Հուլիսի 3-ին փարիզյան կենտրոնին վերջերս միացած աշխատակիցները Ֆրանսիայից կժամանեն Թումո Երևան` սկսելու վերապատրաստման հագեցած ծրագիր։

«Թումո Փարիզի բացումը մեզ համար շատ կարևոր իրադարձություն է», ասաց Մարի Լու Փափազյանը: «Այս քայլով մեկնարկում է մեր միջազգային տարածումը, որը թույլ կտա Թումոյի կրթական նոր մեթոդները հասանելի դարձնել միջազգային հանրությանը՝ միևնույն ժամանակ ապահովելով Հայաստանում 25 Թումո կենտրոններ բացելու համար անհրաժեշտ ֆինանսական և մարդկային ռեսուրսները»:

Մանրամասների համար խնդրում ենք կապվել Թումոյի հաղորդակցման բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանի հետ՝ զանգահարելով 095 256 100 հեռախոսահամարով կամ գրելով lilit.tovmasyan2@tumo.org հասցեին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: