Հայերեն   English   Русский  

​Հրաժարականների շքերթը մեկնարկել է. 16, 14 և 10 տարվա քաղաքապետները հրաժարական են տվել


  
դիտումներ: 3566

Անցած շաբաթը նշանավորվեց երեք քաղաքապետների հրաժարականով:

Հրաժարական № 1

Քաղաքապետների հրաժարականի շքերթը բացեց Էջմիածնի քաղաքապետ, ներկայումս կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, որը Էջմիածին քաղաքը ղեկավարում էր 2008 թվականից: Մինչև Գրիգորյանի հրաժարականը քաղաքում երկու տարբեր ցույցեր էին տեղի ունենում՝ նրա հրաժարականի պահանջով և ի սատարումն նրա: Մարզպետի հետ քննարկումներից հետո Գրիգորյանը հայտարարել էր, որ շարունակելու է պաշտոնավարել: Սակայն Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո հրապարակված տեսանյութը և դրա առաջացրած հանրային արձագանքը պատճառ դարձան, որ Կարեն Գրիգորյանը թողնի քաղաքապետի պաշտոնը: Հրաժարականից հետո Կարեն Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափով յուրացումներ կատարելու կասկածանքով: Նա մեղադրվում է Արցախի ՊԲ-ի համար նախատեսված գույքը յուրացնելու մեջ:

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գասպարյանը: ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ նա առաջին կին քաղաքապետն է, թեկուզ և ժամանակավոր:

Գասպարյանը 30 տարեկան է, ծնունդով Էջմիածնից: ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ է, աշխատել է Երևանի քրեական և քրեական վերաքննիչ դատարաններում որպես գործավար, Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի առաջատար, հետո գլխավոր մասնագետ, ապա բաժնի պետ:

Գասպարյանն անկուսակցական է:

Հրաժարական № 2

Խլղաթյան-Խուդաթյան

Հաջորդիվ իր դիմումի համաձայն աթոռից հրաժարվեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Նա քաղաքը ղեկավարում էր 2004 թվականից՝ 14 տարի, իսկ մինչ այդ երկու տարի եղել էր Արմավիրի փոխքաղաքապետը: Ավելի վաղ նա տնտեսական գործունեություն է ծավալել Ռուսաստանի Շախտի քաղաքում:

Խլղաթյանի հրաժարականին նախորդել է հանդիպումը մարզպետի հետ, ինչպես նաև բողոքի ցույցերն Արմավիրում քաղաքապետի հրաժարականի պահանջով: Հունիսի 16-ից սկսած՝ Արմավիրում երթեր ու հանրահավաքներ էին իրականացվում «Արմավիրի նախաձեռնող խմբի» առաջնորդությամբ: Նրանք դժգոհում էին, որ տարիներ շարունակ մարզկենտրոն Արմավիրում որևէ լուրջ ներդրում չի եղել:

Ռուբեն Խլղաթյանը պարբերաբար ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել ընտրախախտումների և ընտրությունների ժամանակ Արմավիրում տեղի ունեցած բռնությունների լուսաբանման շրջանակներում: Իսկ 2013-ին, երբ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը պարտություն կրեց Արմավիրում, Խլղաթյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: Սակայն կառավարությունը նրա հրաժարականը չընդունեց: Հետագայում՝ 2015-ի ՏԻՄ ընտրություններում, ՀՀԿ-ն մտադիր չէր սատարել Խլղաթյանի թեկնածությունը, հայտարարվել էր, որ առաջադրված 6 թեկնածուներից 5-ը հանրապետական են, ուստի որևէ մեկին չեն սատարելու: Սակայն ընտրություններից կարճ ժամանակ առաջ Խլղաթյանը հասավ նրան, որ ՀՀԿ-ն հայտարարեց իրեն սատարելու մասին: Նա մնաց քաղաքապետի աթոռի համար պայքարող միակ թեկնածուն:

Ռուբեն Խլղաթյանը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև «բիզնես գործունեության» համար: Նրան մեղադրում էին Արմավիրի գերեզմանոցը սովորական և VIP հատվածների բաժանելու համար: Վերջինում տարածք ձեռք բերելու համար քաղաքացիները ստիպված էին ծանոթ խառնել ու կաշառք տալ քաղաքապետին, բացի բարձր գին վճարելուց:

Իսկ արդեն ըստ պաշտոնական հայտարարագրի՝ նախկին քաղաքապետին է պատկանում «Արմավիր-Շին» ՍՊԸ-ն, որին է պատկանում մարզի Գետաշեն համայնքի մոտակայքում գտնվող ավազի արդյունահանման թույլտվությունը:

Նշենք, որ Խլղաթյանի հեռանալուց հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև նրա որդին, որն աշխատում էր քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում որպես երկրորդ կարգի մասնագետ:

Նշենք նաև, որ Խլղաթյանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի խնամին է:

Ռուբեն Խլղաթյանի հեռանալուց հետո Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Խուդաթյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի տարածքային կառույցի ղեկավարն է:

2017 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Խուդաթյանը եղել է Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքի «Ելք» խմբակցության ռեյտինգային ցուցակում և ստացել է 789 ձայն:

Խուդաթյանը 27 տարեկան է, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ: Խուդաթյանի ֆեյսբուքյան հաշվի համաձայն՝ նա աշխատել է «Ֆինքա» և «Մոգո» վարկային կազմակերպություններում, ինչպես նաև gnel.am օնլայն հիպերմարկետում:

Հրաժարական № 3

Արամ Դանիելյան

Հրազդանի վաղեմի քաղաքապետ Արամ Դանիելյանը ևս հրաժարական է տվել: Նա քաղաքը ղեկավարում էր 2002 թվականից՝ 16 տարի անընդմեջ: Հրազդանի ավագանին քաղաքապետի հրաժարականի դիմումը կքննարկի հուլիսի 2-ին, որից հետո միայն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի:

Դատելով լրատվամիջոցների հրապարակումներից՝ Դանիելյանի հրաժարականը պարտադրված կամավոր է: Հրազդանի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ անբավարար է գնահատում Հրազդանի քաղաքապետի աշխատանքը: «Ցանկացած համայնքապետի աշխատանք առաջին իսկ օրվանից կոչված է խնդիրների լուծմանն ու կյանքի որակի բարելավմանը, սակայն նույնիսկ այդ հարցերում մեր հարգարժան քաղաքապետը որևէ նշանակալի ձեռքբերում չունի»,- ասել էր մարզպետը:

Նշենք, որ 2016-ի ՏԻմ ընտրություններում Դանիելյանի մրցակիցը քաղաքապետի աթոռի համար Սասուն Միքայելյանն էր: Միքայելյանի նախընտրական շտաբը ղեկավարում էր անձամբ Նիկոլ Փաշինյանը: Ընտրություններից հետո նա Դանիելյանին մեղադրեց ընտրակաշառքով ընտրվելու մեջ:

Դանիելյանը, ընտրախախտումներից բացի, հանրությանը հայտնի է իր որդու հետ կապված սկանդալներով: 2017-ի հունիսին Հրազդանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող և քաղաքապետին սպասարկող մեքենայով մահացու վրաերթ տեղի ունեցավ Հրազդանում: Ղեկին եղել էր Հրազդանի քաղաքապետի 17-ամյա որդին: Վրաերթից հետո ոստիկանություն բոլորովին այլ քաղաքացի էր ներկայացել ու կամավոր ընդունել ուրիշի կատարած մեղքը, սակայն ավելի ուշ ոստիկանությունը պարզեց իրական մեղավորին: Ռազմիկ Դանիելյանը, սակայն, ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց իր արարքի համար, այլև հետագայում որպես բարձր առաջադիմություն ունեցող աշակերտ ոսկե մեդալի արժանացավ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: