Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանն էլի ատամ է ցույց տալիս


  
դիտումներ: 5427

Հունիսի 26-ին Ադրբեջանում անցկացված զորահանդեսին ու դրան նախորդած օրերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը բազմաթիվ նոր զինատեսակներ ու ժամանակակից սպառազինություններ է ձեռք բերել:

Իհարկե, բուն զորահանդեսի ժամանակ առանձնահատուկ նորություններ չեղան, քանի որ զորահանդեսից օրեր առաջ արդեն հայտնի էին ադրբեջանական բանակի նոր ռազմա-տեխնիկական ձեռքբերումները: Այնուամենայնիվ ներկայացնենք ադրբեջանական ԶՈւ նոր ձեռքբերումները համառոտ:

Այս զորահանդեսի շրջանակներում պարզ դարձավ, որ Ադրբեջանը ձեռք է բերել ամերիկյան Bell 412 ուղղաթիռներ: Bell 412-ը բազմանպատակային ուղղաթիռ է, օգտագործվում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կարքիների համար, օրինակ՝ անձնակազմի ու ռազմական փոքր բեռների տեղափոխության համար, կարող է համալրվել նաև որոշակի զինատեսակներով և այլն: Այնպես որ այս պահին դժվար է ասել, թե ինչ նպատակներով կկիրառվեն այս ուղղաթիռները: Այնուամենայնիվ մեզ համար կարևոր է այն հանգամանքը, որ Ադրբեջանն արդեն ամերիկյան տեխնիկա և սպառազինություն էլ է կարողանում ձեռք բերել: Ուստի պարզաբանում է պահանջում հարցը, թե ինչպես է ամերիկյան զինտեխնիկան հայտնվել Ադրբեջանում:

Մյուս ձեռքբերումը, որ անմիջապես գրավեց հայկական կողմի ուշադրությունը, LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներն էին: Այս համալիրներն արտադրում է իսրայելական Israel Aerospace Industries ընկերությունը: Հրթիռի տրամաչափը 610 մմ է, առավելագույն հեռահարությունը՝ 300 կմ: Արձակման մեքենայի վրա կա 4 հրթիռ: Մարտագլխիկը 400 և 600 կգ-ոց է:

Ադրբեջանի նորագույն ձեռքբերումներից է նաև թուրքական արտադրության SOM թևավոր հրթիռը: Այդ հրթիռները նախատեսված են ինքնաթիռից արձակման համար: Հրթիռն արտադրում է թուրքական «Ռոքեթսան» ընկերությունը ամերիկյան Lockheed Martin ընկերության տրամադրած արտոնագրով: Թուրքիայում արտադրվում է 3 տարբերակ՝ SOM-A, SOM-B1 բեկորաֆուգասային և SOM-B տանդեմային զրահահար մարտագլխիկներով: Այս հրթիռների զանգվածը մոտ 600 կգ է, որից մարտագլխիկների զանգվածը՝ մոտ 230 կգ: Հեռահարությունը կազմում է 250 կմ-ից ավելի: Այս հթիռների բեկորաֆուգասային և տանդեմային զրահահար տարատեսակներն ունեն նաև ինֆրակարմիր ինքնաուղղորդում:

Ոչ բարեկամ երկրի մյուս նշանակալի ձեռքբերումը բելառուսա-չինական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն են: Դեռևս նախորդ տարվա աշնանից էին խոսակցություններ շրջանառվում, որ Ադրբեջանը պատրաստվում է Բելառուսից ձեռք բերել նոր՝ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Այս համակարգերը Ադրբեջանում առաջին անգամ նկատվեցին հունիսի 11-ին, երբ Իլհամ Ալիևն այցելել էր ադրբեջանական ԶՈւ նոր հրթիռա-հրետանային զորամաս: Ըստ արտադրողի ներկայացրած տակտիկա-տեխնիկական տվյալների՝ այս համակարգերի արկի զանգվածը մոտ 130 կգ է, հեռահարությունը՝ 50-200 կմ: Այս կայանները ամենահեռահար ՀԿՌՀ-ներից են և փորձագիտական գնահատականներով՝ Ադրբեջանը նման զինատեսակ ցանկանում էր ձեռք բերել ի հակակշիռ Հայաստանի ունեցած «Իսկանդերների»: Ադրբեջանում «Պոլոնեզ» համակարգերի առկայության դեպքում, որոնք 200 կմ հեռահարություն ունեն, Հայաստանի ամբողջ տարածքը, այսինքն՝ հյուսիսային շրջանները բուն Ադրբեջանի տարածքից, կենտրոնական ու հարավային շրջաները, այդ թվում մայրաքաղաք Երևանն ու Արարատյան դաշտը Նախիջևանից կհայտնվեն ուղիղ կրակի տակ:

Հարցի ռազմա-քաղաքական տեսանկյունը

Անզեն աչքով էլ պարզ է, որ Ադրբեջանը հիմնականում հեռահար սպառազինության վրա է շեշտ դրել: Առհասարակ հեռահար զինատեսակները, որոնց միջոցով ցանկացած երկիր թեկուզ տեսականորեն կկարողանա հարված հասցնել հակառակորդ երկրի բոլոր կետերին, առաջին հերթին հակառակորդի որոշումների կայացման ժամանակն են փոքրացնում: Իսկ ռազմաքաղաքական որոշումների կայացման հարցում, հատկապես պատերազմների ժամանակ, անգամ վայրկյանները նշանակություն ունեն: Հայաստանի ունեցած ՍԿԱԴ և «Իսկանդեր» հրթիռները, օրինակ, հատկապես «Իսկանդերները», հենց այդ խնդիրն էին լուծում, քանի որ Ադրբեջանի ունեցած միջոցներով հնարավոր չէր Հայաստանի ամբողջ տարածքը դարձնել խոցելի, իսկ հայկական միջոցներն Ադրբեջանի ցանկացած կետ դարձնում էին այդպիսին: Եվ Ադրբեջանի տրամադրության տակ «Պոլոնեզների» ու հեռահար մյուս հրթիռա-հրետանային համակարգերի առկայությամբ հայկական կողմի այդ առավելությունը ինչ-որ չափով կչեզոքացվի, անգամ հաշվի առնելով, որ օրինակ՝ «Իսկանդերները» կառավարելի ու գերճշգրիտ զինատեսակ են:

Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը հաջորդ պատերազմը կամ պատերազմի հաջորդ սաստկացումը նախատեսում է ոչ միայն Արցախի ռազմաճակատով, այլև բուն Հայաստանի Հանրապետության, որովհետև հակառակ պարագայում նման զենքն անիմաստ է: Դա բավականին ապակայունացնում է ընդհանուր իրավիճակն ու լուրջ վտանգ կարող է ներկայացնել Հայաստանի համար, ինչն, ի դեպ, արդեն չեն էլ թաքցնում, ինչը շատ կարևոր է:

Մասնավորապես Hetq.am-ին տված հարցազրույցում Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը նշել է. «Հարցն այլ հարթությունում պետք է դիտարկել, քանի որ արդեն գործ ունենք ժամանակակից ռազմատեխնիկական հնարավորություններով օժտված հակառակորդի հետ: Սա նշանակում է, որ ի տարբերություն երեկվա, հակառակորդի նախահարձակ մտադրությունը կռահելու համար մենք մեր տրամադրության տակ ունենալու ենք ժամեր, այլ ոչ թե օրեր: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ այսօր մենք մեր նախապատրաստական և կանխարգելիչ գործողություններն իրականացնում ենք հենց այդ հանկարծակիության գործոնի հաշվառումով: Համոզված եմ, որ օպերատիվ-մարտավարական այս նոր պայմաններում ևս մեր բանակը գտնվելու է իր բարձրության վրա և պատվով է կատարելու առաջադրված խնդիրը»:

Արցախի սահմանին ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հունիսի 26-ին քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախի սահմանին, նորություն չէ: «Սա նման է զինվորիկների խաղի: Այն զորահանդեսի համար, որն այս պահին տեղի է ունենում ադրբեջանական կողմից սահմանի ողջ երկայնքով, հատուկ ներքաշվել են այնպիսի զինատեսակներ, որոնք, ամենայն հավանականությամբ, գնվել են հենց նման PR-ի համար»,- ասաց նա: Իհարկե, նա հավանական չի համարում, որ Ադրբեջանն այս պահին լայնածավալ պատերազմ կսկսի, բայց միաժամանակ ընդգծում է, որ ակնհայտ է՝ Ադրբեջանի բարձր ղեկավարությունն ուշադիր հետևում է Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, ու չի բացառվում, որ փոքր քայլեր կարող է ձեռնարկել:

Որ Ադրբեջանը փորձում է հայկական կողմին ներքաշել սպառազինությունների մրցավազքի մեջ, որ հակառակորդ երկիրը միշտ էլ փորձել է ու միշտ էլ փորձելու է իր առավելությունը՝ ավելի մեծ ռեսուրսներն օգնտագործել լրացուցիչ ճնշում գործադրելու համար, որ անընդհատ փորձելու է սպառազինությունների մակարդակի հարցում առաջ լինել մեզանից, նորություն չէ: Բայց որ մեր դաշնակիցներն են նման մակարդակի սպառազինություններ վաճառում մի երկրի, որը պարբերաբար սպառնում է ոչ միայն Արցախին, այլև բուն Հայաստանին, դա, մեղմ ասած, հոգեբանական խնդիր է առաջացնում մեզ մոտ:

Իհարկե, հայկական կողմը միշտ էլ փորձել է պարզաբանումներ ստանալ «ոխերիմ բարեկամ» Բելառուսից: Վերջերս էլ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Այսօր հանդիպեցի ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին։ Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը» ։

Մի բան է մտահոգություն հայտնելն ու դիվանագիտական-քաղաքական ճնշում բանեցնելը, մի այլ բան է, արդեն իսկ կատարված փաստը հաշվի առնելով, համապատասխան հակամիջոցներն ու միջոցառումներն իրականացնելը: Որովհետև մեր գրեթե բոլոր փորձագետներն են համակարծիք, որ Ադրբեջանը լայնածավալ գործողություններ սանձազերծելիս վայրկյան անգամ չի հապաղելու և հարվածելու է նաև մեր խաղաղ բնակավայրերին ու խաղաղ ազգաբնակչությանը, ինչում մենք համոզվել ենք 1988-ից սկսած, գրեթե ամեն օր: Բայց ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում իր ռազմական պլանները: Մարդիկ բացեիբաց հայտարարում են իրենց նկրտումները: Մասնավորապես Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վերջերս հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են «հայերի կողմից իրենց պատկանող օկուպացված տարածքները վերադարձնելուն»:

«Մեր նպատակն է բանակին պատերազմի նախապատրաստել․ քաղաքական բանակցությունները մեր աշխատանքի մեջ չեն մտնում։ Ադրբեջանի զինված ուժերն այժմ պատրաստ են մեզ պատկանող տարածքները վերադարձնելուն, այդ թվում՝ հոգեբանորեն»,- ասել է Հասանովը: Միևնույն ժամանակ երկրի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը մշակել է «Մեծ վերադարձ» անվանումով ծրագիր, որի հիմնական ու միակ նպատակը հայկական տարածքների վրա հարձակումն ու դրանց գրավումն է։

Իհարկե, այս կապակցությամբ Արցախի ՊԲ հրամանատարը վստահեցնում է, որ եթե Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ բնակավայրերի վրա մի կրակոց էլ լինի` նրանց համար դա շատ վատ վերջաբան կունենա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: