Հայերեն   English   Русский  

​Բիզնեսմենը երբեք չպետք է հոգնի


  
դիտումներ: 3600

«Բիզնեսում կարևորը գաղափարն է: Եթե ինչ-որ գաղափարից կարողանում ես ճիշտ կառչել, ապա որոշակի ժամանակում կարող ես այն կյանքի կոչել»,-

«Անկախի» հետ զրույցում շեշտում է չրերի արտադրության չորանոցներն արտադրող հայկական «ԷկոՍան» (EcoSun) ընկերության հիմնադիր ղեկավար Հովհաննես Վարդապետյանը: Ասում է՝ չրանոցների արտադրության ու առհասարակ չրարտադրության ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը սկսվեց շուկայի վերլուծությունից, ոլորտի ներկայացուցիչների հետ շփումներից, որոնց ընթացքում էլ տարբեր գաղափարներ առաջացան:

«Հասկացա, որ որոշակի տեղաշարժ կա այդ ոլորտում: Հետո ինձ հետաքրքրեց, թե ինչպես է կազմակերպվում չրերի արտադրությունը, ինչպես են չորացնում մրգերը, ինչ են անում, ինչպես են անում: Տեսա, որ այդ ոլորտում կազմակերպչական լուրջ խնդիր կա: Սկզբում մտածեցի կազմակերպչական գործունեություն ծավալել այդ ոլորտում: Ինքս բիզնես նախագծող ու պլանավորող եմ, բայց հետո զգացի, որ չրերի արտադրությունը շատ ավելի լուրջ գործ է, քան մակերեսորեն պատկերացնում ենք, ավելի շատ պահանջներ, հետևողականություն է պահանջում, մասնագետների խնդիր կա: Հիմնականում արևային չորանոցներն են տարածված Հայաստանում, արևի տակ չորացնելու տեխնոլոգիան է տարածված, ինչն առաջին հայացքից, ճիշտ է, քիչ ծախսատար է, ինքնարժեքն ավելի ցածր է ստացվում, հետևաբար արտադրանքն էլ ավելի մրցունակ է դառնում, բայց արևային տեխնոլոգիաները կախված են եղանակային պայմաններից: Հետևաբար, եթե լուրջ բիզնեսով ու արտադրությամբ ես զբաղվում` հույսդ չես կարող դնել բացառապես բնության վրա»,- նշեց Հովհաննես Վարդապետյանը:

Նա սկսում է ուսումնասիրել, թե չրերի արտադրություն հիմնողներն ինչ չորանոցներ են հիմնականում ձեռք բերում ու նկատում է, որ ամենատարածվածը կորեական արտադրութան չորանոցներն են: Սկսում է ուսումնասիրել դրանց տեխնիկական բնութագրերը, ծախսը, արտադրական հզորությունները ու հասկանում, որ կարելի է այդ ամենն այլ տեխնոլոգիայով անել, որը տնտեսապես ավելի հասանելի կլինի մարդկանց համար:

«Եթե կորեացիների սարքերի միջին ծախսը 11-12 կվտժ էր, մենք ստացանք մի չորանոց, որի հոսանքի ծախսը մեկ ժամում կազմում է 4-4,5 կվտ: Նույն ծավալի թարմ միրգը չորացնելու համար 50-60 տոկոս քիչ էներգիա ծախսելը բավականին ազդում է ինքնարժեքի վրա»,- ասում է «ԷկոՍանի» հիմնադիրը:

Հայկական չորանոցների արտադրման տեխնոլոգիան տարբերվում է նրանով, որ միրգն ավանդական՝ ջերմափոխարկիչի միջոցով չորացնելու փոխարեն կիրառվում են ինֆրակարմիր տեխնոլոգիաները: Ստացվել է մի արտադրանք, որը թե՛ արտաքին տեսքով, թե՛ իր տեխնիկական հնարավորություններով ու բնութագրերով, թե՛ առավել ևս մրցունակ գներով ուշադրություն է գրավում: Ներկայումս «ԷկոՍանը» կարող է արտադրել ցանկացած ծավալով չորանոցների պատվերներ՝ կախված պատվիրատուի պահանջներից ու ցանկություններից:

Նման նախագծի իրականացման համար մի քանի հազար դոլարի ներդրումներ էին անհրաժեշտ, որոնք Հովհաննես Վարդապետյանը սեփական միջոցներով է կատարել: Հետագայում, իհարկե, ավելի մեծ արտադրություն հիմնելու համար ավելի մեծ ներդրումներ կպահանջվեն: Տվյալ փուլում կարևորը գաղափարը կյանքի կոչելն էր, որ ստացվեց: Ընդ որում, ստացվեց սպասվածից անհամեմատ ավելի լավ:

«ԷկոՍան» չորանոցների պահանջարկը շատ մեծ է, բայց մեր զրուցակիցը մի ուշագրավ հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում: Նրա դիտարկումները ցույց են տվել, որ շատերը չեն ցանկանում այս սարքերը սեփական միջոցներով գնել, այլ փորձում են ինչ-որ ծրագրերի, դրամաշնորհների միջոցով ձեռք բերել:

«Բայց նաև ընթացքում համոզվեցի, որ 60 տոկոսը չեն էլ աշխատեցնում, նրանց նման սարքերը պետք չէին, պարզապես «կպել» են այդ ծրագրերին ու ձեռք են բերել: Ես այս ընթացքում մեծ արտադրական տարածքներ, արտադրամասեր տեսա, որոնք անգործության են մատնված ու շատ ափսոս են»,- պատմեց գործարարը:

ԷկոՍան

Ի դեպ, հաջող բիզնեսի վերաբերյալ Հովհաննես Վարդապետյանը նշում է, որ շատ կարևոր է գաղափարը ճիշտ զարգացնելն ու արդյունքի հասցնելը: Հաջող բիզնես վարելու համար էլ պատրաստի դեղատոմս չկա, եթե լիներ` բոլորն էլ հարուստ ու հաջողակ բիզնեսմեն կլինեին:

«Բիզնեսում ամենակարևոր հատկություններն են չհանձնվելը, համառությունը, համառորեն գաղափարից չհրաժարվելը: Օլիմպիական չեմպիոնը մինչև չեմպիոն դառնալը քանի՞ անգամ է ընկնում, վնասվում, պարտվում. անհաշվելի շատ: Նույնն էլ բիզնեսն է, եթե սրտանց ուզում ես հասնել արդյունքի` պետք է անհաջողություններից, խոչընդոտներից հետ չկանգնես: Եթե ինչ-որ բան չի ստացվում` փոխի՛ր ուղղությունդ, զարգացրու, ինչ-որ բան դուրդ չեկավ՝ մի քիչ ավելացրու կամ պակասեցրու, բայց մի նահանջիր: Հաջողության ամենակարևոր բանաձևն այն է, որ իմանաս, թե ինչ ես ուզում: Այդ դեպքում քայլերդ ինքնըստինքյան քեզ կտանեն դրան, մի սխալ կանես, հետո ճիշտ կանես, բայց վերջիվերջո կհասնես նպատակիդ»,- ասում է նա:

Ըստ Վարդապետյանի՝ բոլոր մարդիկ էլ որոշակի սովորություններ ունեն, բայց երբ մարդը կարողանում է իր սովորությունները փոխել հօգուտ իրեն, ինչը դժվար է, եթե կարողանում է դրանք կառավարելի դարձնել, ապա հասնում է հաջողության:

«Համառություն ու համբերություն. երբեք չպետք է հանձնվես, պետք է ճանապարհներ փնտրես, եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում: Իսկ եթե փնտրես` անպայման կգտնես»,- շեշտում է Հովհաննես Վարդապետյանը՝ հավելելով, որ բիզնեսմենը չպետք է ծուլանա, զլանա, չկա ինչ-որ բան, որ հաստատուն է: Ամեն մարդ ինքն է որոշում իր քայլերի հաջորդականությունն ու ընթացքը, ամեն մարդ իր ուրույն ճանապարհով է հաջողության հասնում կամ ձախողվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: