Հայերեն   English   Русский  

​Վարպետ Յուրան, ճերմակ կոստյումն ու սպիտակ մերսեդեսը


  
դիտումներ: 1562

Կասկադի շրջակայքում զբոսնող օտարերկրացիները երբեմն կանգ են առնում և խնդրում լուսանկարվել նրա հետ:

Սարոյանական ճերմակ, ոլորուն բեղերն ու նույնքան ճերմակ կոստյումն ու ցիլինդրը առաջին հայացքից արտասովոր են, միաժամանակ` աչք շոյող: Նրա կերպարն ասես սպիտակաթույր Կասկադի անբաժանելի մասն է, տարածքի կոլորիտային լրացումը, առանց որի Կասկադն այսքան գրավիչ չէր լինի: Ճերմակ համակցության ամենակարևոր ատրիբուտներից է նաև տաքսու նշանով սպիտակ մերսեդեսը, նույնքան պատկառելի տարիքի, որքան սեփականատերը՝ Կասկադի ամենակոլորիտային տաքսու վարորդը։

Վարպետ Յուրա

83-ամյա վարպետ Յուրան սովորական տաքսիստ է, բայց անսովոր՝ մեր օրերի համար: Ինչպես ինքն է բնորոշում, ողջ էությամբ վարորդ է։ Բայց հայ տաքսու վարորդների մեծ մասի պես այդ գործով է զբաղվում ոչ թե ձեռքի հետ կամ կյանքի բերումով, այլ մասնագիտության։ Կյանքի 83 տարիներից շուրջ 65-ը մեքենայի ղեկին է: Հաճելի, կիրթ, բարեհամբույր այս վարորդի ուղևոր լինելը իսկական հաճույք է, իսկ նրա յուրահատուկ արտաքինը, հագուկապն ու բարի ժպիտը ուղղակի հնարավոր չէ չնկատել։

Վարպետ Յուրան օրը սկսում է առավոտյան ժամը 6-ին։ Չնայած պատկառելի տարիքին՝ չի պատկերացնում իր կյանքն առանց աշխատելու և աշխատանքային ռեժիմի։ Արթնանում է, թեյ տաքացնում, թերմոսով հետը վերցնում, տնից դուրս գալիս։ 7։45-ին արդեն Կասկադում է՝ սպիտակ կոստյումը հագին, սպիտակ ցիլինդրը` գլխին, ճերմակ մազերը սանրած և ուսերին արձակած, 40 սմ-անոց բեղերն էլ՝ խնամքով երկու կողմից հյուսած ու հավաքած։

Ծնունդով Ջերմուկի Կեչուտ գյուղից է, 1949 թվականից Երևանում է ապրում։ Չնայած դրան՝ իրեն երևանցի չի համարում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1954 թ. հիդրոպոմպերի գործարանից, որտեղ բեռնատարի վարորդ էր: Նույնիսկ բանակում է վարորդ եղել, լավ աշխատելու համար էլ լրացուցիչ արձակուրդ են տվել: Խորհրդային տարիներին որոշ ժամանակ տաքսու վարորդ է աշխատել։ Անկախությունից հետո աշխատել է մասնավոր ընկերություններում իբրև բեռներ փոխադրող մեքենայի վարորդ, հանրային տրանսպորտի վարորդ, իսկ 2008-ից մինչ օրս մշտապես տաքսի է վարում։ Կյանքի ընթացքում միայն անձնական վարորդ չի աշխատել, առաջարկներ շատ է ստացել, բայց մերժել է. «Ես միշտ սիրել եմ ազատ լինել, ինքս ինձ հետ: Երբ տեսնում էի, այսպես ասած, խազեինի վարորդներին, ոնց որ ազատ թռչունին տանես գցես վանդակի մեջ… Կնոջը տար, ընկերուհուն տար, էնտեղից տար վարսավիրանոց, հետո մեկ այլ տեղ… Չէ, ես դա չսիրեցի»։

Վարպետ Յուրան անկեղծորեն սիրում է իր աշխատանքը։ Ուզում է, որ հաճախորդը գոհ մնա սպասարկումից։ Գիտի նաև, թե դրա համար ինչ պարզ կանոններ են հարկավոր. նախևառաջ՝ մաքրամաքուր ավտոմեքենա, կոկիկ վարորդ, հարգալից վերաբերմունք։

Վարպետ Յուրա

«Ամեն մարդ, անկախ նրանից՝ վարորդ է, սևագործ բանվոր, հավաքարար թե պաշտոնյա, պարտավոր է հետևել իր հագուկապին, իր կեցվածքին, խոսքին։ Հաճախորդի դեմքին նայելիս պետք է հասկանաս՝ կարո՞ղ ես նրա հետ զրույցի բռնվել, թե ոչ։ Կամ շատ ժամանակ տեսնում ես՝ կինը ծանր տոպրակներով շուկայից դուրս է եկել, ուզում է մոտենալ, տաքսի նստել։ Տաքսու վարորդը, ձեռքը էսպես դրած, սպասում է, թե էդ կինը ոնց է մի կերպ մեքենան նստում, փոխանակ իջնի, օգնի։ Տաքսու վարորդ լինել չի նշանակում միայն ղեկն աջ ու ձախ տանել, դա նաև գեղեցիկ սպասարկում է, վերաբերմունք։ Եթե մարդը գեղարվեստական գիրք կարդա, կտեսնի, որ այդ վերաբերմունքի մասին գրքերում շատ բան կա գրված»։

1990 թ. արտադրված Մերսեդեսը, որ իր հետ է 2006-ից, հարազատ ընկերոջ պես է․ «Ինքն ինձ է սիրում, ես՝ իրեն,- խոստովանում է ու ասում, որ մինչև կյանքի վերջը չի պատրաստվում հրաժարվել նրանից:- Ո՞վ գիտի, 2-3 տարի հետո միգուցե ես էս աշխարհից գնամ, մեքենաս կմնա թոռներիս որպես հիշատակ ու հնություն»։

Իսկ թե ինչ խնամքով է վերաբերվում վարպետն իր մեքենային, պարզապես օրինակ պետք է ծառայի․ «Անկախ նրանից՝ մեքենան խնդիր ունի, թե ոչ, 2 ամիսը մեկ տանում եմ արհեստավորի մոտ, ոտքից գլուխ նայել եմ տալիս։ Ամեն օր մեքենան մաքրում եմ։ Հաճաորդին մեկ-մեկ թվում է՝ ապակին բաց է, գլխով խփում է, դա իմ մաքրության չափանիշն է»,- ծիծաղում է նա։

Իբրև փորձառու վարորդ՝ բոլոր վարորդներին խորհուրդ է տալիս․ «Առավոտյան, որ արթնանում եք, բաց արեք, մի հատ ջուրը ստուգեք, արգելակման հեղուկը ստուգեք, յուղը, ղեկը, արգելակները ստուգեք, հետո նոր տեղից շարժվեք»։

Վարպետ Յուրա

Միջինը օրական 6-7 պատվեր է կատարում, 17։30-ին արդեն տանն է։ Չի սիրում մթին մեքենա վարել, բայց ոչ տեսողության պատճառով (ակնոց միայն գիրք կարդալիս է դնում), այլ որովհետև շատերի մեքենաների ապակիներն այսօր մգացված են, նրանց տեսողությանը չի վստահում։ Վարորդական 65 տարիների ընթացքում երբևէ լուրջ վթարի չի ենթարկվել, թեթև պատահարներն էլ իր մեղքով չեն եղել։ Ավտովթարների մասին լուրերը նայելիս ահուսարսափ է ապրում, հորդորում է․ «Հարգարժա՛ն վարորդներ, կլինեք տաքսու վարորդ, բեռնատարի վարորդ, ձեր սեփական մեքենայի վարորդ թե մեկ այլ, խնդրում եմ, դանդաղ երթևեկեք, զիջեք, զիջելը երկկողմ ապահովություն է կյանքի համար։ Երբեք արագությանը մի սիրահարվեք, արագությունը կործանարար է»։

Պարզվում է՝ վարպետ Յուրայի ավտոմեքենայի բեռնախցիկում պահեստավորված ամեն ինչ կա՝ կոնֆետ ուղևոր երեխաների համար, մի զույգ կոշիկ, որ ոտքերը հոգնելուն պես փոխի, փոխնորդ հագուստ, որպեսզի մեքենայի վրա գործ անելիս սպիտակ կոստյումը չկեղտոտվի, օրվա ընդմիջման սնունդը, սուրճ, թեյ, անգամ գիրք՝ գեղարվեստականից մինչև քերականական․ ամեն օր է կարդում ու ամեն օր սովորում։ Բայց սա դեռ ամենը չէ․ բեռնախցիկը նրա համար նաև հոգեհարազատ իրերի պահոց է: Այստեղ է, օրինակ, իր դպրոցական տարիների լուսանկարը, թոռան լուսանկարը Ֆրանսիայում Ժակ Շիրակի հետ, իր գրած բանաստեղծությունները և այլն։

Վարպետ Յուրան սեփական օրինակով շատ բան է սովորեցնում բոլորին, առաջին հերթին՝ վարորդներին, ապա իր հասակակիցներին՝ խորհուրդ տալով երբեք չհամարել, թե այլևս չեն կարող աշխատել, չեն կարող քայլել և ակտիվ կյանք վարել։

«Այս աստիճանները տեսնո՞ւմ եք,- ձեռքով ցույց է տալիս Կասկադը,- ամեն առավոտ առնվազն 200 աստիճան բարձրանում եմ, այդքան էլ իջնում»։

Ինչպես ցանկացած հայ, առավել ևս տաքսու վարորդ, Վարպետ Յուրան էլ անմասն չէ քաղաքականությանն ու քաղաքական զրույցներին։ Ոգևորված է հայաստանյան վերջին իրադարձություններով, ցույցերին էլ օրական 1-2 ժամով պարտադիր մասնակցել է։ Զինվորին չհասած երեխաների նամակի մասին խոսելիս ձայնը դողդողում է, աչքերը լցվում են։ Այդ գիշեր չի կարողացել քնել։

Վարպետ Յուրա

«Պարոն Յուրա, փաստորեն Ձեր կյանքում քանի՞ հեղափոխություն ու քանի՞ իշխանություն եք տեսել»,- հարցնում եմ։

«Այսինքն՝ քանի՞ թագավորի հաց եմ կերել,- ժպիտով պարզաբանում է հարցս ու սկսում թվարկել՝ Ստալին, Մալենկով, Խրուշչով, Բրեժնև, Անդրոպով, Գորբաչով և հասնում է մինչև մեր օրերը։

Զրույցն ամփոփում ենք բեռնախցիկից խնամքով հանված իր բանաստեղծություններից մի քառատողով, որն առանց ակնոցի կարդում է․

«Հեռու, թե մոտ, հայրենիքն է կանչում իր մոտ,

Դա է ուժը հայրենիքի, լավ իմացեք,

Աշխարհ անցեք, հայրենիքը մի մոռացեք,

Հայրենիքը մեծ փարոս է, դա էլ գիտցեք...»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: