Հայերեն   English   Русский  

​Պատմության մեջ ամենամաքուր ղեկավարներից շատերը կա՛մ մեկուսացվել են, կա՛մ «հարկադրաբար» վերածվել դիկտատորների․ Մովսես Հերկելյան


  
դիտումներ: 1739

Լիբանանահայ արվեստաբան, գալերիստ Մովսես Հերկելյանը (Մովսես Ծիրանի) Հայաստանի հետ սերտ կապեր ունի դեռևս խորհրդային տարիներից:

Ժամանակին նաև ընդհատակյա գործունեություն է ծավալել հանուն Հայաստանի անկախության և հանուն Արցախի: Անկախությունից հետո ակտիվ աշխատանքներ է տանում հայկական կերպարվեստը միջազգային հարթակներում ներկայացնելու ուղղությամբ: Անկախի նրա հետ զրույցում պարզել ենք հայաստանյան վերջին իրադարձությունների մասին նրա տեսակետը, սպասելիքները, ինչպես նաև մտահոգությունները և առաջարկները՝ ուղղված նոր կառավարությանը:

- Պարո՛ն Հերկելյան, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, վերջին զարգացումները, պայքարը կոռուպցիայի դեմ Ձեզ լավատեսություն ներշնչո՞ւմ են: Ի՞նչ սպասելիքներ ունեք այս ամենից:

- Անշուշտ ես լավատես եմ, ամբողջ լիբանանահայությունն է լավատես ու խանդավառ անընդմեջ հետևում էր ամեն ինչին: Կարծում եմ՝ այս ամենը չի կարող ժխտական լինել, ինչ էլ պատահի, արդեն դրականը սկսվել է, հուսանք՝ դրական էլ կշարունակվի: Բայց, իհարկե, կան մտահոգություններ. հավակնություն չունեմ քաղաքականությունից հասկանալու, որովհետև վաղուց արդեն քաղաքականությանը չեմ հետևում, բայց քանի որ մասնագիտության բերումով որոշ չափով պատմություն գիտեմ` օրինակները բերում եմ պատմությունից: Պատմության մեջ, դժբախտաբար, ժողովրդի կողմից սիրված ղեկավարներին «մեծ ուժերը» փորձել են մեկուսացնել կամ վերացնել, օրինակ՝ Մահաթմա Գանդիին, Մարտին Լյութեր Քինգին և ուրիշներին։ Հիշենք թեկուզ Եգիպտոսի նախավերջին առաջնորդին, որն այսօր բանտում է կամ Լիբանանի սիրված առաջնորդներից Բեշիր Ջեմայելին, որին թիմակիցների հետ ոչնչացրին։

Փաստ է, որ նման հեղափոխություն գրեթե չի եղել աշխարհում, իսկ աշխարհի շատ պետությունների դա ձեռնտու չէ, որովհետև կարող է «վատ» օրինակ ծառայել իրենց մենատիրության համար: Մյուս մտահոգությունը կապված է նոր կառավարության անփորձության հետ, իսկ դա կարող է փորձանք լինել: Համենայն դեպս, այսօր ժողովուրդը սիրում է Նիկոլ Փաշինյանին և կանգնած է նրա կողքին:

- Իսկ որքա՞ն կտևի այդ սերը: Ժողովուրդն ակնկալում է արագ արդյունքներ, սպասում է, որ հենց վաղը իր կյանքը 180 աստիճանով փոխվելու է դեպի լավը:

- Բայց հնարավոր չէ միանգամից ամեն ինչ լավացնել, քայլ առ քայլ պետք է անի: Հիմա կամաց-կամաց բացահայտում է չարաշահումները: Եթե միանգամից բոլորին բացահայտի` նրանց դնելու է պատի դիմաց: Իսկ երբ հակառակորդին փախչելու տեղ չես թողնում` նա ավելի է ուժեղանում: Պատմությունը ցույց է տալիս, որ հեշտ չի այսքան խնդիրները լուծել միանգամից և արագորեն, միաժամանակ սիրված մնալ ժողովրդի կողմից: Սահակաշվիլու օրինակը ձեզ վկա։ Պատմության մեջ հաճախ ամենամաքուր, ամենահարգված ղեկավարները հետո կա՛մ մեկուսացվել են, կա՛մ «հարկադրաբար» վերածվել են դիկտատորների։

- Շատ է խոսվում այս հեղափոխությունը ծնող պատճառների մասին: Ձեր կարծիքով՝ ո՞րն էր փողոց դուրս գալու գլխավոր գործոնը:

- Ես կարծում եմ՝ Նիկոլը չըմբոստացրեց ժողովրդին, ժողովուրդն ըմբոստացավ և Նիկոլին գտավ: Ես, իբրև արվեստաբան, եկել եմ այն եզրակացության, որ մարդ արարածը, իբրև բանական էակ, մի արժեք ունի, որը կախյալ չէ հարստությունից, մորթի գույնից, հագուստից, խելքից, դիպլոմներից, ձեռք բերած գիտական նվաճումներից և այլն: Այդ արժեքը մարդու էությունն է, ավելի պարզ ասած՝ արժանապատվությունը: Երբ բռնապետներն այդտեղ են հասնում, հատում են այդ գիծը, ժողովուրդն ինքնաբերաբար, բնազդաբար չի ենթարկվում և ընդվզում է: Երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այլևս չի դառնալու նախագահ կամ վարչապետ, բայց չպահեց իր խոստումը, արդեն կպավ ժողովրդի արժանապատվությանը: Այստեղ կարելի է հիշել Մոնթեսումայի և Ֆերնանդո Կորտեսի օրինակը։ Ես կարծում եմ՝ եթե նա թողներ, որ Կարեն Կարապետյանը դառնար վարչապետ, ժողովուրդը միգուցե ըմբոստանար, բայց ոչ այսպես։

- Սփյուռքի նոր նախարարը հենց սկզբից հասցրեց ուշադրություն գրավել: Իբրև Սփյուռքի ներկայացուցիչ՝ ի՞նչ կարծիք ունեք նրա մասին, արդյոք հանդիպե՞լ եք կամ որևէ կերպ առնչվե՞լ եք նախարարության նոր աշխատակազմի հետ:

- Նախ ասեմ, որ նախկին կառավարության երկու նախարարների հետ եմ գործ ունեցել՝ սփյուռքի և մշակույթի։ Մշակույթի երկարամյա նախարար Հասմիկ Պողոսյանի հետ համագործակցությունն այդպես էլ որևէ արդյունք չտվեց: Ես միշտ ասում էի, որ պետք է մշակել մշակութային հայեցակարգ և խոսել ոչ թե «ինչ անելու» մասին, այլ «ինչպես անելու»։ Հասմիկ Պողոսյանն այդպես էլ չընդունեց իմ ասածը։ Կամ օրինակ՝ ես իրեն առաջարկում էի, որ էստեղ մի հին գործարան կա, տան Նկարիչների միությանը, որպեսզի միջազգային մեծ ցուցահանդես անցկացնենք: Խոստացավ, բայց ոչ միայն ոչինչ չարեց, այլև ուղղակի խոչընդոտեց, իսկ որոշ ժամանակ անց ինձ մի պատվոգիր ուղարկեց Բեյրութ, որ սիրտս շահի, բայց ես այդ պատվոգիրը մերժեցի։ Հետո եկավ Ամիրյանը։ Նրա հետ հասցրեցի հանդիպել, ներկայացնել իմ ծրագրերը, առաջարկները, նա շատ լավ ընդունեց, խոստացավ ընթացք տալ, բայց չհասցրեցինք որևէ գործ անել։ Ինչ վերաբերում է սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանին, նրա հետ նույնպես գործակցել եմ մշակույթի գծով և պետք է ասեմ, որ նա իմ առաջարկներն ընդունել է, կարևոր մի մասն էլ՝ իրականացրել։ Իմիջիայլոց, նա ընդունված էր Սփյուռքում։ Իբրև նախկին կոմսոմոլ, փորձված գործիչ՝ նա կարողանում էր բոլորի հետ լեզու գտնել, որտեղ որ գնում էր, խոսում էր այն, ինչ ուզում էին լսել տվյալ համայնքի ներկայացուցիչները, շատ դիվանագետ էր այդ առումով։ Չնայած հիշում եմ, որ Հրանուշ Հակոբյանի հետ իմ առաջին շփումը ընդհարումով է եղել, քանի որ հենց սկզբից նորաստեղծ սփյուռքի նախարարությունում ասացի, որ սփյուռքի նախարարը պետք է լինի ոչ թե հայրենիքի ներկայացուցիչը Սփյուռքում, այլ հակառակը։

Ինչ վերաբերում է մշակույթի և սփյուռքի նոր նախարարներին, ապա որևէ շփում դեռևս չեմ ունեցել, բայց հուսով եմ՝ կհանդիպեմ, կներկայացնեմ իմ ծրագրերը։

- Նոր իրողությունների պայմաններում ի՞նչ պետք է փոխվի Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։

- Հարաբերությունները ոչ թե պետք է փոխվեն, այլ պետք է զարգանան։ Իմ 10-15 տարվա հիմնական պայքարը, որ եղել է այս երկրում, փաստորեն չի իրականացել։ Հարցը հետևյալն է. հայն իր պատմության սկզբից մինչ օրս օտարին արյուն է տվել, ստեղծագործական միտք է տվել։ Մենք, իբրև ազգ, մշակույթով ենք մրցունակ աշխարհի հետ։ Երբ ասում եմ մշակույթ, նկատի ունեմ մշակույթ լայն իմաստով, այսինքն՝ ստեղծագործ միտք, գիտություն, նորարարություն, սպորտ և այլն։

Մեր ստեղծագործական ներուժը մեծ մասամբ դրսում է կամ գնում է դուրս։ Հիմա այս նոր կառավարությունը պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որ ներսում եղածների մի մասին գոնե պահի, իսկ դրսի կարող ուժերին կապի հայրենիքին։ Իմ առաջարկն էր և հիմա էլ կարծում եմ, որ պետք է հավաքել Հայաստանից ու Սփյուռքից 50-60 հաջողակ մասնագետների ամենատարբեր բնագավառներից, գործարարների, և յուրաքանչյուրն իր պատկերացումը ներկայացնի, թե ինչպես պետք է զարգացնել որևէ ոլորտ, կրկնում եմ՝ «ինչպես», քանի որ «ինչ անելը» գիտեն բոլորը։ Հետո արդեն այդ խումբը պետք է մեծանա, հասնի, ասենք, 200-ի։ Սա պետք է լինի կազմակերպված ձևով, առանց հետին մտքի, առանց հետին ակնկալիքների։ Երբ սփյուռքահային կարևորություն տրվի և սփյուռքահայն էլ վստահություն զգա, այդ ժամանակ կգա և ներդրում կանի։ Ամենավիրավորական բանն ինձ համար այն է, որ սկսած Հասմիկ Պողոսյանից և վերջացրած մյուսներով՝ կասկածել են իմ հայրենասիրությանը, այն իմաստով, որ մտածել են՝ ինչ շահ ունեմ ես որևէ բան առաջարկելիս և ինչ շահ կարող են ունենալ իրենք։ Դա սարսափելի վիրավորական բան է։ Բայց Սփյուռքի մեջ շատ շատերը կան, որ պատրաստ են անշահախնդիր գալ և աշխատել, իրենց ներդրումն ունենալ հայրենիքի զարգացման մեջ։

Իմ համոզմամբ՝ թավշյա հեղափոխությունը չի ավարտվել, այլ մեկնարկել է։ Եվ քանի որ ժողովուրդն է այս հեղափոխության հեղինակն ու իրավատերը, նաև ինքն է հեղափոխության հաջողության պատասխանատուն։


Զրուցեց՝ Անի Գասպարյանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: