Հայերեն   English   Русский  

Դավիթ Ֆահրադյան. «Ունենք շնորհալի և տաղանդավոր մարզիկներ»


  
դիտումներ: 3796

Հունիսի 20-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց Հայաստանի ցատկացանցի բաց առաջնությունը, որին մասնակցեց շուրջ 90 մարզիկ-մարզուհի Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից:

«Անկախի» հետ զրույցում հայկական ազգային ցատկացանցի ֆեդերացիայի նախագահ, գինեսի բազմակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը նշեց, որ ցատկացանցն օլիմպիական մարզաձև է, ուստի նման մրցումները շատ կարևոր են Հայաստանում մարզաձևի տարածման ու զարգացման համար:

- Պարոն Ֆահրադյան, ԵՊՀ-ի մարզադահլիճում կայացած Հայաստանի բաց առաջնությունն այս ձևաչափով անցկացված առաջին ստուգատեսն էր, ինչո՞վ էր դա պայմանավորված:

- Ցատկացանցն օլիմպիական մարզաձև է, տարածված ու սիրված ողջ աշխարհում: Իմ նախաձեռնությամբ և ընկերներիս օժանդակությամբ, 2011 թվականից սկսած, ցատկացանցը սկսեց զարգանալ Հայաստանում: Երեխաները սկսեցին զբաղվել այս մարզաձևով: Սակայն ցատկացանցը ֆինանսական խնդիրների պատճառով պաշտոնական կարգավիճակ չուներ: Տարիների ընթացքում պարբերաբար անցկացվել են մրցումներ, և հասունացավ Հայաստանի բաց առաջնություն անցկացնելու պահը, որին մասնակցեցին նաև այլ երկրների մարզիկ-մարզուհիներ: Միայն այդ կերպ կարող ենք ավելի արագ զարգացնել ցատկացանցը Հայաստանում: Ռուսաստանի մարզիկների հետ բազմիցս մեկնել ենք թե՛ ուսումնամարզական հավաքների, թե՛ մրցումների: Վրաստանի մարզիկների հետ առաջին անգամ էինք հանդիպում: Պատվիրակությունները մեծ հաճույքով ժամանեցին Հայաստան: Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցեց շուրջ 90 մարզիկ տարբեր կարգերում:

Ուրախ եմ, որ կարողացանք պատշաճ մակարդակով կազմակերպել այս առաջնությունը, պատվիրակությունները Հայաստանում կրկին մրցումների մասնակցելու ցանկություն հայտնեցին: Եկող տարի հաստատ մասնակիցների թիվը կընդլայնենք:

- Կազմակերպչական առումով առաջնությունը շատ լավ անցավ, իսկ մարզիկների ելույթները գոհացուցի՞չ են:

- Մրցաշարը մանկապատանեկան էր: Հույս ունենք, որ հաջորդ տարի առաջնությանը կմասնակցեն նաև սպորտի վարպետներ ու սպորտի վարպետների թեկնածուներ:

Մեր պատանի մարզիկները, մրցելով արտերկրի իրենց հասակակիցների հետ, փորձ ու վստահություն ձեռք բերելու հնարավորություն ստացան: Գրեթե հավասար պայմաններում մրցեցին մարզիկները: Մեր մարզիկները զբաղեցրին մրցանակային տեղեր: Այժմ ամփոփում ենք արդյունքները, որպեսզի ուղարկենք հաշվետվությունները:

Նշեմ, որ Հայաստանում մարզաձևով ավելի շատ տղաներն են զբաղվում: Ռուսաստանի և Վրաստանի հավաքականներում աղջիկներն են գերակշռում, քանի որ նրանք կարճ ժամանակում ավելի բարձր արդյունքների են հասնում, սերնդափոխությունն էլ արագ է կատարվում: Արդեն 15-16 տարեկանում պարզ է դառնում, թե ինչ ապագա կունենա մարզուհին, իսկ տղաների մոտ դա ուշ է երևում:

- Այս տարի ձեր ֆեդերացիան անդամագրվեց միջազգային ֆեդերացիային, պատանի մարզիկներն այժմ հնարավորություն ունեն մասնակցելու Եվրոպայի և աշխարհի պատանիների առաջնություններին: Ֆեդերացիայի աշխատանքներում հիմնականում ո՞ր խնդիրներն են օրակարգային:

- Կարճ ժամանակ է, ինչ գործում է մեր մարզադպրոցը, սակայն ցատկացանցը բավական արագ զարգանում է: Տարվա ընթացքում մի քանի անգամ մասնակցում ենք մրցումների: Այո, այս տարի անդամագրվեցինք միջազգային ֆեդերացիային: Մարզաձևը զարգացնելու ուղղությամբ առաջնություններ են անցկացվում տարբեր տարիքային խմբերում: Ունենք շնորհալի երեխաներ, որոնք կարող են հաջողություններ ունենալ: Պատրաստվում ենք մասնակցելու նոյեմբերին Սանկտ Պետերբուրգում աշխարհի առաջնության (2 տղա, մեկ աղջիկ): Այս տարի առաջին անգամ Հայաստանը կներկայանա աշխարհի առաջնությանը, և դա կլինի պատմական իրադարձություն ֆեդերացիայի և մարզիկների համար: Մինչ այդ օգոստոսին Բաթումիում կմասնակցենք մրցաշարի, որը կլինի ստուգողական մրցում աշխարհի առաջնությունից առաջ:

Ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս ավելի հաճախ մասնակցել մրցումների: Լավագույն մարզիկները պետք է ստանան ֆինանսական աջակցություն, քանի որ ծնողները չեն կարող մշտապես գումար տրամադրել:

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից աջակցություն ստանո՞ւմ եք:

- Հենց վերջերս հանդիպեցինք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանի հետ: Նախարարը հետաքրքրվեց բոլոր խնդիրներով: Եթե ոչ ֆինանսական, ապա որոշ աջակցություն նախարարության կողմից կստանանք, պատրաստակամ են մեզ աջակցելու հարցում: Նշեմ, որ Ռուսաստանի հայ համայնքն է մեզ մեծապես աջակցում: Երբ երեխան պատվով ներկայացնում է երկիրը, արժանի է որևէ գնահատական ստանալու: Սա նաև խթան կդառնա ցատկացանցի զարգացման համար: Ես ցանկանում եմ ավանդ ունենալ այս մարզաձևի զարգացման գործում:

- Ինչպե՞ս են մարզիկներն օլիմպիական վարկանիշ ձեռք բերում այդ մարզաձևում: Մեր մարզիկները մոտ ապագայում հնարավորություն կունենա՞ն հանդես գալու օլիմպիական խաղերում:

- Մարմնամարզության ֆեդերացիայում ներառված են բազմաթիվ մարզաձևեր, սակայն ոչ բոլորն են օլիմպիական: Օլիմպիական մարզաձևերն առավել տարածված են, առավել դիտարժան ու եկամտաբեր: Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, աշխարհի գավաթի խաղարկություններում մարզիկները միավորներ են վաստակում և զբաղեցնելով 1-5-րդ հորիզոնականները` վարկանիշ են ձեռք բերում: Տարիներ հետո միայն կկարողանանք մտածել այդ ուղղությամբ: Կրկնեմ՝ ունենք շնորհալի և տաղանդավոր մարզիկներ:

Վերջերս Հայաստանում հյուրընկալեցինք աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր, ՌԴ-ի բազմակի չեմպիոն Սերգեյ Ազարյանին, որը ցուցադրական ելույթ ունեցավ մեր երեխաների համար: Նա փորձառու մարզիկի վառ օրինակ է: Հայերն այս մարզաձևում բարձունքների հասնելու մեծ պոտենցիալ ունեն:

- Ցատկացանցն ավելի շատ որպես ժամանց են ընկալում, իսկ որպես մարզաձև շատերին անծանոթ է: Ինչպե՞ս եք ներգրավում երեխաներին:

- Իսկապես, շատերը կարծում են, թե ցատկացանցը ժամանցային մարզաձև է: Ես կոնկրետ զբաղվում են մարզաձևի տարածմամբ: Երբ մարդիկ իմանում են, որ անցկացվում են պաշտոնական մրցումներ, հետաքրքրությունը մեծանում է մարզաձևի նկատմամբ: Դժվար է միանգամից արդյունքի հասնել: Հարկավոր է ճիշտ ներկայացնել մարզաձևը, հատկապես՝ գործնական աշխատանքի միջոցով: Բոլոր երեխաները սիրում են ցատկել, թռչկոտել և հաճույքով են մասնակցում մարզումներին, քանի որ ցատկացանցը միաժամանակ և՛ մարզանք է, և՛ խաղ:

Մեզ մոտ առավել զարգացած է սպորտային կարգապահությունը: Ամեն ինչ սկսվում է շարքից և պատասխանատվությունից, նույնը և ուսումնամարզական հավաքների ընթացքում: Ցատկացանցը նաև առողջարարական մարզաձև է: Մարզադպրոցների թիվն ավելացնելու ցանկություն ունենք: Հույս ունեմ, որ վարչական շրջանները մեզ կաջակցեն և տարածք կտրամադրեն: Ես պատրաստ եմ իմ հնարավորություններով ստեղծել մարզահրապարակներ, ցատկացանցեր տեղադրել: Այսպիսով մարզաձևով զբաղվողների թիվը կավելանա և ընտրության հնարավորությունն էլ հետագայում կմեծանա մեզ համար:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: