Հայերեն   English   Русский  

​Անհամադրելի համադրություններ


  
դիտումներ: 1270

Երբեք մի խառնեք այս մթերքները

Ներկայացնում ենք մթերքների այն համադրությունները, որոնք Այուրվեդայի ու բժիշկ ֆիզիոլոգների համոզմամբ համարվում են վնասակար: Թերևս ոչ մի առողջ դատողության տեր մարդ չի համարձակվի համադրել դրանք` գիտենալով, թե ինչ կկատարվի մարսողական համակարգում: Ցավոք, այս ցուցակում մեզ շատ սիրելի ու ամառն առանց դրանց թերի համարվող մթերքներ են:

Իսկ ի՞նչ է կատարվում այդ անհամադրելիների համադրությունից. գազեր, փորափքանք, ցավ ստամոքսում, սրտխառնոց ու զուգարան գնալու խնդիրներ: Այո, խոստովանենք, որ շոգ ամառվա պայմաններում շատ տհաճ երևույթներ են թվարկվածները. մի կողմից պետք է դիմակայես շոգին, մյուսից` առողջական խնդիրներին:

Իսկ նման կերպ տևականորեն սնվելու դեպքում հասկանալի զարգացում կարող է լինել, այն է` բերանի տհաճ հոտ, մաշկի չորություն, ցան, քրոնիկ բորբոքումներ, վատ քուն, էներգիայի ցածր մակարդակ ու մարսողական քրոնիկ խնդիրներ: Բերենք ամենասիրված համադրությունների մի քանի տարբերակ.

Լոլիկ ու վարունգ

Ամռանը մեր սնունդի հիմնական բաժինը կազմում են լոլիկն ու վարունգը, որովհետւ թեթև սնունդ ընդունելու ցանկությունը մեզ առաջին հերթին հիշեցնում է այս բանջարեղենային աղցանի մասին, որը նաև զովացնում է: Բանն այն է, որ վարունգը հիմնային բանջարեղեն է, իսկ լոլիկը` թթվային. դրանց համադրության հետևանքը լինում է աղերի գոյացում:

Լոլիկն ու վարունգը մեր օրգանիզմում տարբեր կերպ են յուրացվում, ու երբ ստամոքսում թթու է անջատվում վարունգը մարսելու համար, լոլիկն այդ ընթացքում սկսում է խմորվել: Հենց դրա համար էլ լոլիկով ու վարունգով աղցանի մեծ չափաբաժինը հաճախ հանգեցնում է փորափքանքի և ուժգին գազառաջացման:

Միրգ սնվելուց հետո

Վաղուց հայտնի է, որ մրգերը դժվար համադրելի են մյուս մթերքների հետ, քանի որ դրանց մեջ պարզ շաքարներ կան, այսինքն` դրանք մարսելու համար օրգանիզմը ջանք ու եռանդ չի ծախսում: Դա նշանակում է, որ մրգերը ստամոքսում երկար չեն կարող մնալ: Մյուս մթերքները, ասենք` յուղոտ սնունդը, սպիտակուցներն ու օսլան ավելի երկար ժամանակում են մարսվում: Այսինքն` սնվելուց հետո մրգեր ուտելու դեպքում մրգային շաքարը կմնա ստամոքսում ու կսկսի թթվել:

Լազանյա կամ գրիլի հաց ու պանիր

Սպիտակուցներին ու օսլային մարսվելու համար տարբեր թթվայնության տարբեր ֆերմենտներ են անհրաժեշտ: Երբ դրանք միասին ենք ուտում, օրգանիզմը հարկադրված սկսում է յուրացնել սպիտակուցը, ոչ թե օսլան, ինչի հետևանքով, չմարսված օսլա պարունակող մթերքները ենթարկվում են ֆերմենտացման ու քայքայման, օրգանիզմում գոյանում է թունավոր վերջնարդյունք: Կանաչի ավելացրեք պանրով ուտեստներին, դրանք ավելի «հարմար» կդառնան ստամոքսի համար:

Էլ ինչ ենք սիրում

Մակարոն` տոմատի թանձրահյութով

Թթու լոլիկը խորհուրդ չեն տալիս խառնել ածխաջրերի հետ: Համադրելիության մասին սննդի տեսությունը թախանձագին հորդորում է` խուսափել ածխաջրերի ու թթուների համադրությունից: Դա հղի է մարսողական խնդիրներով, ուտելուց հետո հոգնածության զգացումով:

Մարմնի համար մեծ քանակությամբ էներգիա է պահանջվում այդ բարդ սնունդը մարսելու համար: Ուստի խորհուրդ է տրվում մակարոնեղենն ուտել տապակած բանջարեղենի կամ պեստո թանձրահյութի հետ:

Շիլա կամ վարսակափաթիլներ կաթով կամ նարնջի հյութով

Նարնջահյութի կամ ցանկացած թթվաշ մրգի բաղադրած թթուները քայքայում են այն ֆերմենտը, որը պատասխանատու է օսլաների յուրացման համար: Իսկ օսլաներ կան հատիկավորներում: Բացի այդ, թթուները կաթը կարող են կտրել` վերածելով կաթնաշոռային զանգվածի, որը ծանր ու լպրծուն է և դժվարացնում է մարսողությունը:

Առողջ սնվելու համար մրգերն ու ասենք` նարնջի հյութը խմեք վարսակափաթիլներով շիլա ուտելուց կես ժամ առաջ:

Պանիր ու լոբի

Կաթնային սպիտակուցների ու լոբազգիների համադրությունը բնորոշ է համարվում մեքսիկական խոհանոցին, մինչդեռ դա, կարելի է ասել, երաշխավորված գազառաջացման ու փորափքանքի աղբյուր է:

Բանան ու կաթ

Այուրվեդայի կարծիքով՝ սա ամենապայթյունավտանգ համադրություններից է, որը մարմնում ծանրության զգացում է առաջացնում, հետն էլ «ծանրացնում» է միտքը:

Իսկ եթե սա ձեր սիրած խառնուրդն է, ուրեմն հետևեք, որ գոնե բանանը շատ հասունացած լինի, բացի այդ, խառնուրդի մեջ հիլ ու մշկընկույզ ավելացրեք մարսողությունը խթանելու համար:

Յոգուրտ և մրգեր

Ըստ Այուրվեդայի տեսության՝ չի կարելի համադրել թթու մրգերը կաթնամթերքի հետ: Դա նվազեցնում է մարսողության արագությունը, փոփոխում աղիքային ֆլորան, թույներ արտադրում ու, որքան էլ տարօրինակ հնչի, հարբուխ, մրսածություն, հազ ու ալերգիա է առաջացնում:

Այուրվեդան առաջարկում է խուսափել այն մթերքների համադրությունից, որոնք մարսողական համակարգում կանգ են առաջացնում, օրինակ` մրգերի հետ խառնած սառը յոգուրտը:

Եթե յոգուրտ սիրում եք, ապա անվտանգ կիրառման տարբերակ է սենյակային ջերմաստիճանի մթերքը, երկրորդ տարբերակը` դարչինով ու չամիչով համադրությունն է մրգերի փոխարեն:

Կարելի է ասել, որ Այուրվեդայի տեսությունը խիստ հակասում է մեր ճաշակներին ու նախընտրություններին: Հաջորդ համադրությունը կրկին դա է վկայում: Մենք սիրում ենք ու շատ խոհանոցներում է առաջարկվում, ասենք, աղցանը կիտրոնահյութով ցողելը:

Չարժե բադրիջանը, կարտոֆիլն ու լոլիկը համադրել վարունգի հետ, ու կիտրոնն էլ հաջող հավելում չէ այս դեպքում:

Իրար հետ անհամատեղելի մթերքների օգտագործումը հարկադրում է լյարդին խստացված ռեժիմով աշխատել ու քանի օրգանիզմն առողջ է ու երիտասարդ, ոչ մի անհարմարություն դրա հետևանքով չես զգում, սակայն ժամանակի ընթացքում նման ծանրաբեռնվածությունը կարող է լուրջ խանգարումներ առաջացնել:

Իհարկե, յուրաքանչյուր մարդու օրգանիզմ տարբեր կերպ է արձագանքում վատ համադրություններին: Շատերը մարսողական ու ալերգիկ խնդիրները վերագրում են այս կամ այն հանգամանքին ու մթերքին: Իրականում պատճառը մթերքների ոչ ճիշտ համադրությունն է:

Բացի այդ, մեզանից երևի թե շատերն այնքան են հարմարվել մարսողական խնդիրներին, որ արդեն չգիտեն՝ հակառակն էլ է լինում, այսինքն` ապրել առանց անհարմարություն զգալու:

Այուրվեդան վստահեցնում է` եթե երկու շաբաթ սնվեք՝ հետևելով այս խորհուրդներին, ապա արդյունքը կզգաք սեփական ստամոքսի ու մարմնի վրա, ավելի շատ էներգիա կունենաք ու հետն էլ` նախանձելի չափսեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: