Հայերեն   English   Русский  

​Առանց անցյալի արժևորման գալիք չես ունենա


  
դիտումներ: 2353

ՀՀ-ում հունիսի 29-ը նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր:

Այդ առիթով հանդիպել ենք «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Ռիմա Առաքելյանին, որ նաև անհայտ կորած Շահեն Առաքելյանի («Արաբո» ջոկատից) մայրն է:

- Տիկին Առաքելյան, ե՞րբ և ինչպե՞ս ծնվեց հասարակական կազմակերպություն ստեղծելու գաղափարը:

- Մեր կազմակերպությունը ստեղծվել է 2000-ի մարտի 9-ին, և հենց նույն թվականի հոկտեմբերի 23-ին ընդունվեց կառավարության որոշումը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը նշելու մասին: Տարբեր առիթներով մինչ այդ հանդիպել էի անհայտ կորած տղաների հարազատներին, բայց մոտիկից չէինք ճանաչում միմյանց: Ժամանակի ընթացքում հասկացա, որ եթե ուզում ենք մեր ձայնը լսելի լինի` պիտի ունենանք մեր կազմակերպությունը: Դա հեշտ չէր, բայց ես շրջապատված էի այնպիսի մարդկանցով, այնպիսի ծնողներով, որ ստիպեցին հաղթահարել դժվարությունները և լծվել կազմակերպության կայացման գործին: Եվ ահա արդեն 18 տարի միասին հաղթահարում ենք մեր ցավն ու խնդիրները: Իհարկե, այս տարիների ընթացքում ունեցել ենք նաև վրիպումներ, բայց այն, ինչ ծնվում է մայրական հոգուց, միշտ էլ ծառայում է խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը: Ավելի ուշ կազմակերպության ծնողների պահանջով դարձա ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի անդամ: Այդ կառույցը ղեկավարել են ՀՀ պաշտպանության նախարարները: Պաշտպանության նախարարությունը մեր հայրական տունն է: Հանձնաժողովը մշտապես մեր կողքին է եղել: Հայրենիքի համար պատերազմի դաշտ մեկնած տղաների հարազատներին չպետք է մերժել, երբ նրանք դիմում են որևէ հարցով: Ցավոք, այս օրերին հանձնաժողովը լուծարված է: Դրան կից կար նաև պրոֆեսիոնալ աշխատանքային խումբ: Ճիշտ է, այս 26 տարիների ընթացքում մենք չենք ունեցել Արցախյան ազատամարտում որևէ անհայտ կորածի վերադարձ, բայց այն միտքը, որ պետությունը զբաղվում է այդ գործով` հույս է տվել: Ընդհանրապես հարազատների վիշտը խորացնում է մեր հակառակորդի մասին պատկերացում ունենալը, ինչպես նաև նրանց կողմից համագործակցության ցանկության բացակայությունը:

- Ի՞նչ ձեռքբերումներ ունի Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդը:

- Այն, ինչ մենք տվել ենք իրար` դրանով ապրել ենք, ապրել են մեր ընտանիքները, ու հույսը չի մարել: Միմյանցով լիցքավորված՝ շարունակել ենք մեր կյանքը: Ինչ վերաբերում է շոշափելի ձեռքբերումներին. պաշտպանության յուրաքանչյուր նոր նշանակված նախարար օգնել է որոշակի գումարով, որ ես բաժանել եմ տղաների ընտանիքներին: Եթե Երևանից ունենք 76 անհետ կորած, ապա նրանց թիվը մարզերում 400-ից ավելի է, Արցախն էլ հաշված՝ հազարն անց: Մենք աշխատում ենք ՀՀ ողջ տարածքում: Նշված հանձնաժողովի աշխատանքային խմբի ներկայացուցիչ, գնդապետ Սամվել Ասատրյանի հետ գնում էինք մարզեր, տեղում ծանոթանում տղաների ընտանիքի անդամների խնդիրներին (առողջապահական, սոցիալ-տնտեսական, կրթական) և հնարավորության սահմաններում փորձում աջակցել: Այդ մարդիկ շատ են ուրախանում անգամ պարզ վերաբերմունքից: Ուստի հույս ունեմ, որ ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանը, որ նախկինում միշտ եղել է մեր հանձնաժողովներում և գիտի ընտանիքների հետ տարվող մեր աշխատանքը, այժմ էլ հաշվի կառնի այդ գործունեության կարևորությունը և կվերստեղծի հանձնաժողովը: Մեր որդիները ժամանակին առանց վարանելու են իրենց ձեռքը մեկնել հանուն այսօրվա խաղաղության: Մենք երբեք չենք դժգոհում, ինչ էլ լինում է` հարմարվում ենք, բայց ցավով պիտի նշեմ, որ վերջին տարիներին, հատկապես քառօրյա պատերազմից հետո (թող ոչ ոք չվիրավորվի, մենք մեռնում ենք հավասարապես ամեն մի զինվորի մահով), անցյալն ավելի մոռացվեց, բայց առանց դրա արժևորման գալիք չես ունենա: Մեր հանրապետության անցած ուղին մեր որդիներն են, որ տվեցին իրենց կյանքը, բայց չունեցան գերեզման: Սա խորը վիշտ է, որովհետև անգամ շիրիմը կարող է սփոփանք դառնալ, բայց մեր դեպքում դա էլ չկա: Մենք ապրում ենք ֆիզիկապես, իսկ հոգեպես վաղուց մահացած ենք: Նույնը մտածում եմ նաև այն տղաների մասին, որ մնացել են գերության մեջ: Ըստ գերիների մասին իմ կարդացած գրքերի՝ լինում են դեպքեր, երբ նրանց ազատում են, բայց այդ մարդիկ չեն ուզում վերադառնալ, այնքան որ հետ են վարժվում մարդկային կյանքից: Իսկ թե ինչպիսի կտտանքների կարող է ենթարկել մեր թշնամին, դա, ցավոք, լավ գիտենք: Մեր միջնորդ Կարմիր խաչն էլ, որի լիազորությունները ցավալիորեն քիչ են, չի կարողանում ապացուցել, որ հայ տղաներ կան ադրբեջանական բանտերում, բայց մենք տեղեկություններ ունենք, որ հայեր կան ու բավականին շատ:

- Ինչու՞ է հենց հունիսի 29-ն ընտրվել որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր:

- Արցախյան ազատամարտում 1992-ի հունիսի 29-ին ամենաշատ անհետ կորածներն ենք ունեցել՝ 76 հոգի: Այդ օրը կռվի մեջ մտած տղաները տարբեր ջոկատներից էին («Արաբո», «Զեյթուն», «Արծիվ 13» և Արցախի 13-րդ սովխոզի ջոկատ), հզոր մարտ են տվել, բայց բոլորն էլ անհետ կորել են՝ ոչ միայն չվայելելով այս անկախության պտուղները, այլև մինչ օրս ըստ արժանվույն չպարգևատրվելով, ինչն այս անկախությունը զրկում է լիարժեքությունից:

- Սովորաբար ինչպե՞ս եք անդրադառնում այդ օրվան, ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվում:

- Ամեն տարի հունիսի 24-ին սկսում ենք մեր միջոցառումները Արցախից: Ես տանում եմ այդ 76-ի ընտանիքներին: Մեր տղաների ընկերները ցույց են տվել այն տեղը, որտեղ մղվել է կռիվը, և մենք սահմանին կանգնած՝ ամենամոտ հողերի վրա, դնում ենք մեր ծաղիկները և արագ հեռանում, քանի որ վտանգավոր է: Երկու տարի առաջ մեր հուշումով և Մատաղիսի հրամանատար Հարություն Ամիրխանյանի ջանքերով այդ վայրում մի գեղեցիկ խաչքար կանգնեցվեց: Այս այցելության ընթացքում մենք անպայման լինում ենք նաև Արցախի Հանրապետության Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության ջանքերով ստեղծված թանգարանում: Վերադառնում ենք հունիսի 26-ին և պատրաստվում Եռաբլուրի Անհայտ կորածների հիշատակին կանգնեցված հուշարձանի այցելությանը հունիսի 28-ին բարձրաստիճան հյուրերի ուղեկցությամբ: Ի դեպ, օգոստոսի 30-ին էլ նշվում է Անհայտ կորածների միջազգային օրը, երբ ծաղիկներ ենք դնում Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող «Արաբո» ջոկատի մարտիկներին նվիրված խաչքարին, որ կանգնեցրել ենք մայրերի և նույն համայնքի թաղապետարանի ջանքերով: Մենք պարտավոր ենք գոնե այդ օրերին տարատեսակ միջոցառումների օգնությամբ հիշեցնել տղաների մասին:

- Ի՞նչ եք հասկացել այս տարիներին, որ կցանկանայիք փոխանցել մեր ընթերցողին:

- Ես միայն կխնդրեի հիշել մեր տղաներին, շատ կարևոր է ուշադրությունը: Անհայտ կորածներից շատերն ունեն երեխաներ, ճիշտ չէ նրանց անտեսելը, քանի որ երբ վիշտը դուրս է գալիս մեր սրտերից և դառնում համաժողովրդական, այնժամ իմանում ես՝ ինչու է գնացել որդիդ, տեսնում ես, որ մենակ չես: Ուստի փառք Եռաբլուրում հանգչող նահատակներին, իսկ մեր անհայտ կորած տղաներին՝ բարի վերադարձ:

Զրույցի վերջում խոսեցին նաև «Զեյթուն» ջոկատից անհետ կորած Վրեժ Գրիգորյանի մայր Սամարա Գրիգորյանը և «Արաբո» ջոկատից Արթուր Ղարիբյանի մայրը՝ Ալվարդ Ղարիբյանը:

Սամարա Գրիգորյան - Տղաս 18 տարեկան էր այն ժամանակ: Լինելով «Զեյթուն» ջոկատից՝ միանում է «Արաբոյին» և 1992-ի հունիսի 29-ին կամովին մեկնում Մարտակերտի Լենինավան գյուղի պաշտպանությանը: Ինքս էլ շահումյանցի եմ, և այդ օրերին ընտանիքիս գրեթե բոլոր անդամներն էին լծված հայրենիքի պաշտպանությանը: Դրա համար էլ կարճ ժամանակով մի փոքր հանգստանալու համար Երևան վերադարձած որդուս այդպես էլ չկարողացա հետ պահել: Շահումյանն արդեն հանձնել էին, և նա սպառնաց, որ ինքնասպան կլինի աչքիս առաջ, եթե խանգարեմ, որովհետև վերադարձի երդում է տվել: Այդ օրվանից հետո ո՛չ տեսա նրան, ո՛չ էլ ձայնը լսեցի: Ուստի թող բոլորն իմանան, որ պատերազմներից հետո ամենադժվարը անհայտ կորածի հարազատ լինելու կարգավիճակն է, որովհետև դուռդ չես փակում, վեր ես թռչում ամեն մի զանգից, զավակի սպասումով դժվարացնում ես ընտանիքիդ մյուս անդամների կյանքը, բայց չէ՞ որ նրանք նորմալ ապրելու իրավունք ունեն: Ուստի արդեն տարիներ շարունակ խորհրդի ծնողներով միասին ենք տխրում և ուրախանում, արդեն որերորդ անգամ վերապրում ցավը և սպասում որևէ պատասխանի: Մենք ապրում ենք միայն նրա համար, որ տեսնենք մեր տղաներին, և եթե անգամ զոհվել են, գոնե նրանց աճյունները վերադարձվեն Հայաստան, որ մահվանից առաջ իմանանք՝ մեր որդիները հայոց հողում են ամփոփված: Ուզում եմ՝ թշնամու ձեռքին մինչև հիմա տառապող մեր զավակներից գոնե մեկնումեկը հետ վերադառնա, ոչ իմ որդին, ցանկացած մեկը, որ պատմի, հասկանանք՝ ինչ կատարվեց:

Ալվարդ Ղարիբյան - Իմ որդուն մենք շուտ էինք ամուսնացրել, պատերազմի մեկնելիս արդեն երկու զավակ ուներ, իսկ երրորդը ծնվեց նրա կորչելուց հետո: Եվ արդեն 26 տարի ես ծառայում եմ իմ թոռներին ու հարսին, որ խոնարհաբար և խաղաղությամբ ապրեց մեզ հետ և զավակներին հասցրեց իրենց նպատակին: Թոռնիկներս իմ մխիթարությունն են, և բոլորս միասին վառ ենք պահում որդուս հիշատակը: Ես էլ շատ կցանկանամ, որ զոհվածների կամ պատերազմի մասնակիցների միջև տարբերություն չդնեն, չէ՞ որ իմ տղայի երեխաներն էլ են ուզում իրենց հորը գնահատված տեսնել, իրենք էլ լավ զգան իրենց հերոս հայրիկով, որ ասում էր՝ ՛՛Մամ ջան, չմտածես, մեր երկիրը կպահի իմ երեխաներին, ես հայրենիքս պետք է պաշտպանեմ՛՛:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: