Հայերեն   English   Русский  

​ԿՈՆՍՏԱՆԴԻՆ Գ ԿԵՍԱՐԱՑԻ


  
դիտումներ: 11141

Կոնստանդին Գ Կեսարացի կաթողիկոսի աթոռակալման ժամանակաշրջանը՝ 1307-1322 թթ., Կիլիկիայի հայոց թագավորության համար օրհասական ու ծանր տարիներ էին: Կիլիկիայի հայոց թագավորությունը ոչ միայն բարդ աշխարհաքաղաքական միջավայրում էր գտնվում և ենթակա էր արտաքին քաղաքական ու ռազմական ճնշումների, այլև երկիրը քայքայվում էր կրոնական երկպառակությունների պատճառով: Հայոց երկրում միմյանց միջև անհաշտ պայքար էին ծավալել ունիթորներն ու հակաունիթորները: Առաջինները ցանկանում էին հայոց եկեղեցին միավորել կաթոլիկ եկեղեցուն, հակաունիթորները դեմ էին այդ միությանը՝ ունիային:

Խոսուն է Կոնստանդին Գ Կեսարացի կաթողիկոսի մականունը՝ Հերձվածող: Նա դեռ մինչև կաթողիկոս օծվելը հայտնի էր այդ անվամբ, երբ իր նախորդ՝ Գրիգոր Է Անարվազեցի կաթողիկոսի ցուցումով ուղևորվել էր Սյունիք՝ համոզելու հայոց արևելյան կողմի վարդապետներին ընդունել կաթոլիկություն: Այստեղ նրա դեմ հանդես է եկել Սյունյաց առաջնորդ Ստեփանոս Օրբելյան պատմիչը: Կոնստանդին Կեսարացին հրաժարվել է իր հետ Կիլիկիա բերել Ստեփանոս Օրբելյանի պատրաստած նամակը, որում քննադատում էր Կիլիկիայում հաստատված Մայր Աթոռի ուղեգիծը:

Ապագա կաթողիկոսը ծնվել է 1240-ական թվականներին: Բուն ծննդավայրն անհայտ է: Կեսարացի է կոչվել, քանզի մինչ կաթողիկոս ընտրվելը Կեսարիայի արքեպիսկոպոսն էր:

Կիլիկիո հայոց թագավորության կառավարման լծակները գտնվում էին թուլակամ ու կրոնամոլ Հեթում Բ Հեթումյանի ձեռքում, որը, լատինամոլ լինելով, հայոց պետության ապագան տեսնում էր Վատիկանի և եվրոպական տիրակալների հովանու ներքո: Եվ որպես փոխհատուցում Հեթում Բ-ն պատրաստ էր Կիլիկիայի հայոց թագավորությունում տարածել կաթոլիկություն: Ի դեպ, Հեթում Բ-ն մի քանի անգամ հրաժարվել էր գահից և վանք մտել, սակայն իրեն վերապահելով պետության թագավորահոր պատասխանատու պաշտոնը՝ վանքից կառավարում էր հայոց արքունիքը: Իսկ անվանական թագավորը Հեթում Բ-ի եղբորորդին էր՝ պատանի Լևոն Դ-ն:

Եվ բնականաբար հայոց եկեղեցին Վատիկանին միավորելու որոշումն իրագործելու համար Հեթումը Գրիգոր Է Անարվազեցի կաթողիկոսի մահից հետո պետք է կաթողիկոսական աթոռին հաստատեր իր կամակատարին: Եվ ընտրությունը կանգ առավ հենց Կոնստանդին Կեսարացու վրա, որ Հեթումի կամքով «ընտրվեց» կաթողիկոս և օծվեց 1307 թ. մարտի 13-ին:

Ընտրվելով ամենայն հայոց կաթողիկոս՝ Կոնստանդին Գ Կեսարացին Հեթում Բ-ի հետ ձեռնամուխ եղավ հայոց երկրում կաթոլիկության տարածմանը: 1307 թ. Սիս մայրաքաղաքի Սուրբ Սոֆիա եկեղեցում արքան ու կաթողիկոսը եկեղեցականների և աշխարհականների ժողով հրավիրեցին և ընդունեցին որոշում Հայ առաքելական եկեղեցին կաթոլիկ եկեղեցուն միավորելու վերաբերյալ:

Այդ որոշումը բուն Հայաստանում տարածելու նպատակով կաթողիկոսը պատվիրակներ ուղարկեց հայոց արևելյան կողմի վարդապետներին՝ Սյունիք: Սակայն բուն հայոց հոգևորականությունը ոչ միայն մերժեց Սսի ժողովի որոշումները, այլև սուր քննադատության ենթարկեց: Սա ավելի սրեց հայոց մեջ դավանաբանական հակասություններն ու երկիրը նետեց կրոնական պատերազմի գիրկը:

1307 թ. մոնղոլները ցանկացան Սիս մայրաքաղաքում մզկիթ կառուցել: Դրան ընդդիմացավ հայ կղերականությունը: Հայ-մոնղոլական հարաբերությունները, որ դաշնակցական և բարեկամական էին, լարվեցին: Փիլարդու զորավարը, նոյեմբերի 17-ին իր մոտ հրավիրելով Հեթում թագավորահորը, Լևոն Դ-ին և 40 իշխանների սրակոտոր արեց:

Իմանալով կոտորածի լուրը՝ Օշին արքաեղբայրը փութաց Սիս մայրաքաղաք, ի մի բերեց հայոց գնդերը և արշավելով Անարվազա՝ երկրից վտարեց բոլոր մոնղոլներին:

1308 թ. հայոց գահ բարձրացավ Հեթումի եղբայր Օշին Հեթումյան արքան: Նա իր եղբայր Ալինախին, որ հայոց պատմագրության մեջ հիշատակվում է նաև Ռուբեն անունով, ուղարկեց Թավրիզ, մոնղոլ խանի մոտ՝ դատապարտելու Փիլարդուին: Վերջինիս խանը դատեց և մահվան դատապարտեց: Այն իր ձեռքով իրականացրեց Ալինախ արքաեղբայրը: Մոնղոլ խանը նաև, իսլամի կարգի համաձայն, վճարեց բոլոր զոհվածների արյան գինը: Ութ տարի անց Ալինախը մահացավ՝ գետում լողանալիս գլխին հարված ստանալով իր իսկ ձիու սմբակից:

Ալինախն ու Օշինը զույգ եղբայրներ էին: Ալինախը հրաժարվեց գահի հավակնությունից, և Կիլիկիո թագավորության գահն անցավ Օշինին: Կոնստանդին Գ Կեսարացին Օշինին Տարսոնում օծեց հայոց թագավոր, և արքան ու կաթողիկոսը միասին ձեռնամուխ եղան կաթոլիկության տարածմանը:

Սակայն այդ ընթացքը բարդ էր: Հայ հոգևորականությունն ու ժողովուրդը դիմադրում էին: Սիս մայրաքաղաքում և Կիլիկիայի մարդաշատ վայրերում հոգևորականությունը շարունակ հուզումներ էր հրահրում: 1308 թ. հայ հոգևորականները Ադանայում ժողով են գումարում, որին չեն հրավիրում կաթողիկոսին, և այնտեղ մերժում են Սիսի ժողովի ընդունած որոշումները: Երուսաղեմի պատրիարքը նույնպես իր աջակցությունն է հայտնում Ադանայի ժողովի մասնակիցներին՝ խզելով իր կապերը Մայր Աթոռի հետ:

Սա զայրացրեց Օշին արքային և կաթողիկոսին, որոնք բռնություններ կիրառեցին ժողովի մասնակիցների նկատմամբ: Արքայի հրամանով շատերը մահվան դատապարտվեցին: Շատերն արքայի ու կաթողիկոսի կամքով աքսորվեցին Կիպրոս կղզի: Այստեղ թագավորում էր Օշինի քեռորդին, որ հալածյալներին բանտեր նետեց, շատերն այնտեղ մահացան: Սակայն խռովությունները, որ երբեմն զինված պայքարի էին հասնում, չհանդարտվեցին:

Կիլիկիայի հայոց թագավորությունում մոլեգնում էր կրոնական ներքին պատերազմը, իսկ արտաքին թշնամին քնած չէր:

1314 և 1315 թթ. Կիլիկիո թագավորությունը ենթարկվեց մոնղոլների և Եգիպտոսի սուլթանության ասպատակություններին: Արքան ու կաթողիկոսը, փոխանակ զբաղվելու երկրի անվտանգության խնդիրներով, մեկնեցին Արևելյան Հայաստան՝ Բաղեշ՝ այնտեղ հանդիպումներ կազմակերպելով հայ հոգևորականության հետ, որպեսզի համոզեն վերջիններիս ընդունել կաթոլիկություն:

1317 թ. հուլիսի 10-ին արքան ու կաթողիկոսը Ադանայում նոր ժողով գումարեցին 17 եպիսկոպոսների, 7 վարդապետների և 10 իշխանների մասնակցությամբ՝ նրանց ստիպելով ընդունել կաթոլիկ եկեղեցու հետ ունիայի՝ միության բանաձևը: Անգամ կաթողիկոսի և արքայի հրավերով հայոց թագավորություն ժամանեցին տասնյակ դոմինիկյան միաբաններ՝ լատինական ծեսերն ու լատիներենը հայերի մեջ տարածելու նպատակով:

Հայերի լատինամոլ կեցվածքը գրգռում էր Եգիպտոսի սուլթանությանն ու մոնղոլներին, որոնք մի քանի անգամ ասպատակեցին երկիրը: Մանավանդ Եգիպտոսի կողմից վտանգն ահագնանում էր: 1319 թ. եգիպտական զորքերը մինչև մայրաքաղաք Սիս հասան, սակայն չկարողացան գրավել այն:

Ի դեպ, կաթոլիկ եկեղեցին այդպես էլ էապես օգնություն չցուցաբերեց հայոց թագավորությանը: Պապի ամենաազդու «օգնությունն» այն էր, որ 1322 թ. դեկտեմբերի 25-ին հատուկ կոնդակով կոչ արեց աշխարհի քրիստոնյաներին աղոթել հայերի հոգիների փրկության համար:

1320 թ. հուլիսի 20-ին 37 տարեկան հասակում մահացավ Օշին Հեթումյան արքան: Գահն անցավ նրա անչափահաս որդուն՝ Լևոն Ե-ին: Սակայն պետության կառավարման իրական լծակները գտնվում էին թագավորահայր և պետության խնամակալ Հեթումյան տոհմից Օշին Պայլի ձեռքում, որին հանգուցյալ արքան լայն արտոնություններ էր շնորհել: Օշին Պայլն էլ կաթողիկոսի հետ շարունակեց նախորդ արքայի ընթացքը՝ հայոց երկրում բռնությամբ տարածելով կաթոլիկություն:

Կոնստանդին Կեսարացին այս գործում դարձյալ աջակցեց Օշին Պայլին: Սակայն դա երկար չտևեց: Կոնստանդին Կեսարացին մահացավ 1322 թ. հունվարի 6-ին:

Վահէ Լոռենց





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: