Հայերեն   English   Русский  

​Քրեական դատավարություն (մաս 4)


  
դիտումներ: 2400

Նախորդ հոդվածներում անդրադարձանք քրեական դատավարության որոշ կարևոր սկզբունքների: Շարունակելով քրեական դատավարությանը նվիրված հոդվածաշարը այս համարում կարծարծենք քրեական դատավարությանն առնչվող որոշ կարևոր հարցեր:

Քրեական դատավարության խնդիրներ են.

- Անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից:

- Անձի և հասարակության պաշտպանությունը պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից` կապված իրական կամ ենթադրվող հանցավոր արարքի հետ:

Քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում`

- քրեական օրենսգրքերով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և տվյալ օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի,

- որևէ անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի,

- ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման:

Քրեական գործ հարուցելու և հանցագործությունը բացահայտելու պարտականությունը

Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:

Նույն քրեական գործի նախաքննության ընթացքում նույն անձի կողմից այլ հանցագործություն կատարելու փաստերի հայտնաբերման դեպքում կարող է նոր քրեական գործ չհարուցվել, եթե արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում հնարավոր է գործի նախաքննությունն իրականացնել ամբողջ ծավալով։

Քրեական գործերի միացումը և անջատումը

Քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ մեկ վարույթում կարող են միացվել մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակցելու մեջ մեղադրվող մի քանի անձանց գործերը կամ մի անձի կատարած մի քանի հանցագործությունների վերաբերյալ գործերը, ինչպես նաև այլ քրեական գործեր, եթե դրանց փաստական հանգամանքներով պայմանավորված՝ առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտություն:

Մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակից անձանց նկատմամբ գործն անջատվում է քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքներից ելնելով և չի կարող անդրադառնալ գործի վարույթի լրիվության և օբյեկտիվության վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: