Ստեփան Դանիելյան.նիկոլները
Եթե Նիկոլը ժողովրդի թեկնածուն է, ապա ժողովրդի ամեն մի մասնիկ ունի իր նիկոլը և հակառակն` ամեն մի մասնիկ Նիկոլի մեջ իրեն է տեսնում:
Մեկի նիկոլը կոռուպցիայի լայն հնարավորություններ է ստացել ու դրանից երջանիկ է, մյուսի նիկոլը պայքարում է օլիգարխների դեմ ու վերադարձնում ժողովրդից գողացած փողերը, մեկ այլ նիկոլ սեքս բոմբ է ու դրսևորման անսահմանափակ հնարավորություններ է ստացել, որոշ նիկոլներ եկել են քաղաք ու այն գրավել` դա ռևանշ է:
Ամեն մեկն ունի իր նիկոլը: Այլ նիկոլի նրանք չեն ընդունի, ավելին` կդապարտեն, եթե պարզվի, որ ամեն ինչ սուտ էր:
Ժողովրդի ամեն մի առանձին մասնիկ սիրում և ատում է իր ուրույն նիկոլին: Մեկի նիկոլն արևմտամետ է, մյուսինը` պրագմատիկ գեոպոլիտիկ, որը հարաբերություններ է կերտում Ռուսաստանի հետ: Մեկինը` ժողովրդավար և էկոլոգիայի առաջամարտիկ, մյուսինը` տնտեսագետ և աշխատատեղեր ստեղծող:
Իրական Նիկոլը, քանի դեռ "ժողովրդի թեկնածու" է, այլ ոչ ընտրությունների միջոցով կոնկրետ ծրագրով իշխանության եկած քաղաքական թիմի պատասխանատու, պետք է բավարարի բոլոր նիկոլների չափորոշիչներին: Իսկ այդ նիկոլները տարբեր են, հաճախ` իրարամերժ, ավելի հաճախ` միմյանց ատող ու հակասող:
Հիմնական խնդիրն այդ նիկոլների բազմությունն է, որոնց կերպարներին իրական Նիկոլը պետք է համապատասխանի, որովհետև ընտրական ակտի միջոցով չի եկել իշխանության, այլ բազմաթիվ նիկոլների գործողության հետևանքով:
Եթե Նիկոլը փորձի կոնկրետանա, հստակեցնի իրեն, ապա նիկոլներն իրենից երես կթեքեն, իսկ ընտրությունների անգամ սկիզբը չի հայտարարված:
Սա է պրոբլեմը, որի պատճառով կոնկրետ, հստակ ու հասկանալի Նիկոլ հորիզոնում դեռ չի երևում: Իսկ եթե երևա, ապա հավաքական Նիկոլը կփլուզվի: