Հայերեն   English   Русский  

​Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը


  
դիտումներ: 1122

Պաշտոնական Թեհրանը ողջունեց եւ դրական գնահատական տվեց Թուրքիայի նախագահի վերընտրությանը:

Հավանաբար քաղաքական առումով ընկալելի դրսեւորում է, որն անում է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակը:

Քաղաքական ընկալելիությունը այս դեպքում առավելաբար տարածաշրջանում Մոսկվա-Թեհրան-Անկարա երբեմն ուրվագծային, հաճախ ուղղակի տեսանելի ռազմավարական եռակողմ դաշինքի հետ կապված է` հատկապես Սիրիայի տարածքում արձանագրվող իրադարձությունները նկատի ունենալով եւ Թեհրան-Վաշինգտոն ըստ էության հակադրության եւ Թեհրան-Վաշինգտոն վարիվերումնային հարաբերությունները նկատի ունենալով:

Ուրեմն խնդիրը միջինարեւելյան տարածաշրջանի կամ Սիրիական պատերազմի առնչված ռազմաքաղաքական իրադրությունների հետ կապ չունի միայն: Թեհրանի դեմ հատկապես Վաշինգտոնի կողմից կիրառվող մեկուսացման քաղաքականությունը հատկանշվեց միջուկային համաձայնությունից հետ քաշվելով եւ պայմանագիրը ստորագրած երկրներին կոչ անելով չեղարկելու համաձայնությունը: Պատժամիջոցների վերաորդեգրման առընթեր կոչերը կշարունակվեն արգելակելու Իրանից գազի արտահանումը:

Այս պայմաններում Անկարան Վաշինգտոնի թելադրած խաղի կանոններին հետեւելու ոչ միանշանակ քայլեր է առնում:

Թուրքիայի արտգործնախարարը հունիսի 26-ին հայտարարում էր, որ Թուրքիան անփոխարինելի դաշնակից է ո՛չ միայն ԱՄՆ-ի, այլեւ բոլոր դաշնակիցների համար: Պետք է հասկանալ այստեղ նաեւ` Իրանի:

Նույն օրերին Կրեմլը հաղորդագրությամբ հայտարարում էր, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահները համաձայնել են սերտորեն համագործակցել Սիրիայի տագնապի լուծման համար եւ անդրադարձել մարզում նավթի միացյալ ծրագրերի առաջնահերթությանը: Ուժանյութային/Նավթային-ռազմավարական ծրագրերի համաձայնեցման այս հայտարարությունը արվում էր զուգահեռ Իրանի մեկուսացման համար եւ վառելանյութիարտահանման դեմ մղվող ամերիկյան պայքարին, մինչ քաղաքական կոչերը կենտրոնանում էին իրանյան ուժերին սիրիական տարածքներից հեռացնելու հրամայականի վրա:

Թուրքական այս երկակի խաղը որոշ ճանապարհ անցել է արդեն եւ դեռեվս շարունակվելու նախադրյալներ է պարզում: Բայց վերադառնանք տարածշրջանային ռազմավարական առանցքին եւ անմիջապես նկատի ունենանք, որ այդ առանցքային պետություններից երկուսի հետ ամերիկյան հարաբերությունները վերափոխվելու շեմին են:

Թուրքիայի նախագահի վերընտրության շնորհավորանքի առիթով ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահները շեշտել էին իրենց վճռակամությունը ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, նախ` զինվորական հողի վրա: Նրանք նաեւ շեշտել էին Սիրիայի տագնապի լուծման համար միացյալ ճանապարհային քարտեզի կարեւորությունը եւ ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության շարունակության անհրաժեշտությունը:

Իսկ հիմա արդեն խոսվում է Թրամփ-Պուտին հելսինկյան հանդիպման նախապատրաստությունների մասին:

Առանցքի պետություններից Վաշինգտոնի հետ հարաբերաբար Անկարան եւ Մոսկվան այլ ուղղության վրա են գտնվում:

Վերադառանանք Էրդողանի վերընտրությունը Թեհրանի կողմից դրական եւ ողջունելի նկատելու հայտարարությանը եւ հիմա էլ նկատենք, որ հայտարարությունը կատարվել է ոչ թե նախագահական, ոչ թե արտգործնախարարի, այլ արտգործնախարարության խոսնակի աստիճանաչափով:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: