Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանցի պատգամավորներին ցմահ զրկել են ԵԽԽՎ մուտք գործելու իրավունքից


  
դիտումներ: 769

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կայքում հրապարակվել է Խորհրդարանական վեհաժողովում որոշ ներկա և նախկին պատգամավորների նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքի ուսումնասիրման շրջանակներում Անկախ հետաքննության մարմնի զեկույցը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը, զեկույցում նշված է 29 պատգամավորների անուններ, ովքեր մեղավոր են ճանաչվել էթիկայի նորմերի խախտման համար, ինչը դրսևորվել է կոռուպցիոն փաստերով: Այդ պատգամավորների մի մասը մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից ԵԽԽՎ-ում Ադրբեջանի իշխանությունների շահերից բխող լոբբինգի համար խոշոր գումարներ և նվերներ ստանալու համար:

Նրանց թվում է պատգամավոր Զլագո Էլինչիչ Պլեմենիտին, որը 2012 թ-ի հուլիսին «Laundromat» սկանդալում ներառված բրիտանական ընկերություններից մեկից 25 հազար եվրո է ստացել: «Կան կասկածներ, որ նա ընտրությունների մոնիթորինգի ժամանակ գործել է Ադրբեջանի օգտին»,- նշված է զեկույցում: Էլինչիչ Պլեմենիտին ցմահ զրկվել է Եվրոպայի խորհուրդ մուտք գործելու իրավունքից: Կոմիտեն ԵԽԽՎ մուտք գործելու իրավունքից զմահ զրկելու որոշում է կայացրել նաև այլ պատգամավորների՝ Կարին Ստրենց, Կարին Վոլդսեթթ, Լուկա Վոլոնտեի նկատմամբ:

Զեկույցում միջոցների փոխանցման կազմակերպիչների թվում նշված են ադրբեջանցի պատգամավորներ Մուսլիմ Մամեդովի և Էլխան Սուլեյմանովի անունները, ովքեր ևս ցմահ զրկվել են ԵԽԽՎ մուտք գործելու իրավունքից կոռուպցիայի հետ առնչություն ունենալու և էթիկայի նորմերի խախտման համար: Կոմիտեն նշում է նաև, որ վերոնշյալ անձինք հրաժարվել են համագործակցել և պատասխանել կոռուպցիայի փաստերի հետաքննության գծով կոմիտեի հարցերին:

ԵԽԽՎ մուտք գործելու իրավունքից զրկվածների թվում է նաև Ադրբեջանից նախկին պատգամավոր Գյուլթաքին Հաջիբեյլին, որի լիազորությունները դադարեցվել են 2010 թվականին: Զեկույցում նշված է, որ նրա գործողություններում գրանցվել են էթիկայի նորմերի չնչին խախտում:

Նշենք, որ վերջերս ադրբեջանցի պատգամավոր Էլխան Սուլեյմանովը հայտարարել էր, որ հրաժարվում է կոռուպցիոն մեղադրանքների մասին զեկույցի շրջանակներում ԵԽԽՎ-ում վկայություն տալ: Սուլեյմանովը գտնում է, որ ԵԽԽՎ-ի Անկախ արտաքին հետաքննության մարմնի գործունեությունը հակասում է ԵԽԽՎ կանոնակարգին:

Նա նաև հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել ԵԽԽՎ-ի և կառույցի դատավարական կանոնների, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի կոմիտեի ցանկացած լսմանը, որոնք իր երկրի դեմ զրպարտության քարոզչության հեղինակներն են, կամ էլ մեկնաբանություններ տրամադրել:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում վերջին տարիներին Ադրբեջանի հետ առնչություն ունեցող, «խավիարային դիվանագիտություն» անվամբ հայտնի կոռուպցիոն սկանդալ է գրանցվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: