Հայերեն   English   Русский  

Իրավիճակը՝ Նախիջեւանի հատվածում. ադրբեջանցիները չեն կարողանում ամրակայել իրենց առաջխաղացրած դիրքերը (տեսանյութ). Առավոտ


  
դիտումներ: 339

«Երեսուն տարում երբեք Ադրբեջանի կողմից պատերազմի համար ավելի բարենպաստ պայմաններ չեն եղել, ինչպես այսօր»,

- «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ում փորձագիտական քննարկմանն այսօր անդրադառնալով ՀՀ-ի և Նախիջեւանի հետ «սահմանագծում» տիրող իրավիճակին, ասաց ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին դեսպան, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը,փոխանցում է Առավոտը:

Քննարկմանը ներկա ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից նա հետաքրքրվեց՝ որո՞նք են Նախիջեւանի հատվածում հակառակորդի նոր դիրքերը:

Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց. «Այդ դիրքերն ադրբեջանական կողմը դրել է բացառապես իր վերահսկողության տարածքում. որոշների համար էլ փորձում են ճանապարհներ կառուցել, բայց դրանք լուրջ վտանգի տակ են: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում այժմ ճանապարհներ կառուցել այ դիրքերի համար: Այսօր իրենց նոր փորձերը՝ դիրքերի տեսքով, շատ ավելի վտանգված են: Որոշ դիրքեր առաջին ձյան հետ «հալվելու» են՝ գնան: Բահով հող փորելու առաջին իսկ ամրակայման փորձը չեզոքացվել է, ես համապատասխան տեսանյութը հրապարակել եմ: Մենք էլ ենք փորձում մեր դիրքերն առաջ տալ, իրենք էլ»:

Դավիթ Շահնազարյանը հարցրեց, թե ինչո՞ւ է թույլատրվել այդ առաջխաղացումը. «Նախիջեւանի գործոնն այսօր այնքան մեծ է, որ պետք է արհամարհել բոլոր քաղաքական գործոնները ու նման բան թույլ չտալ»:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց՝ չի կարող հարցին պատասխանել, դա հրապարակային տեղեկատվություն չէ. «Առաջխաղացում՝ չի նշանակում, թե իրենք մտել են այնպիսի տարածք, որի հաշվին մենք կորցրել ենք ինչ-որ վերահսկողություն»:

Շահնազարյանը եզրափակեց. «Նախնինում Զանգակատան ուղղությամբ ոչ մի փամփուշտ չի կրակվել, հիմա ինչպե՞ս հասկանանք իրավիճակը: Ինչո՞ւ հակառակորդի դիրքային առաջխաղացումը չի կանխվել»:

Արծրուն Հովհաննիսյանը կրկին շեշտեց, որ ամեն տեղեկատվություն հրապարակային չէ, միայն հավելեց. «Տեղանքն այնպիսին է, որ «ալպինիզմի» սկզբունքներով են դիրքեր ստեղծվում: Ճիշտ չէ մտածել, թե դրա համար անպայման մեղավորներ պետք է լինեն: Եթե այդպես մտածենք, մեր զինվորներին պետք է գնդակահարենք՝ հակառակորդի սողեսող շարժերի համար: Իրավիճակը Նախիջեւանում փոփոխական է. եւ մենք, եւ իրենք, բահով ու զենքով «գործ» ենք անում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: