Հայերեն   English   Русский  

​Քրեական դատավարություն (մաս 5)


  
դիտումներ: 1219

Շարունակելով քրեական դատավարությանը նվիրված հոդվածաշարը, այս համարում անդրադառնանք քրեական հետապնդմանը և դրա տեսակներին, քրեական հետապնդում իրականացնելու հիմքերին և բացառող հանգամանքներին:

Կատարված հանցագործության ծանրությունից և բնույթից ելնելով` քրեական դատավարությունում հետապնդումն իրականացվում է հանրային և մասնավոր կարգով:

Մասնավոր հետապնդման գործեր են համարվում տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերը, որոնք նախատեսված են տվյալ օրենսգրքի 183-րդ հոդվածով: Մնացած բոլոր հանցագործությունների վերաբերյալ գործերը համարվում են հանրային հետապնդման գործեր:

Քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն հարուցված քրեական գործով:

Հետաքննության մարմինը, քննիչը և դատախազը հանցագործության մեջ կասկածվող անձին կարող են ձերբակալել, հարցաքննել, նրա նկատմամբ կիրառել դատավարական հարկադրանքի միջոցներ, ինչպես նաև որպես մեղադրյալ ներգրավել և մեղադրանք առաջադրել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:

Դատախազը պարտավոր է դատարանում պաշտպանել մեղադրանքը, քանի դեռ չեն հայտնաբերվել քրեական հետապնդումը կամ քրեական գործի վարույթը բացառող հանգամանքներ:

Իսկ որո՞նք են քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները:

Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

1) բացակայում է հանցագործության դեպքը,

2) արարքի մեջ հանցակազմ չկա,

3) վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է իրավաչափ,

4) բացակայում է դիմողի բողոքը,

5) տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ,

6) անցել են վաղեմության ժամկետները,

7) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ դատարանի այլ որոշում, որը հաստատում է քրեական հետապնդման անհնարինությունը,

8) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում,

9) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկվելու` օրենքով նախատեսված տարիքին,

10) անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար,

11) անձը կամովին հրաժարվել է հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց, եթե նրա փաստորեն կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում,

12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից,

13) ընդունվել է համաներման ակտ:

Դատախազը, քննիչը, հայտնաբերելով քրեական գործի վարույթը բացառող հանգամանքներ, քրեական գործով մինչդատական վարույթի յուրաքանչյուր փուլում որոշում են կայացնում քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Դատախազն իրավասու է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնել նաև գործը դատարան ուղարկելուց հետո, բայց մինչև դատական նիստում գործի քննությունը սկսվելը:

Մեղադրողը, դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, պարտավոր է հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին: Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին մեղադրողի հայտարարությունը դատարանի համար քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է:

Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: