Հայերեն   English   Русский  

​Նրանց, ովքեր տեխնոլոգիապես զարգացած չեն, զինելու են և հանեն իրար դեմ


  
դիտումներ: 2715

Հունիսի 29-30-ը Հայաստանում «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» կարգախոսով անցկացվեց DigiTech 11-րդ բիզնես-ֆորումը: Այս համաժողովի նպատակն է խթանել պետական համակարգում և տնտեսության տարբեր ոլորտներում առաջատար և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը: Ֆորումի արդյունավետությունն ապահովված էր բիզնեսում տեխնոլոգիաների ներդրման լավագույն միջազգային և տեղական փորձի ներկայացմամբ, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և փորձագետների մասնակցությամբ:

«Սա միակ հարթակն է, որտեղ ՏՏ ընկերությունները կարող են շփվել գործարարների հետ, ներկայացնել իրենց լուծումները: Իսկ բիզնեսն այստեղ հնարավորություն է ընձեռում միաժամանակ ծանոթանալու բազմաթիվ տեխնոլոգիական լուծումների հետ»,- հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Գործարար համաժողովի շրջանակներում քննարկվեցին պետական նշանակության խնդիրներ և այլ ոլորտներում կիրառվող ՏՏ լուծումներ, մասնավորապես՝ ռազմական արդյունաբերության, կիբեռանվտանգության, վերականգնվող էներգետիկայի, էլեկտրոնային կառավարման, համացանցի, լրացված և վիրտուալ իրականության (AR/VR), արհեստական ինտելեկտի, տվյալների գիտության (data science), ինչպես նաև տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգին վերաբերող հարցեր:

Համաժողովի բացման ժամանակ բավական ուշագրավ ելույթով հանդես եկավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա նշեց, որ վարչապետին առաջարկվել է երկրի տեխնոլոգիական արդիականացման կոմիտե ստեղծել, ընդ որում՝ այնպիսի ոլորտների, ինչպիսիք են ռազմական արդյունաբերությունը, բիզնեսը, ենթակառուցվածքները, կրթությունը:

Կարեն վարդանյանը բացեց Հայաստանի տեխնոլոգիական արդիականացման վերաբերյալ իրենց պատկերացումները:

«Ինչո՞վ է կարևոր Հայաստանի տեխնոլոգիական մոդեռնիզացիայի խնդիրը: Մեզ համար առաջնայինը ողջ մնալու խնդիրն է, պատերազմի խնդիրն է, որովհետև մենք, ըստ էության, Երրորդ համաշխարհայինի կիզակետում ենք և ցանկացած վայրկյանին, ցանկացած րոպեին կարող ենք ներգրավված լինել, և օր առաջ մեր առջև խնդիր է դրված ՏՏ ոլորտի հմտություններով կարողանալ զինատեսակներ ստեղծել, որոնք թույլ կտան մեզ ընդհանրապես ողջ մնալ»,- ընդգծեց Կարեն Վարդանյանը: Այնուհետև նա անդրադարձավ առաջատար տեխնոլոգիաների զարգացման գլոբալ միտումներին: Այս առումով, ինչպես նշեց Վարդանյանը, օրեցօր մեծանում է անջրպետը տեխնոլոգիապես զարգացած երկրների և ոչ զարգացած երկրների միջև, և բնական է, որ այն մարդիկ, որոնք տեխնոլոգիապես զարգացած հատվածի մեջ չեն մտնելու, նրանց ձեռքը զենք են տալու, տանեն մի տեղ, իրար դեմ կռվացնեն ու բնականաբար ոչնչացնեն:

«Եվ մենք պետք է մտածենք մեր ազգի մի հատվածի մասին արդեն այսօր: Որովհետև մեր ազգի մի մասը տեխնոլոգիական ոլորտում է, իսկ մյուսը՝ ոչ: Գնալով տեխնոլոգիաների շնորհիվ գյուղատնտեսության համար պետք է լինելու բնակչության 2 տոկոսը, ենթադրենք՝ մի 10-15 տոկոս էլ տեխնոլոգիական զարգացման ոլորտում կլինեն, մի 10-15 տոկոս էլ՝ պետական ապարատի, իսկ մնացածն ի՞նչ անեն: Ու պարզ է, որ աշխարհի, այսպես ասած, պլանավորողները նմանատիպ իրավիճակներում մարդկանց ձեռքին զենք են տալիս և ուղղում են իրար դեմ: Այդ առումով էլ մենք երկրի ամբողջական տեխնոլոգիական զարգացման խնդիր ունենք: Դա չի նշանակում, որ բոլորը պետք է տեխնոլոգիական զարգացմամբ զբաղվեն, բայց նշանակում է, որ մենք պետք է հարմոնիայի մեջ լինենք մեր ազգաբնակչության մյուս հատվածի հետ, որը տեխնոլոգիական ոլորտից դուրս է, և խրախուսենք, որ նրանք հնարավորինս ստեղծեն բովանդակություն, որը տեխնոլոգիաների ոլորտին լրացնում և ուժ է տալիս: Այսինքն՝ մենք այդ խնդիրը ունենք: Եթե մեր բնակչության մի մասն էլ տեխնոլոգիական ոլորտում չէ, ապա պետք է լինի կրեատիվ դաշտում, պետք է լինի կրեատիվ գյուղացի, կրեատիվ բժիշկ և այլն: Այսինքն՝ մենք պետք է կրեատիվ բովանդակություն կուտակենք և օգտվելով տեխնոլոգիական ոլորտից՝ փորձենք այդ կրեատիվը դարձնել բովանդակություն ամբողջ աշխարհի համար և դրանով իսկ թույլ չտանք, որ մեզ ու մեր բարեկամներին ուղղեն մեր դեմ կամ աշխարհում այսօր առկա այդ ոչնչացման քաղաքականության մեջ ուղղեն որևէ մեկի դեմ: Սա, բնականաբար, երկրորդ պատճառն է»,- հայտարարեց Կարեն Վարդանյանը:

Հայաստանի տեխնոլոգիական արդիականացման հաջորդ կարևոր դրդապատճառը, ըստ ոլորտի ներկայացուցիչների, բիզնես տեսանկյունն է: Ուշագրավ է, որ այսօր ԱՄՆ-ում ու Եվրոպայում ՏՏ ոլորտում շուրջ 3 միլիոն թափուր աշխատատեղ կա, ու միակ խնդիրը կրթությունն է և ոլորտի կազմակերպումը, որպեսզի այդ 3 միլիոնանոց մեծ տորթից ամենահամով կտորը, ինչպես նշեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, բերենք Հայաստան:

«Ամենահամով կտորը, ես կարծում եմ, կոմպլեքս ինժեներական լուծումն է, որը կախված չէ ապագա ՏՏ զարգացումից և միշտ մնում է խնդիր: Օրինակ՝ Հնդկաստանը սպասում է 5-6 տարի հետո ծրագրավորողների աշխատուժի քանակի մոտ 40 տոկոսանոց նվազում միայն այն պատճառով, որ արհեստական ինտելեկտով խնդիրներ են լուծվելու, որով պրիմիտիվ ծրագրավորումը, որպես գործ, կարծես դաշտից դուրս է գալիս: Իսկ 40 տոկոսը Հնդկաստանի համար ահավոր թիվ է: Մենք սա պետք է հաշվի առնենք ու փորձենք այդ խնդրից խուսափել և միջազգային այդ թափուր աշխատատեղերին նայենք դրանցից ամենալավ կտորը՝ կոմպլեքս ինժեներական լուծումները, բարդ լուծումները, այն բաները, որոնք մարդու կրեատիվի, համագործակցելու հետ են կապված, Հայաստան բերենք: Այսինքն՝ սրանով մենք կարող ենք ապահովել Հայաստանի տեղը արդեն ոչ թե զարգացող, այլ զարգացած երկրների շարքում»,- շեշտեց Կարեն Վարդանյանը:

Վիճակագրությունն էլ է բավականին հետաքրքիր: Այսպես, խորհրդային ժամանակներում Հայաստանն ունեցել է մոտ 100 հազար ՏՏ ոլորտի աշխատողներ, իսկ ներկայումս ամեն ինչ արվում է, որ մինչև 2026-27 թվականները այդ թիվը հասցվի գոնե 50-60 հազար մասնագետի նշաձողին: Ու այստեղ արդեն բացվում է հետաքրքիր վիճակագրությունը, որի համաձայն՝ տեխնոլոգիական ոլորտի յուրաքանչյուր աշխատողի տարեկան միջին արտադրողականությունը մոտ 50 հազար դոլար է, իսկ մինչ 2026-27 թվականները կարող է հասնել մինչև 70 հազար դոլարի: Պարզ է, թե 50-60 հազար աշխատող ունենալու դեպքում դա ինչ արդյունք կունենա Հայաստանի տնտեսության համար ու Հայաստանն այդ առումով ինչ բարձր դիրք ու դեր ձեռք կբերի տարածաշրջանում: Մյուս տեսակետը, բնական է, ՏՏ ոլորտի ազդեցությունն է այլ ոլորտների վրա:

Ինչպես հաղորդեց Կարեն Վարդանյանը, ԱՄՆ-ում ՏՏ ոլորտի մեկ աշխատակիցը ներկայումս ստեղծում է 7-8 աշխատատեղ: Հայաստանում այդ ցուցանիշը մոտ 2-3 է, բայց երբ այս ոլորտում աշխատողների ու ստեղծվող արդյունքի թվաքանակն ու ծավալը մեծանան, մեր ցուցանիշը կմոտենա Միացյալ Նահանգների ցուցանիշին: Եթե անգամ մեկ աշխատող ստեղծի պոտենցիալ 5-6 աշխատատեղ, ապա մեր 50-60 հազար աշխատատեղերը լրացուցիչ 350-360 հազար աշխատատեղեր կստեղծեն:

«Տեխնոլոգիական զարգացման ստիմուլը մեծանում է, և մենք կուզեինք ստրուկտուրայի մասին խոսել, այսինքն՝ ինչպիսի ստրուկտուրա ունենանք, որը համահունչ լինի տեխնոլոգիական մոդեռնիզացիայի խնդրին»,- նշեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Այնուհետև ներկայացվեց հայեցակարգը, որով առաջարկվում է ունենալ ինովացիաների և տեխնոլոգիական զարգացման նախարարություն, որը զբաղվի հենց ամբողջ այդ ոլորտի ենթակառուցվածքներով և օրենսդրական համապատասխան դաշտ ստեղծելով, որպեսզի մենք անիմաստ ժամանակ չծախսենք:

«Ես եղել եմ ՏՏ ոլորտի վարչության պետը 2000 թվականին, երբ ՏՏ-ն ճանաչվեց գերակա ուղղություն, բայց այդ ժամանակվանից որևէ էական բան ՏՏ-ի համար չի արվել»,- նշում է Կարեն Վարդանյանը:

Ֆորումի ժամանակ մեկ այլ ուշագրավ առաջարկ էլ արվեց՝ կապված ռազմարդյունաբերության ոլորտի հետ: Այս կապակցությամբ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ոլորտի ներկայացուցիչների քննարկմանը ներկայացրեց Ռազմարդյունաբերությունը ՊՆ-ի շրջանակից դուրս բերելու առաջարկությունը:

ՏՏ ոլորտի մասնագետները կարծում են, որ ռազմարդյունաբերության ոլորտի կարգավիճակը նախարարության կարգավիճակից պակաս չպետք է լինի: Խնդիրն այն չէ, որ պաշտպանության նախարարությունը լավը չէ, այլ տեխնոլոգիաներն այնքան արագ են զարգանում, որ եթե ռազմարդյունաբերությունը «կախում ենք ՊՆ-ից», ապա անընդհատ հետ ենք մնում: Կարեն Վարդանյանի համոզմամբ՝ քանի որ արդեն հայտնի է, թե Ադրբեջանն ինչ քանակի ու մակարդակի զինատեսակներով է զինվում, իսկ մենք ուզում ենք հաղթել, և քանի որ Հայաստանն ու Արցախը մեր հայրենիքն են, ապա պետք է հաղթենք: Ուրեմն պետք է ներդնենք հաղթող ստրատեգիա, իսկ հաղթող ստրատեգիան ռազմարդյունաբերությունը պաշտպանության նախարարությունից հանելն ու անմիջականորեն վարչապետի ենթակայության տակ դնելն է:

Պատրաստեց Գևորգ ԱՎՉՅԱՆԸ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: