Հայերեն   English   Русский  

​Ի՞նչ է սպասում ՓՄՁ ոլորտին


  
դիտումներ: 1963

Հարցազրույց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի տնտեսագետ-խորհրդատու Հովսեփ Պատվականյանի հետ:

- Տնտեսական զարգացման ի՞նչ մոդել եք առաջարկում, որն իրապես կփոխի մարդկանց կյանքը, կդառնա գործազրկության և աղքատության կրճատման իրական գործոն:

- Տնտեսական զարգացման մոդելի հիմքում պետք է ընկած լինի արժանապատիվ, երջանիկ և կյանքից գոհ քաղաքացին։ Երջանիկ է և բավարարված է աշխատող քաղաքացին։ Մոդելի հիմքում, սակայն, պետք է ամրագրել «քաղաքացի՝ որպես աշխատատեղ ստեղծող» հայեցակարգային մոտեցումը ներկայումս գործող «քաղաքացի՝ որպես աշխատանք փնտրող» մոտեցման փոխարեն։ Այս տեսլականի շրջանակներում ոլորտային և աշխարհագրորեն դիվերսիֆիկացված փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացումը պետք է դառնա ՀՀ տնտեսական կայուն և երկարաժամկետ զարգացման ռազմավարության հիմնասյուն։ Այսօր ՓՄՁ-ները ապահովում են մասնավոր հատվածի աշխատատեղերի 60.6%-ը, իսկ ՀՆԱ-ի 35%-ը ապահովվում է ՓՄՁ-ների շրջանառության հաշվին։ Թիրախավորելով արժեք ստեղծող ՓՄՁ-ներին (արտադրություն, այսօր ընդհանուր ՓՄՁ-ների ընդամենը 14%-ը)՝ կարևոր է այստեղ ունենալ ներառական ինստիտուցիոնալ պայմաններ, հարկային ճկուն համակարգ և հմուտ աշխատուժի համար ստեղծված նախադրյալներ համապատասխան կրթական պրոդուկտների միջոցով։

Մյուս կողմից, բնակչության 30%-ի աղքատության պայմաններում Սփյուռք-Հայաստան-ներդրումային միջավայր կամուրջը ինստիտուցիոնալ դարձնելու համար այս պարագայում կարելի է կիրառել սոցիալական ազդեցության պարտատոմսերի (ՍԱՊ) մոդելը։ ՍԱՊ-ը նորարարական ֆինանսական գործիք է, որը եռակողմ պայմանագիր է ներդրողի՝ մեր դեպքում` Սփյուռքի, տեղական ՓՄՁ-ների և կառավարության միջև։ Նախ և առաջ թիրախավորվում է ոլորտը, խումբը և սոցիալական խնդիրը։ Օրինակ՝ Շիրակի մարզի 40-55 տարեկան կանանց շրջանում 21% գործազրկությունը կրճատել, հասցնել 10%-ի։ Կառավարությունը միջնորդի՝ բրոքերի միջոցով թողարկում է սոցիալական ազդեցության պարտատոմսեր և սփյուռքահայ ներդրողներից հավաքում կապիտալ, որը և ուղղվում է թիրախավորված ոլորտում գործող տարբեր տեղական ՓՄՁ-ների։ Երբ սփյուռքահայ ներդրողների կապիտալի շահառու ՓՄՁ-ներն իրենց գործունեության արդյունքում Շիրակի մարզի 40-55 տարեկան կանանց շրջանում 21% գործազրկությունը կրճատում են 11%-ով, ներդրողները կառավարության կողմից ստանում են պարտատոմսերի համապատասխան վճարները։

- Նոր կառավարությունն այս կարճ ժամանակահատվածում հասցրել է մի քանի անգամ շեշտել, որ թափանցիկությունն իրենց հիմնական սկզբունքներից է լինելու։ Սա արդեն ՓՄՁ-ների շրջանում դրական սպասումներ է ձևավորել, սակայն կա նաև կարծիք, որ օրենսդրության տարրերի չխախտման պարագայում փոքր և միջին ձեռնարկությունները չեն կարողանա շահույթով աշխատել և դաշտը կմնա դարձյալ խոշորներին։

- Դա հնարավոր էր այն պարագայում, երբ օրենքի առաջ ոչ բոլոր գոծարարներն էին հավասար։ Օրինակ՝ շուկայում կային գործարարներ, որոնք օրինական Հայաստան էին ներմուծում խնամքի պարագաներ, բայց կային նաև գործարարներ, որոնք անում էին նույնը մաքսանենգ ճանապարհով։ Բնականաբար վերջիններս հնարավորություն էին ունենում ավելի մրցակցային գներով իրացնելու ներկրված ապրանքը, քանի որ խուսափել էին համապատասխան մաքսային վճարումներից։ Սա հանգեցնում էր մի իրավիճակի, երբ գործարարների առաջին խումբը, չդիմանալով գնային մրցակցությանը, ստիպված էր լքել շուկան կամ նույնպես անցնել անօրինական դաշտ։ Բայց եթե օրենքի առջև բոլորը հավասար են` նման սցենարը իրատեսական չի լինի։

Ի լրումն, այսօր ՓՄՁ-ն ունի մի շարք արտոնություններ ի տարբերություն խոշոր ընկերությունների։ Առաջինի դեպքում գործում են մի շարք պարզեցված հարկման ռեժիմներ՝ ընտանեկան ձեռնարկատիրական գործունեության հարկման ռեժիմ, շրջանառության հարկով հարկման ռեժիմ և այլն։ Վերջինիս դեպքում ՓՄՁ-ները հնարավորություն ունեն մի շարք նվազեցումների միջոցով իջեցնել շրջանառության հարկի գումարը նույնիսկ մինչև առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5%-ը: Միչդեռ խոշոր ընկերությունները հիմնականում շահութահարկի վճարող են և գործում են ԱԱՀ դաշտում։

- Ի՞նչ է ենթադրում բիզնես օմբուդսմենի ինստիտուտը։ Նման կառույցի կողմ են նաև ձեր մասնագետները։ Ի՞նչ խնդիրներ այն կլուծի։

- Ինչպես անդրադարձա նախորդ հարցի ժամանակ, ներառական ինստիտուցիոնալ պայմանները կարևորագույն դեր պետք է խաղան ՓՄՁ զարգացման գործում։ Բիզնես օմբուդսմենը նման կարևոր ինստիտուտներից մեկն է։ Դրա նպատակն է պաշտպանել բիզնես շրջանակների շահերը և վերականգնել նրանց ոտնահարված իրավունքները։ Ցավոք, այսօր այդ գործառույթը մասամբ իրականացնում են հասարակական կազմակերպություններն ու ասոցիացիաները, որոնք, սակայն, շատ դեպքերում չունեն բավարար ներուժ ։ Բիզնես օմբուդսմենի դերը մեծ կլինի հատկապես պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների հետևանքով ՓՄՁ ներկայացուցիչների խախտված իրավունքների պաշտպանության գործում։

- Ի՞նչ ակնկալիքներ կան ՓՄՁ-ների շրջանում ընդունված նոր հարկային օրենսդրությունից։

- Նոր հարկային օրենսգիրքը մի շարք մտավախություններ է առաջացրել ՓՄՁ-ների շրջանում։ Պարզեցված հարկման ռեժիմով աշխատող գործարարները նշում են երկու հիմնական կետ․

ա․ ՀՀ քաղաքացիների ստացած շահաբաժինները հարկվելու են 5% դրույքաչափով: Սա նշանակում է, որ եթե ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտը ՍՊԸ է, ապա եռամսյակային տվյալներով գրանցված բաժնետերերի շահաբաժինները պետք է հարկվեն։ Խոշոր ընկերությունների դեպքում դա խնդրահարույց չէ։ Բայց օրինակ՝ ընտանեկան ձեռնարկատիրությունների կամ շրջանառության հարկ վճարողների համար սա նշանակում է ոչ միայն ֆինանսական, այլև հաշվապահական հավելյալ բեռ։

բ․ Շրջանառության հարկի շեմի փոփոխություն 115 մլն դրամից 58 մլն դրամ։ Սա նշանակում է, որ մեծ քանակությամբ ՓՄՁ-ներ այլևս չեն կարողանա օգտվել պարզեցված հարկման ռեժիմից և ստիպված կլինեն անցնել ԱԱՀ դաշտ՝ վարելով ավելի բարդ հաշվապահություն։ Միչդեռ, ըստ «Փոքր և միջին ձեռնարկություններին պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի, ընկերությունը սահմանվում է գերփոքր, եթե իր նախորդ ֆինանսական տարվա հասույթը եղել է մինչև 100 միլիոն դրամ, իսկ փոքր, եթե եղել է մինչև 500 միլիոն դրամ։ Հարկ է նաև նշել, որ ըստ մեր վերլուծության՝ 2017 թ․ փաստացի յուրաքանչյուր միկրոբիզնեսը գեներացրել է միջինը 8.07 մլն դրամ, փոքր բիզնեսը՝ 143 մլն դրամ, իսկ միջին բիզնեսը՝ 628.9 մլն դրամ։

Այս երկու հիմնական մտահոգությունները փարատելը կնպաստի ՓՄՁ կայուն զարգացմանը և ամենակարևորը՝ կօգնի ձևավորելու դրական սպասումներ։

Լ.Ն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: