Հայերեն   English   Русский  

«Արդեան». երեքը՝ մեկում․ Հայկական մշակույթ, նորագույն տեխնոլոգիաներ ու բիզնես


  
դիտումներ: 7440

Արդեան՝ արդի, ժամանակակից:

Գրաբարյան այս բառն արդեն վաղուց գործածելի չէ, բայց վերջերս այն մեր իրականություն է մտել բոլորովին նոր բովանդակությամբ ու շնչով, իսկ ավելի կոնկրետ՝ նոր բրենդով, որն արդեն հասցրել է ուշադրություն գրավել ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս:

Աբովյան 2/5 հասցեում մեկ տարուց ավելի է՝ գործում է Երևանի ամենայուրահատուկ խանութ-սրահներից մեկը՝ «Արդեանը», որն ավելի շուտ արվեստի ցուցասրահ է հիշեցնում: Այստեղ կարող եք տեսնել հին հայկական թեմատիկայով և դիզայներական նորագույն լուծումներով արվեստի յուրահատուկ գործեր, կանացի նրբագեղ շարֆեր, ինտերիերի պարագաներ, սպասք և այլ իրեր՝ ոգեշնչված հայկական հարուստ մշակութային ժառանգությամբ՝ խաչքարեր, ճարտարապետություն, հնագրեր, զարդանախշեր, կենդանակերպ հորինվածքներ և այլն:

«Արդեանը» զուտ խանութ-սրահ չէ, այն դիզայներական ընկերություն է, որի հիմնադիրը ամերիկահայ հայրենադարձ ճարտարապետ, դիզայներ Վազգեն Բրուտյանն է:

«Թումոն»՝ իբրև դուռ դեպի հայրենիք

Արդեան

Վազգենը ծնվել է Կահիրեում, 2 տարեկանում ընտանիքը ներգաղթել է Խորհրդային Հայաստան, սակայն 1978 թ. տեղափոխվել է Միացյալ Նահանգներ: Հայաստանի հետ կապը միշտ է եղել: Վազգենը խոստովանում է, որ մշտապես փնտրում էր մի բան, որն իրեն Հայաստան կբերեր ոչ միայն իբրև տուրիստ: 2011 թ., երբ Երևանում հիմնվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Վազգեն Բրուտյանը ոգևորված գալիս է Հայաստան, որպեսզի կենտրոնի սաներին փոխանցի իր նորարարական գիտելիքները ճարտարապետության, մասնավորապես՝ դիզայնի բնագավառում:

«Դեռևս «Թումոյի» բացվելուց 1-2 տարի առաջ, երբ շենքը կմախքային վիճակում էր, կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանն ինձ ներկայացրեց գաղափարը, և ես այնքան հետաքրքրվեցի, որ ասացի՝ բացվելուն պես պատրաստ եմ գալ և դասավանդել: Այդպես էլ եղավ»,- պատմում է նա:

Սկզբում կարճատև դասընթացներ, հետո ավելի երկարատև ու ավելի հաճախ, ապա Հայաստան տեղափոխվելու վերջնական որոշում: «Փաստորեն որոշել էի Հայաստան գալ մեկ տարով և տեսնել, թե ինչ կարող եմ անել իմ աշակերտների հետ, և արդեն չորսուկես տարի է՝ այստեղ եմ, այլևս նպատակ էլ չունեմ հետ գնալ Միացյալ Նահանգներ»,- ասում է Վազգենը, որին ԱՄՆ-ում ունեցած հաջողությունները ճարտարապետության ոլորտում անգամ հետ չեն պահում Հայաստան տեղափոխվելու մտքից: Չէ՞ որ «Թումոյում» իր աշակերտներից ձևավորել էր մի թիմ, որի հետ մեծ հույսեր էր կապում, և որն էլ հետագայում դառնում է «Արդեանի» առանցքային ուժը:

Արդեան

«Արդեան». հետ գնալով՝ նայել առաջ

Արդեն մեկ տարուց ավելի է՝ տեղծվել է «Արդեանը», որը ոչ միայն խանութ-սրահ է, այլև լուրջ պոտենցիալ ու հեռանկարներ ունեցող դիզայներական ընկերություն:

Մինչ ընկերության հիմնումը «Արդեանը», իբրև «Թումոյի» սթարթափ, արդեն իսկ հանդես էր գալիս հետաքրքիր նախագծերով: 2015 թ. «Թումոյում» տեղի է ունենում առաջին ցուցադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Հաջորդը, որ կրում էր «Շունչ» խորագիրը, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում էր. այս նախագիծը ներշնչված էր Գրիգոր Նարեկացուց, և ներկայացված աշխատանքներն ամբողջովին ներծծված էին նարեկյան շնչով: Հայաստանյան երկու ցուցահանդեսներին հաջորդում են ևս երկուսը Լոս Անջելեսում և Նյու Յորքում:

«Ինձ շատ ոգևորեց այստեղի երիտասարդների, պատանիների հետաքրքրությունը նոր բան մեջտեղ բերելու, նոր գաղափարներ իրագործելու առումով: Զգացի, որ իրենց հետ կարող եմ սկսել մի բան, որը կլինի նորույթ, բացի այդ, աշխատատեղեր կստեղծի Հայաստանում, միաժամանակ միջազգային շուկայում կկարողանանք հետաքրքիր ձևով ներկայացնել մեր մշակույթը: Այդպես, ես և իմ 3 աշակերտները հիմնեցինք «Արդեանը»:

Արդեան

Վազգենը խոստովանում է, որ երբեք չի մտածել անել մի բան, որից շահույթ կունենա, բայց այս գաղափարն այնքան հրապուրիչ է, որ ինքնըստինքյան վեր

ծվել է բիզնեսի:

«Իմ հետաքրքրության կենտրոնում մշտապես եղել է հայկական հարուստ մշակույթը՝ դարերից եկող իր շերտերով: Ես փորձել եմ այդ շերտերը վերցնել և ավելացնել ևս մեկ շերտ՝ արդիական շերտը: Այսինքն՝ ստեղծել մի բան, որն արված է XXI դարի տեխնոլոգիայով, ժամանակակից շնչով, բայց հիմքում հին հայկական մշակույթն է: Պարզ ասած՝ հետ գնալով՝ նայել առաջ: Ի դեպ, դա լավ են ընդունում և գնահատում ոչ միայն օտարները, այլև տեղացիները»:

Երևանի սրտում շուտով կբացվի «Արդեանի» ևս մեկ ցուցասրահ, որը նաև կծառայի իբրև արվեստի կենտրոն:

Արդեան

«Ես գալիս եմ Ցեղասպանությունը վերապրած ընտանիքից, բայց կարծում եմ, աշխատելով երիտասարդների հետ, փոխանակ անընդհատ հետ նայելու, պետք է նայենք առաջ և ապացուցենք, որ Ցեղասպանությունից 100 տարի հետո էլ կարող ենք ստեղծել նոր մշակույթ՝ հիմնված մեր անցյալի վրա, բայց լրիվ նոր լեզվով»,- ասում է Վազգեն Բրուտյանը:

Ինչո՞ւ ապրել Հայաստանում

Համեմատելով Միացյալ Նահանգներն ու Հայաստանը՝ Վազգեն Բրուտյանը խոստովանում է. «Հայաստանում մարդիկ ավելի մշակութասեր են, քան Լոս Անջելեսում: Իսկ դա ինքին ծաղկի ջուրն է, արևը: Ամերիկայում ինչքան էլ ստեղծագործես, արտադրես, դա ընդամենը մի կաթիլ է օվկիանոսի մեջ: Այստեղ ինչ անում ես, անմիջապես զգում ես արձագանքը»:

Անձնական հետաքրքրությունները կապված են հայաստանյան բնության հետ: Ասում է՝ բնությունն այստեղ անհամեմատ գեղեցիկ է, և պատահական չէ, որ Հայաստանում էկոտուրիզմն արագորեն զարգանում է: «Բնության գեղեցկությունը, տարվա 4 եղանակները, արևը, լույսը, այս ամենը հսկայական առավելություններ են, որ շատերը կուզեն ունենալ»:

Արդեան

«Ո՞րն է Հայաստանում ամենասիրած վայրը» հարցին դժվարանում է պատասխանել: «Դժվար է ընտրել, բայց Արցախն ամենասիրած վայրերից մեկն է, որտեղ հաճախ եմ լինում, հատկապես բնությունը, արշավները: Ամեն ձևով Արցախն ինձ համար հետաքրքիր վայր է»:

Ինչ վերաբերում է նոր գործ սկսելուն, բիզնես միջավայրին, ասում է. «Ամեն երկիր ունի իր դրական և բացասական կողմերը: Բայց դրական կողմերը գտնելն ու դրանց վրա կառուցելը հսկայական առավելություններ է տալիս: Ի սկզբանե իմ նպատակը «Արդեանը» որպես բիզնես զարգացնելը չէր, այլ Հայաստանում դիզայնի ոլորտը զարգացնելը, և ես կարծում եմ, որ ինչպես բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որ 15 տարվա մեջ հսկայական աճ է ունեցել, այնպես էլ դիզայնի ոլորտը զարգանալու մեծ ներուժ ունի, այստեղ կարելի է բարձր որակի դիզայն անել և ստեղծել նաև լուրջ բիզնես այս ոլորտում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: