Հայերեն   English   Русский  

​Միասնական քննությունների արդյունքները. 4620 դիմորդ, 1468 անբավարար և 327 «20» միավոր


  
դիտումներ: 10811

Թեև այս տարի դիմորդները քիչ են, բուհերն էլ հարյուրավոր թափուր տեղեր ունեն` միասնական քննությունների արդյունքները սփոփող չեն: Առանց այն էլ սակավաթիվ 4620 դիմորդների մի զգալի մասն անբավարար է ստացել՝ չնայած համեմատաբար հեշտ թեստերին: Ու օդում կախված է հարցը՝ հնարավո՞ր է, որ առանց այդ էլ հարյուրավոր թափուր տեղեր ունեցող բուհերն իջեցնեն ընդունելության շեմը՝ իրենց մոտ ուսանելու հնարավորություն տալով նաև անբավարար ստացած դիմորդներին:

Նախ, սովորության համաձայն, ամփոփենք միասնական քննությունների գնահատականները 14 առարկաներից՝ համեմատելով նախորդ տարվա տվյալների հետ:

Այսպես. «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միջին գնահատականը 12.63 է: Մայրենիից կտրվել է դիմորդների 13.03 տոկոսը, գերակշիռ մասը՝ 42.05 տոկոսը, ստացել է նվազագույն դրական գնահատական՝ 7.5-13.25: 19-20 միավոր ստացել է դիմորդների միայն 7.99 տոկոսը: Իսկ առավելագույն 20 միավոր ստացել է միայն 24 դիմորդ:

Նշենք, որ անցած տարի հայոց լեզու և գրականությունից միջին միավորը մի փոքր բարձր է եղել՝ 12.9, համեմատաբար փոքր է եղել նաև կտրվողների տեսակարար կշիռը՝ 11.7 տոկոս: Նախորդ տարի դիմորդների 40.2 տոկոսն էր 7.5-13.25 միավոր ստացել: Ուշագրավ է, որ մայրենիի քննական ցուցանիշների անկում չի արձանագրվել առավելագույն գնահատականի պարագայում: Նախորդ տարի դիմորդների ավելի փոքր թիվն էր կարողացել 19-20 ստանալ՝ ընդամենը 7.4 տոկոսը:

Ավանդույթի ուժով ամենացածրը ռուսաց լեզվի միջին գնահատականն է՝ 9.82: Այս առարկայից անբավարար է ստացել դիմորդների 28.05 տոկոսը, իսկ կեսից ավելին՝ 53.85 տոկոսը, նվազագույն դրական միավորներ է ստացել՝ 7.5-13.25: Ռուսերենից 20 ստացող դիմորդ չի եղել, իսկ 0.9 տոկոսը կամ 2 դիմորդ կարողացել է 19-19.75 ստանալ:

Նշենք, որ նախորդ տարի ռուսերենի ցուցանիշները ևս մի փոքր բարվոք են եղել այս տարվա համեմատությամբ: Միջին գնահատականը եղել է 10.2, կտրվողների տոկոսը՝ 28.5, մինչև 13.25 ստացողները նախորդ տարի կազմել են 48 տոկոսը, իսկ նախորդ տարի առավելագույն գնահատական վաստակած դիմորդները կազմել են 2.4 տոկոսը:

Ի տարբերություն ռուսերենի, մյուս օտար լեզուների գնահատականները միշտ ամենաբարձրներից են լինում: Այս տարին ևս բացառություն չէ: Անգլերենի միջին միավորը 14.45 է, կտրվողները կազմել են 9.8 տոկոսը: Ի տարբերություն մյուս առարկաների, անգլերենի գնահատականները նվազագույն, միջին և բարձր բալերի միջև գրեթե հավասարաչափ են բաշխված: Նվազագույն դրական միավորներ է ստացել դիմորդների 28.54 տոկոսը, իսկ 19-20՝ 23.67 տոկոսը: Անգլերենից 20 բալ է ստացել 137 դիմորդ:

Ուշագրավ է, որ անգլերենի միջինը նախորդ տարի ևս 14.4 է եղել, անբավարար ստացողները կազմել են 9 տոկոսը, նվազագույն միավորներ ստացել էր 30.1 տոկոսը, իսկ ահա առավելագույն 19-20 միավոր՝ 20.8 տոկոսը:

Գերմաներենի միջին միավորը 15.15 է, անբավարար է ստացել քննություն հանձնողների 6.58 տոկոսը: Գերմաներենից քննություն հանձնողների զգալի մասը՝ 34.21 տոկոսը, ստացել է 13.5-16.75 միավոր: Գերմաներենից արձանագրվել է մեկ 20 միավոր:

Ֆրանսերենի միջին գնահատականը 15.42 է, անբավարար է ստացել ընդամենը 2.27 տոկոսը, 36.36 տոկոսը ստացել է 13.5-16.75 միավոր: Երկու դիմորդ 20 միավոր է ստացել:

Նշենք, որ նախորդ տարի գերմաներենից և ֆրանսերենից գնահատականները քիչ են տարբերվել այս տարվա ցուցանիշներից, սակայն նախորդ տարի նվազագույն, միջին և բարձր գնահատական ստացողների բաշխվածությունն առավել հավասար է եղել: Մինչդեռ այս տարի, փաստորեն, գերաշռում են օտար լեզուներից միջին գնահատականներ ստացողները:

Հայոց պատմության միջին գնահատականը 12.68 է, անբավարար է ստացել դիմորդների 15.8 տոկոսը, իսկ դիմորդների զգալի մասը՝ 38.8 տոկոսը, վաստակել է 7.5-13.25 միավոր: Հայոց պատմությունից 20 բալ է ստացել 25 դիմորդ:

Համաշխարհային պատմության միջին գնահատականը 12.53 է, անբավարար է ստացել 7.89 տոկոսը, 52.63 տոկոսը ստացել է նվազագույն դրական միավորներ, իսկ ահա 1 դիմորդ էլ 20 է ստացել:

Նշենք, որ նախորդ տարի հայոց պատմության միջին գնահատականը եղել է 12.1, անբավարար ստացողների տոկոսային հարաբերակցությունը՝ 19.2, իսկ մինչև 13.25 ստացողներինը՝ 40.2 տոկոս:

Համաշխարհային պատմության միջին գնահատականը նախորդ տարի եղել է 14.7, անբավարար ստացողները կազմել են 7.6 տոկոսը, իսկ 27.8 տոկոսը ստացել էին մինչև 13.25 միավոր դրական գնահատական:

Բնագիտական առարկաներից սովորաբար բարձր են լինում կենսաբանության գնահատականները և շատ ցածր՝ ֆիզիկայինը: Այս առումով բացառություն չէ նաև այս տարին: Այսպես՝ կենսաբանության միջին գնահատականը կազմել է 14.03, անբավարարների տոկոսը՝ 14.53, մինչև 13.25 միավոր ստացածներինը՝ 26.64, իսկ ահա 19-20 միավոր ստացողները կազմել են դիմորդների 23.18 տոկոսը: 43 դիմորդ ստացել է 20 միավոր: Նախորդ տարի կենսաբանության գնահատականներն ավելի ցածր են եղել: Միջինն ընդամենը 13.4 է եղել, անբավարար ստացողները 17.3 տոկոսն են կազմել, իսկ առավելագույն միավոր ստացողների թիվն էլ չի գերազանցել 17.4 տոկոսը:

Քիմիայի միջին գնահատականը կազմել է 12.99, կտրվողները՝ 20.38 տոկոս, մինչև 13.25 ստացողները՝ 28.36 տոկոս: Ուշագրավ է, որ բավականին բարձր է առավելագույն միավորներ վաստակածների թիվը՝ 21.85 տոկոս: Իսկ 23 դիմորդ 20 միավոր է ստացել:

Նշենք, որ նախորդ տարի քիմիայի միջինը մի փոքր ցածր է եղել՝ 12.7, առավելագույն միավորներ վաստակողներն էլ կազմել են ընդամենը 14.7 տոկոսը:

Ֆիզիկայի միջին միավորը 11.44 է, անբավարարների տոկոսը՝ 26.42, մինչև 13.25 միավոր ստացածներինը՝ 35.26 տոկոս: 25 դիմորդ ֆիզիկայից 20 միավոր է վաստակել:

Նշենք, որ ֆիզիկայի գնահատականները նախորդ տարվա ցուցանիշներից առանձնապես չեն տարբերվում:

Մաթեմատիկայի միջին գնահատականը 11.88 է, կտրվածների տոկոսը՝ 15.58, մինչև 13.25 միավոր է վաստակել 47.79 տոկոսը: Մաթեմատիկայից 20 է ստացել 42 դիմորդ:

Նախորդ տարի մաթեմատիկայի միջինը կազմել է 12.9, կտրվողները՝ 15.5 տոկոս, իսկ մինչև 13.25 միավոր ստացողները՝ 57.7 տոկոս:

Աշխարհագրությունից միջին գնահատականը 13.49 է, անբավարար է ստացել դիմորդների 8.09 տոկոսը, մինչև 13.25 ստացողները կազմել են 36.76 տոկոս: 4 դիմորդ աշխարհագրությունից 20 միավոր է ստացել:

Նշենք, որ նախորդ տարի աշխարհագրության միջին միավորը եղել է 12.1, իսկ կտրվողները կազմել են 19.5 տոկոսը:

Մեկնաբանելով այս տարվա գնահատականները՝ մասնագետները նշում են, որ թեստերը համեմատաբար հեշտ են եղել, կարող էին և ավելի բարձր գնահատականներ արձանագրվել, եթե դիմորդների գիտելիքների մակարդակը բարձր լիներ:

Քիմիայի կրկնուսույց Ավետիք Պետրոսյանն ասում է, որ այս տարի ընդամենը երկու դիմորդ է ունեցել, նրանցից մեկը ստացել է 19.75, մյուսը՝ 10 միավոր: Ավետիքյանը նշում է, որ դիմորդների գիտելիքների մակարդակն այս տարի համեմատաբար ցածր է, ինչով և պայմանավորված են նաև քիմիայից արձանագրված հակասական գնահատականները:

«Թեստերը համարյա նույն բարդության են եղել, ինչ նախորդ տարիներին, բայց դիմորդների մակարդակը նախորդ տարիների համեմատությամբ ավելի ցածր է եղել»,- ասում է նա:

Ավետիքյանը շեշտում է, որ շատ են նաև սխալները քիմիայի շտեմարաններում, չնայած տարիներ շարունակ դրանք վերահրատարակվում են: Ավելին, նրա խոսքով՝ շտեմարանում և թեստերում ընդգրկված են հարցեր, որոնք դպրոցական ծրագրում չկան: «Եթե աշակերտը ցանկանա ինքուրույն պարապել և ընդունվել, սահմանափակվելով դպրոցի գիտելիքներով, ապա չի կարող բարձր գնահատական ստանալ»,- ասում է նա:

ֆիզիկայի կրկնուսույց Մանվել Հովսեփյանը ևս ասում է, որ այս տարվա քննական թեստերը համեմատաբար հեշտ են եղել, փոխարենը՝ բարձր չեն դիմորդների գիտելիքները:

«Քննությունները շատ հեշտ էին, ոչ մի բարդություն համարյա չկար, անգամ դժվար խնդիրները կարելի է դժվար չհամարել, ուղղակի երեխեքի մակարդակը մի քիչ ցածր է»,- ասում է նա և հավելում, որ պատճառն այն է, որ երեխաները դպրոցում կենտրոնանում են 1-2 առարկայի վրա, ինչի հետևանքով համակողմանիորեն չեն զարգանում, չեն ունենում լավ հիշողություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: