Հայերեն   English   Русский  

​Անդրանիկ Հակոբյան. «Մենք անընդհատ աշխատում ենք և երբեք կանգ չենք առնում»


  
դիտումներ: 2507

Հունիսի 23-ին Հունգարիայում կայացավ կիոկուշին կարատեի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Հայաստանը ստուգատեսին ներկայացավ 5 մարզիկով, որոնցից 4-ն աչքի ընկան փայլուն մրցելույթներով՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր:

«Անկախի» հետ զրույցում Հայաստանի պատվիրակության ղեկավար, կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանն ամփոփում է առաջնության արդյունքները, խոսում մարզիկների ելույթների և ֆեդերացիայի կատարած աշխատանքների մասին:

- Պարոն Հակոբյան, Հունգարիայում հայ մարզիկներին հաջողվեց 4 մեդալ նվաճել: Ինչպե՞ս եք գնահատում նրանց ելույթները:

- Գարնանը կայացած Եվրոպայի առաջնությունից անմիջապես հետո սկսեցինք նախապատրաստվել այս առաջնությանը: Առհասարակ մենք մարզումներ անցկացնում ենք շուրջտարի` անընդհատ նախապատրաստվելով միջազգային մեծամասշտաբ միջոցառումների:

5 մարզիկ մասնակցեց աշխարհի առաջնությանը: Նշեմ, որ ունենք լավ պատրաստված շատ մարզիկներ: Ցավոք, հնարավորությունները թույլ չեն տալիս ավելի մեծ թիմով ներկայանալ մրցաշարերին: Մեր մարզիկները 13 տարի շարունակ բացառապես ֆեդերացիայի միջոցներով են մասնակցում արտագնա մրցումներին: Մշտապես տրամադրված ենք մեկնում մրցաշարերին՝ հավատալով սեփական ուժերին: Մեր մարզիկները նվաճեցին 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ. Հովհաննես Սարգսյան` 2-րդ տեղ (կումիտե), Գևորգ Գևորգյան` 2-րդ տեղ (կումիտե),Վահագն Հակոբյան` 3-րդ տեղ (կումիտե), Մհեր Գևորգյան` 3-րդ տեղ (կատա):

Վահագն Հակոբյանը 3-րդ տեղը զբաղեցրեց անարդար մրցավարության պատճառով: Հաղթանակը շնորհեցին հունգարացի մարզիկին: Կողմնակալությունն այնքան ակնհայտ էր, որ դրան անդրադարձան նաև տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Առաջնության արծաթե մեդալակիր Հովհաննես Սարգսյանը Հայաստանի ուժեղագույն մարզիկներից է, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր: Ցավոք, եզրափակչում նրա հակառակորդը դարձյալ հունգարացի էր, 6 րոպե շարունակ Հովհաննեսն ակնհայտ հաղթողն էր, սակայն հաղթանակը շնորհեցին հակառակորդին:

Հատկանշական է, որ առաջնությունում սահմանված «Լավագույն մենամարտողներ» 2 մրցանակներն էլ բաժին հասան հայ մարզիկներին՝ Հովհաննես Սարգսյանին և Վահագն Հակոբյանին:

- Կողմնակալ մրցավարության պատճառով հայ մարզիկները միջազգային ստուգատեսներում հաճախ են զրկվում մեդալներից: Անարդարության դեմ հնարավո՞ր է պայքարել:

- Կիոկուշին կարատեն մասսայական մարզաձև է` տարածված աշխարհի գրեթե բոլոր երկրներում և այդ առումով պետական մակարդակով արժանացել է ուշադրության: Սպորտը նաև քաղաքականություն է դարձել: Մրցավարների որոշումները շատ հաճախ այդ առումով օբյեկտիվ չեն: Հունգարիայում որոշակի տրամադրվածություն կա Հայաստանի նկատմամբ, և դա սպորտում իր բացասական ազդեցությունն է թողնում: Հարկավոր է ակնհայտ հաղթել՝ մի քանի գլուխ բարձր լինելով մրցակցից, այդ դեպքում մրցավարները ոչինչ չեն կարող անել:

Մարզիկները հաճախ են հանդիպում անարդարությունների: Այդ ամենը մեզ չի հուսահատեցնում, ընդհակառակը՝ ավելի է կոփում, ուժեղ դարձնում և խթան դառնում հաջորդ առաջնություններից ոսկե մեդալով վերադառնալու համար: Մեր մարզիկները լավ են պատրաստված և ուժեղ են: Բազմաթիվ տաղանդավոր սաներ ունենք: Ցավոք, ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս մեծ կազմով մասնակցել մրցումներին և շատ ավելի բարձր արդյունքներ գրանցել:

- Պարոն Հակոբյան, ֆեդերացիան մեծ ուշադրություն է դարձնում նաև մարզերում մարզաձևի տարածման ու զարգացման վրա: Ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում այդ ուղղությամբ:

կիոկուշին կարատե

- Փորձում ենք ոչ միայն Երևանում, այլև մարզերում մասսայականացնել մարտարվեստը: Այդ ուղղությամբ բազմապիսի աշխատանքներ ենք կատարում: Վստահաբար կարող եմ ասել, որ մարզերում կիոկուշին կարատեն ամենից տարածված մարզաձևերից է: Միայն Կոտայքի մարզում 500-ից ավելի մարզիկներ են զբաղվում կիոկուշին կարատեով, Գեղարքունիքում՝ 400: Վերջերս անցկացրինք Գեղարքունիքի և Կոտայքի մարզային առաջնություններ. բազմաթիվ մարզիկներ մասնակցեցին: Մարզերում շատերն են զբաղվում կիոկուշին կարատեով, քանի որ մարզումներն անվճար են: Հույս ունեմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մեզ ավելի շատ կսկսի աջակցել, քանի որ մարզաձևը տարածված է, մարզիկները հաջողություններ են գրանցում միջազգային ասպարեզում: Ցանկալի կլիներ դիրքերն ավելի ամրապնդել, ավելի մեծ կազմով մեկնել մրցաշարերի: Մարտարվեստն այնքան տարածված է ու սիրված, որ շատ դեպքերում մրցումների ժամանակ մարզադահլիճներում տեղ չի լինում երկրպագուների համար: Սա ձեռքբերում է մեզ համար: Երբ Եվրոպայի առաջնությունն անցկացրինք Երևանում` մարզադահլիճում ոչ մի ազատ տեղ չկար:

Ֆեդերացիան մարզերի մարզադպրոցներին փորձում է մարզագույքով ապահովել` տրամադրելով տատամի, տանձիկներ: Մարզադահլիճների խնդրին հարկավոր է ուշադրություն դարձնել և բարեկարգել նաև մյուս մարզաձևերի զարգացման համար: Այսպիսով, միայն Երևանով չենք սահմանափակվում և պարտադիր հնարավորություն ենք տալիս մարզերի մարզիկներին իրենց դրսևորելու: Նշեմ, որ նրանք ավելի եռանդով են աշխատում, շատ ավելի ձգտող են և հավատում են սեփական ուժերին:

Ֆեդերացիայի տարեկան բյուջեն կազմում է 2 միլիոն դրամ: Ունենք 3000-ից ավելի սաներ: Միայն աշխարհի առաջնությանը մասնակցելով` մենք ավելի շատ գումար ծախսեցինք: Իսկ տարվա կտրվածքով նմանատիպ մրցաշարեր, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ ու սեմինարներ շատ են լինում:

- Տարին բավական հագեցած է ֆեդերացիայի համար: Առաջիկայում ի՞նչ աշխատանքներ են սպասվում:

- Հուլիսի 10-ին մեր պատվիրակությունը կմեկնի Ռուսաստան, որտեղ կորոշվեն աշխարհի և Եվրոպայի առաջիկա առաջնությունների անցկացման վայրերը:

Պատրաստվում ենք ամառային ուսումնամարզական մեծ հավաք անցկացնել, որին կմասնակցեն պատանիներն ու երիտասարդները: Անցկացնելու ենք պատանիների Հայաստանի առաջնություն, այնուհետև կմասնակցենք Կովկասի առաջնության և միջազգային այլ մրցաշարերի: Մենք անընդհատ աշխատում և երբեք կանգ չենք առնում, բոլոր հնարավոր ուղիները փորձում ենք գտնել զարգանալու համար: Մարզիչների համար մշտապես անցկացնում ենք վերապատրաստման դասընթացներ:

Եթե այդ ամենը չլինի` չենք կարող բարձր արդյունքների հասնել արտագնա մրցումներում: Ֆեդերացիան ամեն ամիս մարզիչների համար անցկացնում է սեմինար պարապմունքներ: Մենք փորձում ենք այս կերպ բարձր պահել երկրի պատիվը: Գարնանը շուրջ 1000 մարդ` 27 պետությունների ներկայացուցիչներ, եկան Հայաստան՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Հնարավորությունների դեպքում կարող ենք նմանատիպ մեծամասշտաբ այլ միջոցառումներ կազմակերպել և անցկացնել: Ցավոք, ֆեդերացիան այդ հնարավորությունները միշտ չէ, որ ունի: Բայց և այնպես մենք նվիրյալներ ենք ու բոլոր հնարավոր և անհնար միջոցներով փորձում ենք մեր գործն առաջ տանել` հանուն մեր երկրի, մեր երեխաների ապագայի:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: