Հայերեն   English   Русский  

​ՕՇԻՆ ՊԱՅԼ


  
դիտումներ: 8849

XIV դարում Կիլիկիայի հայոց թագավորությունը ծանր օրեր էր ապրում: Հայոց թագավորությանը հյուսիսից սպառնում էին թուրքմենները, հարավից՝ Եգիպտոսի սուլթանությունը: Իսկ Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ի (1226-1270) 1254 թ. կնքած հայ-մոնղոլական դաշինքն արդեն ճեղքեր էր տվել: Եվ հայոց արքաները, փոխանակ մտածելու երկրի անվտանգության ապահովման մասին, շարունակ խաչակրաց արշավանքներ էին հրահրում Երուսաղեմն ազատագրելու բաղձանքով:

1289 թ. հայոց գահ բարձրացավ Հեթում Բ Հեթումյան արքան: Նա շատ ավելի կրոնավորի էր նման, քան գահակալի: Իր կարճատև թագավորության ընթացքում Հեթում Բ-ն, մի քանի անգամ հրաժարվելով հայոց գահից, վանք մտավ: Հեթումը, կրոնամոլ լինելուց զատ, նաև լատինամոլ էր: Եվ նրա թագավորությունը նշանավորվեց նրանով, որ հայոց արքունիքը կաթոլիկություն ընդունեց: Հեթումը ցանկացավ նաև կաթոլիկություն պարտադրել Հայ առաքելական եկեղեցուն:

Հեթում Բ-ի քաղաքականության դեմ ըմբոստացան շատ իշխաններ, նաև՝ իր հարազատ եղբայրները, որոնք անգամ կարողացան կարճ ժամանակով գահազրկել Հեթումին և գրավել հայոց գահը: Սակայն ծայր առած եղբայրասպան ու արյունահեղ բախումներում Հեթում Բ-ն, ի վերջո, հաղթող դարձավ:

Հեթում Բ-ն երկրի անկախության և ինքնիշխանության հույսերը կապում էր կաթոլիկության և եվրոպական երկրների աջակցության հետ և բազմիցս պատգամավորներ ուղարկեց Արևմուտք՝ օգնություն ակնկալելով:

1307 թ. Հեթում Բ-ն վերջնականապես վանք մտավ՝ հայոց գահը անվանապես հանձնելով իր եղբոր անչափահաս որդուն՝ Լևոն Դ-ին: Սակայն Հեթումն իր վրա վերցրեց թագավորահոր պաշտոնը և այդպիսով, փաստորեն, վանքից կառավարում էր երկիրը:

1307 թ. Լևոն Դ-ն Հեթումի ցուցումով Սիս մայրաքաղաքում ժողով հրավիրեց և պարտադրեց որոշում, որով Հայ առաքելական եկեղեցին կաթոլիկություն էր ընդունում և միավորվում Վատիկանին: Սա ավելի սրեց երկրի ներքին խնդիրները: Նույն ժամանակամիջոցում հայերի դաշնակից մոնղոլները ցանկացան Սիս մայրաքաղաքում մզկիթ կառուցել, ինչին ընդդիմացան հայ հոգևորականները: Մոնղոլ զորավար Փիլարղուն Անարվազա քաղաք հրավիրեց Հեթումին, Լևոն արքային, ևս 40 հայ իշխանների ու բոլորին սրի քաշեց: Սույնով հայ-մոնղոլական դաշինքը խզվեց, և Կիլիկիայի հայոց թագավորությունը զրկվեց զորեղ դաշնակցից:

Կիլիկիո գահը զբաղեցրեց Օշին Ա Հեթումյանը: Նա շարունակեց նախկինների քաղաքականությունը և երկիրն ավելի ընկղմեց քաղաքական ճահճի և կրոնական երկպառակության մեջ:

Օշին արքան մահացավ երիտասարդ՝ 37 տարեկան հասակում: Նա հավանաբար հիվանդ էր և գիտեր իր մոտալուտ մահվան մասին, քանզի մահից առաջ իր անչափահաս զավակի՝ Լևոն Ե արքայի համար խնամակալներ նշանակեց: Օշին արքան թագավորահայր և պետության մեջ գլխավոր նշանակեց իր աներորդուն՝ Զաբլուն թագուհու եղբորը՝ Օշին Պայլին՝ Կոռիկոսի բերդատիրոջը:

Օշին արքայի առաջին կինը մահացել էր երիտասարդ հասակում՝ իր ամուսնուն պարգևելով Լևոն որդուն: Երկրորդ անգամ Օշին արքան ամուսնացավ Նեապոլի իշխանի դստեր՝ Յոհաննայի հետ: Յոհաննային խնամախոսության գնաց և Կիլիկիա ուղեկցեց հենց Օշին Պայլը: Ճանապարհին Օշին Պայլն ու երիտասարդ թագուհին սիրահարվեցին միմյանց: Սակայն Հեթումյան իշխանին վիճակված էր իր սրտի թագուհուն իր իսկ ձեռքով հանձնել արքային:

Օշին իշխանի ծննդյան ստույգ թվականն անհայտ է: Նա նշանավոր Հեթում պատմիչի որդին էր: Հեթում պատմիչը Կիլիկյան Հայաստանի կարևորագույն պետական, ռազմական գործիչներից էր: Նա հայոց զորքերի սպարապետն էր և աչքի է ընկել բազում հաղթական ճակատամարտերում:

1305 թ. Հեթում պատմիչը թողեց աշխարհիկ կյանքը, երկրի զորքերի սպարապետությունը հանձնեց իր որդի Օշինին, ինքը կաթոլիկություն ընդունեց և որպես Հայր Անտոն՝ վանք մտավ: Նա Կղեմես Ե Պապի հանձնարարությամբ գրել է իր «Պատմություն թաթարաց» աշխատությունը, որ ոչ միայն կարևոր է միջնադարյան պատմության ուսումնասիրության համար, այլև Մարկո Պոլոյի ճանապարհորդական նոթերից հետո միջնադարյան աշխարհում ամենից շատ թարգմանված և տարածում գտած աշխատությունն է:

Որպես հայոց պետության զորքերի սպարապետ՝ 1318 թ. Օշին Պայլը ջախջախեց Եգիպտոսի սուլթանության՝ Կիլիկիո թագավորություն ներխուժած զորքերը և նրանց դաշնակից Կարամանի թուրքմեններին:

1320 թ. Օշին Պայլը ստանձնեց երկրի թագավորահոր պաշտոնը՝ դառնալով գահ բարձրացած մանկահասակ Լևոն Ե արքայի խնամակալը: Փաստացի սպարապետն իր ձեռքում կենտրոնացրեց պետության կառավարման լծակները: Բացի Օշինից, արքայի և պետության խնամակալներն էին նաև Օշինի եղբայրը՝ մարաջախտ Կոստանդինը, թագավորության սենեկապետ Հեթում Հեթումյանը՝ Նզիրի իշխանը, ապա նաև՝ Պաղտին իշխանը:

Ի դեպ, ստանձնելով թագավորահոր պաշտոնը, Օշին Պայլն ամուսնացավ իր վաղեմի սիրու՝ այրիացած թագուհի Յոհաննայի հետ: Իսկ իր առաջին ամուսնությունից ծնված Ալիծ դստերն ամուսնացրեց պատանի արքայի՝ Լևոն Ե-ի՝ փաստորեն, հորաքրոջ որդու հետ: Սույնով Օշին Պայլն ամբողջովին իր ձեռքն առավ պետության կառավարման լծակները:

Դառնալով թագավորահայր՝ Օշինը երկրի զինված ուժերի հրամանատարությունը հանձնեց իր եղբորը՝ Կոստանդին Հեթումյանին: Մեկ տարի անց նրանք միասին դարձյալ ահեղ կռիվներ մղեցին Կիլիկիան ասպատակող եգիպտական մամլուքների և Կարամանի թուրքմենների դեմ: Սակայն ուժերն անհավասար էին: 1323 թ. Օշին Պայլը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ստիպված էր հաշտություն կնքել նվաստացուցիչ գնով: Կիլիկիայի հայկական թագավորությունը պարտավորվում էր Այաս նավահանգստից ստացվող տարեկան եկամտի ուղիղ կեսը որպես հարկ վճարել Եգիպտոսին: Բացի այդ, Կիլիկիայի հայկական թագավորությունը պարտավորվում էր այլևս երբեք չդիմել եվրոպական երկրներին և խաչակրաց արշավանքներ չհրահրել հարևան Եգիպտոսի դեմ: Փոխարենը Եգիպտոսը պարտավորվում էր միջոցներ հատկացնել Կիլիկիայի թագավորության ավերված բերդերի և ամրությունների վերականգնման համար:

Ցավոք, անգամ այս ծանր ապտակը չսթափեցրեց հայոց թագավորության կառավարիչներին, որոնք իրենց արևմտամետ դիրքորոշմամբ երկիրն արագ դեպի անդունդ էին առաջնորդում: Սա վերաբերում է հատկապես թագավորին, որի հարաբերությունները, մեղմ ասած, լարված էին թագավորահոր հետ:

Օշին Պայլն արու զավակ չուներ: Ուներ երկու դուստր՝ Ալիծը, ով ժառանգեց Կոռիկոսի իշխանությունը, ապա դարձավ հայոց թագուհի, և կրտսեր դուստրը՝ Մարին:

1329 թ. Լևոն Ե արքան չափահաս դարձավ՝ բոլորելով 20 տարին: Օշին Պայլը ցած դրեց իր լիազորությունները: Սակայն իշխանի և արքայի հարաբերությունները, միևնույն է, մնում էին լարված: Ինքնուրույն բազմելով հայոց գահին՝ Լևոն Ե արքան հաշվեհարդար տեսավ սեփական կնոջ՝ Ալիծ թագուհու և Օշին Պայլի նկատմամբ: Նրանք մահապատժի ենթարկվեցին արքայի հրամանով, իսկ նրանց կալվածքները գրավվեցին:

Լևոն Ե-ն իր կնոջն ու քեռուն մահապատժի ենթարկելուց առաջ նրանց մեղադրեց պետական ամրոցներն ու ունեցվածքը հափշտակելու մեջ:

1329 թ. փետրվարի 26-ին Սիս մայրաքաղաքում իրականացվեց Օշին Պայլի և իր դստեր՝ հայոց Ալիծ թագուհու մահապատիժը:

Վահէ Լոռենց

Թռչունների քարանձավը գտնվում է Արենիում: Այնտեղ գտնվել են աշխարհի հնագույն գինու հնձանը և աշխարհի հնագույն կոշիկը:

Ներսես Կամսարական – VI դարի բյուզանդական զորավար: Սկզբնապես ծառայել է պարսկական բանակում և եղբոր` Հրահատի հետ ջախջախել բյուզանդացիներին: Ապա անցել է Բյուզանդիա և պայքարել պարսիկների դեմ:

Սմբատ Բագրատունի – VI դարի հայ իշխան: Պարսկաստանում հայկական զորախմբի կազմում մասնակցել է Վահրամ Չուբինի դեմ պատերազմին: 591 թ. ապստամբել է Բյուզանդական կայսրության դեմ: Ձերբակալվել է և մահվան դատապարտվել: Սակայն կրկեսում կարողացել է իր ամեհի ուժով գետնին տապալել գազաններին: Ի վերջո, ներման է արժանացել և աքսորվել Աֆրիկա: Պատմիչների հավաստմամբ` ամեհի ուժի տեր անձնավորություն էր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: