Հայերեն   English   Русский  

Վերականգնվել է 42 միլիոն դոլար չվճարված հարկ. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 1558

Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը:

Վարչապետն անդրադարձել է ստվերային տնտեսության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերի արդյունքներին:

«Գիտեք, որ մեր կառավարության ձևավորումից ի վեր Հայաստանում ակտիվորեն ընթանում է կոռուպցիայի, չարաշահումների և ստվերային տնտեսության դեմ պայքար: Մենք ամփոփել ենք մի տվյալ և արձանագրել, որ իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանում միայն հարկային պարտավորությունների մասով հուլիսի մեկի դրությամբ հաշվարկվել, վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս կամ չվճարված հարկ, որը պետք է վճարվի: Խոսքը 42 մլն դոլարի մասին է, սա շատ կարևոր ցուցանիշ է և, կարծում եմ, որ մենք այս ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակենք: Սա իրականում մեկուկես ամսվա ցուցանիշ է: Մամուլում հրապարակումներ կան, որ բյուջեում այս պահի դրությամբ այս վերադարձված թիվը չի արտահայտվում, սակայն այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա և ես հիմա կխնդրեմ ՊԵԿ նախագահ պարոն Անանյանին ներկայացնել, թե ինչն է պատճառը, որ մենք այս պահի դրությամբ պետական բյուջեում չունենք այս 20 մլրդ դրամը և ունենք ընդամենը վերականգնված, փաստացի մուտք արված 800 մլն դրամ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրել է, որ վերականգնված գումարներն ԱԱԾ, ՊԵԿ և Ոստիկանության համատեղ ջանքերի արդյունք է:

«Բնականաբար, քննչական և հետաքննչական ծառայությունները համագործակցել են քննչական ծառայության, դատախազության հետ և ցանկանում եմ, որ սա վերագրենք հավաքական աշխատանքի արդյունք: Ինչ վերաբերում է Ձեր ասած թվերին, ըստ էության, 20 մլրդ 622 մլն-ն օր-օրի փոփոխվում է, բնականաբար այն ունի բարձրանալու միտում: Այս պահի դրությամբ այս գումարը 73 տնտեսվարողների վարքագծի արդյունք է և մենք կարող ենք դա բաժանել 3 մասի: Ինչպես Դուք ասացիք, 800 մլն դրամը փաստացի մուտքագրվել է բյուջե, մոտավորապես 12,7 մլրդ դրամ առաջադրվել է գանձման պետական բյուջե, իսկ 7 մլրդ-ի կարգի միջոցները նախնական հաշվարկներ են, որոնք փոփոխման ենթակա են, այսինքն քննչական գործողությունների ընթացքում դրանք ավելանալու միտում ունեն: Երբ ասում ենք, որ վերականգնվել է, օրինակ՝ 2.5 մլրդ դրամ, նկատի ունենք, որ օրինակ՝ «Նորֆոլկի» հաշվարկային հաշվին մուտքագրվել է համապատասխան գումար, որը վերահսկվում է ԱԱԾ և ՊԵԿ համապատասխան ծառայությունների կողմից և լուծարային ստուգման ակտը գրելուն պես ակտի հիման վրա հաշվարկային հաշվիչ գումարները կփոխանցվեն պետական բյուջե: Երբ, օրինակ՝ «Նորֆոլկի» դրվագով ասում ենք, որ ունենք վերականգնում, պետք է դա այս պահին վերապահումով ասել. վերականգնումը դեռևս չի նշանակում պետական բյուջեի անմիջական մուտք, նշանակում է, որ վերակագնվել է բյուջեի հաշվարկային հաշիվ և մուտքագրվելու է պետական բյուջե ակտի առկայության պայմաններում, որը մենք նախատեսում ենք հրապարակել մինչև հուլիսի 17-ը»,- ասել է Դավիթ Անանյանը:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ներկայացված թիվը վերաբերում է միայն հարկային պարտավորություններին:

«Այս թիվը չի վերաբերում ապօրինի հարստացման գործերին, յուրացումներին և այլ կոռուպցիոն երևույթների հետ կապված գործերին, որոնք նույնպես իրենց ծավալներով չափազանց մեծ են: Իհարկե, այս պրոցեսը շարունակվելու է և մենք լրջագույն գումարներ վերականգնելու ենք, պետությանը հասցված վնասները վերականգնելու ենք և ինչպես ասել եմ, մինչև վերջ ենք վերականգնելու, աննահանջ ենք վերականգնելու: Ուրախ եմ, որ այս թեմայի շուրջ մեր իրավապահ մարմինների փոխգործակցության մակարդակ ամեն օրվա հետ ավելի արդյունավետ է դառնում և մենք այս ճանապարհով պետք է շարժվենք: Ուզում եմ ընդգծել, որ հենց այս գումարների մասին է խոսքը, երբ ասում ենք, որ 10 մլրդ դրամ սուբվենցիաների ծրագրով կհատկացնենք մարզերին: Շատ կարևոր է, որ իսկապես այս գումարները ծախսվեն մաքսիմալ արդյունավետ, որպեսզի մեր ժողովուրդն արդեն իրենց համայնքներում զգա փոփոխությունները»,- ասել է կառավարության ղեկավարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: