Հայերեն   English   Русский  

Բախումներ Գյանջայում. կան զոհեր և ձերբակալվածներ (տեսանյութ)


  
դիտումներ: 679

Հուլիսի 10-ի երեկոյան Գյանջայում (Գանձակ) բախում է տեղի ունեցել մի խումբ ցուցարարների և իրավապահ մարմինների միջև:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հայտարարությունում նշված է, որ հուլիսի 10-ին՝ տեղի ժամանակով մոտ 20:00-ին, արմատական կրոնական ուղղության կողմնակից մի խումբ անձինք (մոտ 150-200 մարդ) Գյանջայի քաղաքապետարանի շենքի առջև գտնվող հրապարակում փորձել են կոպտորեն խախտել հասարակական կարգը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը, ըստ հայտարարության՝ ակցիայի մասնակիցները «բութ և կտրող-ծակող առարկաների կիրառմամբ դիմադրություն են ցույց տվել իրավապահներին»: Ձերբակալվել է 40 մարդ: Ներքին գործերի նախարարությունից հայտնել են նաև, որ բախման արդյունքում ստացված վնասվածքներից երկու սպա մահացել է:

Փաստի առնչությամբ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի քրեական օրենսգրքի՝ «պաշտոնատար անձի սպանություն», «երկու և ավելի անձանց սպանություն», «զանգվածային անկարգություն», «զենքի ապօրինի կրում», «կյանքի ու առողջության համար վտանգավոր ուժի կիրառմամբ դիմադրություն ոստիկանությանը» հոդվածներով:

Գյանջայի բնակիչները լրատվական կայքին հայտնել են, որ լրացուցիչ ոստիկանական ուժեր են բերվել քաղաք: Մարդկանց անմիջապես իրենց տներից բերման են ենթարկում:

Հուլիսի 3-ին ծագումով Գյանջայից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Յունիս Սաֆարովը կրակել և վիրավորել է Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևին ու նրա թիկնապահ Գասըմ Աշբազովին: Իրավապահ մարմինները զինված հարձակումը որակել են որպես ահաբեկչություն: Ըստ հետաքննության տվյալների՝ Սաֆարովը կրոնական արմատական թևի ներկայացուցիչ է:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Վելիևի նկատմամբ հարձակման պատճառ հանդիսացել է վերջինիս՝ քաղաքացիների հանդեպ բռի պահվածքը: Այսպես՝ որոշ ժամանակ առաջ տեղի բանկիչ մի կին իր գանգատներով դիմել է քաղաքապետին, սակայն Վելիևը բղավել, հայհոյել և իր աշխատասենյակից դուրս է հանել հղի կնոջը: Ըստ տեղեկության՝ այն տղամարդը, ով կրակել է Վելիևի և նրա թիկնապահի վրա, եղել է այդ կնոջը եղբայրը:

Էլմար Վելիևի դեմ մահափորձը ցոցիալական ցանցերում ակտիվ քննարկումների առիթ է հանդիսացել: Ընդ որում՝ հնչեցվել են քննադատական կարծիքներ Գյանջայի ղեկավարի գործունեության վերաբերյալ՝ կոչ անելով Գյանջայում Յունիս Սաֆարովի աջակցությանն ուղղված բողոքի ցույց անցկացնել:

Հուլիսի 9-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել Գյանջայի ղեկավար Էլմար Վելիևի վրա հարձակման առնչությամբ ԶԼՄ-ների լուսաբանման և սոցիալական ցանցերում քննարկման ընթացքում օրենքի խախտման առնչությամբ: Հաղորդվում է, որ 14 մարդ ձերբակալվել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: