Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում ակտիվացել է քաղբանտարկյալների ճնշման և ապօրինի ձերբակալությունների քաղաքականությունը


  
դիտումներ: 265

Ադրբեջանական քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի հակամարգող Օգթայ Գյուլալըևը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկրի իշխանությունները վերջերս կրկին ակտիվացրել են իրենց ռեպրեսիվ քաղաքականությունը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, մամուլի ասուլիսին ներկա են գտնվել նաև այլ իրավապաշտպաններ և քաղբանտարկյալների ընտանիքիների անդամներ: Ըստ Գյուլալըևի՝ ձերբակալությունների նոր ալիքը սկսվել է Մինգեչաուրի ՋԷԿ-ում տեղի ուեցած վթարից և Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի վրա հարձակումից հետո:

«Ըստ պաշտոնական տվյալների՝ Գյանջայում տեղի ունեցած իրադարձություններից, այդ թվում՝ նաև հուլիսի 10-ի բախումներից հետո ձերբակալվել է 52 մարդ, մինչդեռ համաձայն ոչ պաշտոնական տվյալների՝ ձերբակալվել է մոտ 100 մարդ»,- ասել է ակտիվիստը՝ հավելելով, որ ձերբակալվել են նրանք, ովքեր քննադատել են Վելիևին և, ընդհանուր առմամբ, երկրի կառավարությանը, հավանություն են տվել նրա վրա կրակած Յունիս Սաֆարովի գործողություններին: Մի շարք կայքերի ղեկավարների դեմ քրեական գործեր են հարուցվել, արգելափակվել է առնվազն 4 առցանց պարբերական:

Գյուլալըևը հավելել է, որ իրավապաշտպանները դեմ են բախումներին և արյունահեղությանը: «Գյանջայում հուլիսի 10-ի իրադարձությունների առնչությամբ շատ բան հստակ չէ: Պաշտոնական հայտարարությունները համոզիչ չեն: Անկախ մեդիայի ոչնչացման պատճառով դեպքի վայրում անկախ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ չեն եղել: Քննչական մարմինները չեն տրամադրում իրադարձությունների ընթացքը ներկայացնող տեսանյութեր: Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպես իրավապահ մարմինները ընդդիմության բազմահազարանոց ակցիաների ժամանակ կարողանում են ապահովել անվտանգությունը՝ վերահսկելով յուրաքանչյուր մասնակցի գործողությունները, մինչդեռ 150-200 մարդկանց մասնակցությամբ Գյանջայի ակցիայի ժամանակ չեն կարողացել անվտանգությունն ապահովել, ինչի արդյունքում էլ ոստիկանության երկու սպա մահացել է»,- ընդգծել է Գյուլալըևը:

Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվել է նաև, որ վերջին ժամանակներս բանտերում անմարդկայնորեն են վերաբերվում քաղբանտարկյալների նկատմամբ: «NIDA» շարժման ակտիվիստ Իլքին Ռասուլզադեի հայրն ասել է, որ իր որդու վրա ճնշում են գործադրում, երբ վերջինս հեռախոսազրույց է ունենում, ինչ-որ մեկը նրան մշտապես հսկում է: Բացի այդ, վերջերս նրան թույլ չեն տալիս հանդիպել ծնողների հետ:

Լրագրող Ֆիքրեթ Ֆարամազօղլուի կինը հայտնել է, որ իր ամուսինը լուրջ հիվանդություն ունի, սակայն նրան չեն բուժում: Բլոգեր Ռաշադ Ռամազանովի կինն էլ տեղեկացրել է, որ իր ամուսնուն թույլ չեն տալիս գիրք կարդալ, նրանից խլում են ձեռագրերը: Աֆղան Սադըգովի կինն իր հերթին ասել է, որ իր ամուսինը հուլիսի 7-ին դատապարտվել է 30 օրվա վարչական կալանքի, սակայան մինչև օրս նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չեն տրամադրել:

Հուլիսի 10-ի երեկոյան Գյանջայում (Գանձակ) բախում է տեղի ունեցել մի խումբ ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հայտարարությունում նշված է, որ հուլիսի 10-ին՝ տեղի ժամանակով մոտ 20:00-ին, արմատական կրոնական ուղղության կողմնակից մի խումբ անձինք (մոտ 150-200 մարդ) Գյանջայի քաղաքապետարանի շենքի առջև գտնվող հրապարակում փորձել են կոպտորեն խախտել հասարակական կարգը:

Հուլիսի 3-ին ծագումով Գյանջայից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Յունիս Սաֆարովը կրակել և վիրավորել է Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևին ու նրա թիկնապահ Գասըմ Աշբազովին: Իրավապահ մարմինները զինված հարձակումը որակել են որպես ահաբեկչություն:

Էլմար Վելիևի դեմ մահափորձը ցոցիալական ցանցերում ակտիվ քննարկումների առիթ է հանդիսացել: Ընդ որում՝ հնչեցվել են քննադատական կարծիքներ Գյանջայի ղեկավարի գործունեության վերաբերյալ՝ կոչ անելով Գյանջայում Յունիս Սաֆարովի աջակցությանն ուղղված բողոքի ցույց անցկացնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: