Հայերեն   English   Русский  

​Հայաստանի ներքին իրավիճակը գործոններից միայն մեկն է, որ կարող է գայթակղել Ադրբեջանին՝ անցնելու լայնածավալ պատերազմական գործողությունների


  
դիտումներ: 939

Ադրբեջանում այս օրերին ընթանում են լայնածավալ զորավարժություններ, շարունակում են հնչել սպառնալիքներ՝ ուղղված ոչ միայն Արցախին, այլև Հայաստանի Հանրապետությանը:

Սա չափազանց ուշագրավ է Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ ցուցադրված ադրբեջանական նոր ձեռքբերումների և թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Ադրբեջանում ծավալվող ներքին զարգացումների ֆոնին: Հասարակության շրջանում հնչում են նաև տեսակետներ, որ ներքին զարգացումները, հասարակության ուշադրության գերկենտրոնացումը ներքին իրադարձությունների վրա, կատարվող բացահայտումների հետևանքով որոշ ինստիտուտների, կառույցների ու մարդկանց կերպարի ընկալման փոփոխությունները ռեալ հնարավորություն են ընձեռում Ադրբեջանին դիմելու լայնածավալ ռազմական գործողությունների: Ուստի «Անկախը» այս թեմայով զրուցել է razm.info կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ:

- Պարո՛ն Վրթանեսյան, ինչպե՞ս եք բնութագրում սահմանին տիրող իրավիճակն ու զարգացումների ի՞նչ հնարավոր սցենար եք կանխատեսում:

- Ընդհանուր վիճակը կարող եմ բնութագրել որպես սովորական. զորավարժությունները սկսվել են, սահմանին կուտակումների առումով ոչ մի նոր բան չկա. իրավիճակը նույնն է, ինչ վերջին երկու ամսվա ընթացքում:

- Ադրբեջանը վերջին շրջանում ձեռք է բերել մեծաքանակ ռազմական տեխնիկա, նոր զինատեսակներ, պետք է որոշակի փորձարկումներ անի, ներդաշնակեցումներ անի, պլաններ ու սցենարներ կազմի և այլն, այդ ամենը պարզ է, բայց փորձենք հասկանալ, թե ներկայումս որքանով է ռեալ հակառակորդի կողմից մեծածավալ ռազմական գործողությունների վերսկսման սցենարը:

- Այո, փորձարկում են, ներդաշնակեցնում են, բայց ասել, որ ինչ-որ բան նոր է, իհարկե չենք կարող: Ընդհանրապես վերջին տարիներին, կարելի է ասել՝ 2010 թվականից սկսած, իրավիճակն այնպիսին է, որ օրեցօր պատերազմի հավանականությունն աճում է: Այսինքն՝ Ադրբեջանը, ստանալով գերեկամուտներ նավթի գների բարձրացումից, սկսեց սպառազինությունների լուրջ գնումներ կատարել, սկսեցին լուրջ աշխատել իրենց զինված ուժերի վրա և այլն: 2010 թվականից սկսած՝ աստիճանաբար դիվերսիոն ներթափանցումների փորձեր էին անում, դիպուկահարների պատերազմ սանձազերծեցին, 2014-ից հետո արդեն հրետանին սկսեց մասնակցել, ինչն ի վերջո 2016 թվականին հանգեցրեց ապրիլյան պատերազմին: Դրանից հետո միջազգային հանրության ճնշման տակ, նաև հայկական կողմի դիվանագիտական որոշակի ձեռքբերումների արդյունքում բավականին լուրջ ճնշում եղավ Ադրբեջանի վրա, և մի որոշ ժամանակ զուսպ էին ադրբեջանցիները: Նրանց զսպվածության վրա նաև ազդեց այն հանգամանքը, որ առաջնագիծը կահավորվեց գիշերային տեսանելիության սարքերով, տեսախցիկներով և այլն: Այսինքն՝ 2010 թվականից հետո սովորական դարձած դիվերսիոն ներթափանցման փորձերը, կրակոցները բավականին նվազել են:

Բայց սկսած ապրիլի սկզբից՝ ադրբեջանցիները զորքեր են կուտակում առաջնագծում: Դա կախված էր թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի ներքին իրավիճակներից: Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ էին, Հայաստանում էլ պլանավորվում էր անցումը նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին: Իսկ ցանկացած քաղաքական նմանատիպ տեղաշարժից, որը կարող է որոշակի ճնշումների պատճառ դառնալ, կարող են օգտվել հարևանները: Ընդ որում ասեմ՝ պարտադիր չէ, որ նման իրավիճակներից օգտվողները պատերազմող կողմեր լինեն:

Հիշենք՝ 2014 թվականին սկսվեցին ուկրաինական իրադարձությունները, որտեղ նույնիսկ ընտրություններ չկային, այլ Ուկրաինայի եվրաասոցացման համաձայնագրի վավերացման չեղարկումն էր: Քաղաքական այդ զարգացումը երկու իրար հանդեպ խիստ բարեկամական տրամադրված երկրներին՝ Ուրաինային ու Ռուսաստանին հանգեցրեց պատերազմի: Այսինքն՝ նման ներքաղաքական լարվածության, հնարավոր ցնցումների ֆոնին զորքերը սահմանին մոտեցնելը շատ բնական երևույթ է:

Եվ ապրիլից սկսած՝ ադրբեջանցիները զինուժ են կուտակում սահմանին: Բացի դրանից, որոշակի լարվածություն ստեղծվեց նաև Նախիջևանի հետ սահմանին՝ տեղաշարժեր եղան, դիրքերը առաջ տարան թե՛ հայկական, և թե՛ ադրբեջանական կողմերը, հայկական կողմը՝ ապրիլին, ադրբեջանական կողմը՝ հիմնականում մայիսին: Հիմա, իմ տվյալներով, Նախիջևանում էլի ինչ-որ կրակոցներ, միմյանց տարածք հրդեհելու ու ընդհանուր նման իրավիճակ է: Դա ընդհանուր ֆոն է և իմ կարծիքով՝ դժվար թե հանգեցնի լայնածավալ պատերազմական գործողությունների: Խոսքս Նախիջևանի հատվածի մասին է:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների սանձազերծմանն Արցախի դեմ ու զորավարժություններին, ապա հնչեցին կարծիքներ, թե աննախադեպ են այդ զորավարժությունները: Իհարկե այդպես չէ, ավելի մեծ զորավարժություններ էլ են եղել այս վերջին 2 տարիների ընթացքում: Բայց ամեն դեպքում առանձին գործողություններ են, որոնք, իհարկե, բերում են լարվածության աճ և ավելացնում են ռազմական գործողությունների հավանականությունը, բայց ադրբեջանցիների համար ամենալուրջ խթանող գործոնը այս անցումային շրջանն է Հայաստանում:

- Անդրադառնանք նաև Հայաստանի ներքին զարգացումներին, ինչպե՞ս կազդեն դրանք Ադրբեջանի վարքագծի վրա, և մեր ներքին իրավիճակը հաշվի առնելով՝ որքանո՞վ ենք պատրաստ դիմագրավելու:

- Իմ կարծիքով՝ հայ հասարակության ուշադրության բևեռացումը ներքին խնդիրների վրա մեծ դեր չի խաղում և չի ազդում Ադրբեջանի՝ որոշումների կայացման վարքագծի վրա, որովհետև եթե ինչ-որ լայնածավալ մի բան սկսվի, ապա հասարակության ուշադրությունը վայրկենապես կտեղափոխվի սահմանի ու Արցախի վրա: Բայց խնդիրն այն է, որ ըստ էության՝ այս փոփոխությունները, եղած հին ապարատը, գործող պետական ապարատի ինչ-ինչ տարրերը կազմաքանդելը, որ հիմա անխուսափելի է, իմ կարծիքով, որոշ չափով թուլացնում է Հայաստանը, և բնական է, որ ինչ-որ գայթակղություն առաջացնում է Ադրբեջանում սադրանքների դիմելու:

- Բացահայտումները, բանակից յուրացումները, ԵԿՄ-ի ու նրա նախագահի շուրջ առաջացած սկանդալը, ազատամատիկների, զինվորականների, երկրապահների կերպարի ընկալման փոփոխություններն ու հասարակության համապատասխան վատ վերաբերմունքը բացասական գործոն չե՞ն հակամարտության սրման համար:

- Առաջնային գործոնն Ադրբեջանի համար մեր բանակ-կառավարության տարբեր օղակներ կապն է, համաձայնեցված աշխատանքը, ինչն այս պահին բավականին լուրջ փոփոխությունների է ենթարկվում: Օրինակ՝ քանի որ Հայաստանում միանգամից փոխվեցին և՛ պաշտպանության նախարարը, և՛ Գլխավոր շտաբի պետը համակարգի փոփոխության ֆոնին, կարող է նույնպես գայթակղություն առաջացնել Ադրբեջանում: Կարծում եմ՝ կարելի էր, օրինակ, ԳՇ պետին, եթե անգամ խիստ անհրաժեշտ էր փոխելը, ավելի ուշ անել: Նկատի ունեմ, որ Հայաստանի ներքին իրավիճակն ու զարգացումները Ադրբեջանի համար ևս մեկ լրացուցիչ գործոն են, որ կարող են դիտարկել լայնածավալ ռազմական գործողությունների անցնելիս, բայց գործոններից մեկը միայն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: