Հայերեն   English   Русский  

​Պետք է գոնե մի մարդ լինի, որ հավատա քեզ ու աջակցի. հաջողակ բիզնեսմենը բացահայտում է «գաղտնիքը»


  
դիտումներ: 4271

«Դրոպս» ՍՊԸ-ի համահիմնադիր Վահագն Ծատուրյանն այս ձմռանը գազի վարձ չի վճարել, ավելի ճիշտ՝ ձմռան գազի համար վճարել է ամբողջ անցյալ տարվա ընթացքում:

Նա արդեն մոտ մի տարի է, ինչ վճարումներ կատարելու համար չի այցելում բանկ, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների գրասենյակներ, ապահովագրական ընկերություններ, թաղապետարան, բայց նրա բոլոր վճարումները կատարվում են ժամանակին, քանի որ բոլոր գործարքները կատարում է իր ստեղծած Drops հավելվածի միջոցով

Drops-ը համակարգ է, որով մեծ գումարները, որոնք ունեն որոշակի սեզոնայնություն, կարելի է վճարել ոչ թե միանգամից ու դժվարությամբ, այլ քիչ-քիչ՝ ավելի հարմար տարբերակով:

Այս համակարգից հնարավոր է վճարել բոլոր կոմունալ, ապահովագրական վճարները, գույքահարկերը, ինչպես նաև բուհերի ուսման վարձերը և այլն:

«Օրինակ՝ ծնողները բանկերից թանկ վարկեր են վերցնում իրենց երեխաների ուսման վարձը վճարելու համար, որի դիմաց բարձր տոկոսագումարներ ու սպասարկման գումարներ են վճարում ամեն ամիս: Իսկ այս դեպքում պարզապես քիչ-քիչ վճարումներ են կատարում, որն իրենց վրա առանձնապես չի երևում»,- նշում է Վահագն Ծատուրյանը:

Ինչպես «Անկախին» պատմեց նա, իրեն զանգահարում էր թաղապետարանի գույքահարկի գումար հավաքող կինն ու ասում, որ գույքահարկը կազմել է այսքան գումար, պետք է վճարել: Մեր զրուցակիցը դա միշտ թողնում էր տոներից հետո, բայց միշտ այնպես էր ստացվում, որ տոներն էլ էին անցնում, տոներին հաջորդող 1-2 ամիսներն էլ, ու միշտ տույժ-տուգանք էր ունենում: Դրանից բացի, ձմռան սեզոններին ամսական մոտավորապես 100 հազար դրամ գազի համար էր վճարում ու միշտ մտածում էր, թե ինչու մի այնպիսի համակարգ չկա, որ մարդ տարվա ընթացքում գումարները քիչ-քիչ փոխանցի, իսկ արդեն այն սեզոնին, երբ պետք է մեծ գումարներ վճարի, արդեն որոշակի կանխավճարներ ունենա ու ֆինանսական ծանրաբեռնվածություն չզգա:

«Ես պարբերաբար պետք է գնամ թաղապետարան, հարկեր վճարեմ, պետք է գնամ բանկ՝ ինչ-ինչ վճարներ կատարելու, իսկ դա ժամանակի կորուստ է, քանի որ կամայական բանկի այցելությունը կես կամ մեկ ժամ է տևում: Իսկ ժամանակն ամենաթանկ բանն է, որ մենք ունենք: Ու մտածեցի, որ այդպիսի համակարգ չկա, որին ես քարտս կցեմ ու ամբողջ տարվա ընթացքում ամենամսյա կտրվածքով քիչ-քիչ, օրինակ՝ իմ մեքենայի կամ տան գույքահարկը վճարեմ, գազի համար վճարեմ: Ես գիտեմ, որ գազի համար վճարելիք գումարն ամեն ամիս ինչ-որ իքս գումար է, ու ես ամեն ամիս վճարեմ ոչ թե իքս, այլ իքս գումարած իգրեկ գումար, այն հաշվով, որ դա կկուտակվի ու ձմռանն ինձ վրա շատ ծախս չի լինի: Ու այդպես միտք ծագեց նման մի համակարգ ստեղծել՝ Drops: Այդ բառի իմաստն էլ՝ կաթիլ-կաթիլ, հուշում է էությունը: Ստեղծեցինք այս հավելվածը, որին հնարավոր է կցել քարտեր ու կատարել գործարքներ»,- ասում է Drops-ի համահիմնադիրը:

Հիմա բոլոր բանկերն ու ապահովագրական ընկերությունները, գրեթե բոլոր բուհերը միացել են այս համակարգին: Այս համակարգին միացած են նաև բոլոր կոմունալ ծառայությունները, շատ պետական ու տեղական հաստատություններ: Օրինակ՝ Երևանում հողի ու բնակարանի գույքահարկը, ավտոմեքենաների գույքահարկը, վճարովի ավտոկայանատեղերի աբոնեմենտի վճարները նույնպես հնարավոր է վճարել այս համակարգի միջոցով:

«Շատ մեծ արձագանք ունեցավ ճանապարհային խախտումների արձանագրությունների ու նշանակված տուգանքների մասին տեղեկություններ ստանալու գործառույթը: Մեքենայի պետհամարանիշները գրանցվում են այս համակարգում, ու հենց որ ոստիկանությունում համապատասխան արձանագրությունը կազմվում է` մեքենայի տերն անմիջապես ծանուցում է ստանում, որ խախտում ունի, մտնում է այդ բաժին ու ստանալով ամբողջական տեղեկատվություն՝ կարող է վճարել»,- ներկայացրեց Վահագն Ծատուրյանը՝ հավելելով, որ համակարգն ամբողջությամբ գտնվում է բանկային անվտանգության համակարգերի ներքո, լիակատար անվտանգությունն ապահովված է:

Drops-ում արդեն գրանցված է 10 հազարից ավելի օգտատեր: Ներկայումս այս հավելվածն աշխատում է միայն հայկական բանկերի ու նրանց կողմից տրամադրված քարտերով: Բայց մտածում են այս հավելվածը հասանելի դարձնել նաև դրսի շուկայի համար: Պարզապես նոր պրոդուկտներ ունեն, որոնք գործարկմանն են սպասում, որպեսզի բոլորը միասին արդեն առաջարկեն դրսի շուկաներին:

«Մեզ հաճախ հարցնում են՝ ձեզ պե՞տք էր սրա տակ մտնել, չի գործի, քանի որ միևնույն է՝ բոլոր բանկերն ունեն օնլայն բանքինգի հավելվածներ, ու ցանկացողը կօգտվի այդ հավելվածներից: Իհարկե, սա բանքինգ չի և միակ համակարգն է, որ ունի ավտոմատացված պարբերական վճարման համակարգ: Մեզ հարցնում էին նաև, թե ինչու չենք մտցնում էլեկտրոնային դրամապանակ, քանի որ հարմար է, բայց մենք մտածում ենք, որ դրամապանակ բոլորն ունեն, մենք չենք ուզում նույնատիպ ինչ-որ բան մտցնել, որովհետև միշտ պետք է ինչ-որ բանով տարբերվես: Ընդունում եմ, որ դրամապանակը հարմար է, բայց բոլորի մոտ էլ կա կամ կարող է լինել, իսկ ավտոմատացված պարբերական վճարման համակարգ ոչ ոք չունի»,- նշում է Վահագն Ծատուրյանը:

Նախագծի իրականացումը սկսել են երկու հոգով, փոքր ներդրումներով, իսկ ներդրումները կարողացան կատարել զուգահեռ աշխատանքից ստացած միջոցների հաշվին: Հիմա «Դրոպսի» համար աշխատում է ՏՏ թիմը, տնօրեն, օպերատոր և այլն: Այս նախագիծը հաջողվել է ու շարունակում է զարգանալ:

«Պիտի մի քիչ համառ լինես ու քոնն առաջ տանող, պետք է ինչ-որ բանի հասնելու ձգտում, մարդկանց հետ շփվելու, հաղորդակցվելու ունակություն ունենաս, ճիշտ մոտեցում ցուցաբերես, ցանկացած մարդու հետ փորձես համապատասխան լեզու գտնել, որ հաջողություն ունենաս»,- նշում է Վահագն Ծատուրյանը և հավելում, որ մարդ պետք է նպատակ դնի ու փորձի հասնել այդ նպատակի իրագործմանը:

Նպատակասլացությունը բոլոր ոլորտներում է կարևոր, բայց բիզնեսում, ինչպես հատուկ շեշտում է մեր զրուցակիցը, առավել ևս, քանի որ նպատակին հասնելու ձգտումը նաև շարժիչ գործոն է: Նա շեշտում է նաև, որ բիզնեսմենն իր մտածելակերպով առաջին հերթին պետք է լինի ստեղծագործող, բիզնեսը ստեղծագործական աշխատանք է, պետք է լինի նորարար ու նոր գաղափարների ջատագով:

Վահագն Ծատուրյանը համոզված է նաև, որ բիզնեսմենը պետք է համարձակ լինի, ռիսկի դիմի: Բացի դրանից, պետք է միշտ շարժվի ինքնակատարելագործվելու, ինքնակրթության, ինքնազարգացման ուղղությամբ: Իսկ ինչ վերաբերում է բնավորության որոշակի գծերին և ունակություններին, դրանք ժառանգական գծեր չեն և ձեռք են բերվում ժամանակի ընթացքում: Դրանց կարող են նպաստել միջավայրը, ընկերական շրջապատը, այն մարդկանց շրջանակը, ում հետ շատ ես շփվում:

«Այդ շփումները ըստ էության փորձի փոխանակում են, յուրաքանչյուր մարդու փորձն էլ քեզ համար շատ մեծ դաս է դառնում: Կարևոր է իդեաներ գեներացնելը, բայց ցանկացած իդեա գործ չի դառնում, քանի դեռ չես սկսել այն իրագործել: Իհարկե, որոշակի գումարներ պետք են գոնե մեկնարկելու համար, բիզնեսում ծախսերից խուսափելն անհնար է: Բայց ես շատ եմ կարևորում նաև, որ գոնե մի հոգի լինի, որը քեզ հասկանա, հավանի քո գաղափարները, քեզ ոգևորի ու աջակցի»,- շեշտում է բիզնեսմենը:

Հաջողության գաղտնիք, Վահագն Ծատուրյանի համոզմամբ, չկա, պարզապես պետք է հավատալ սեփական գաղափարին, հավատալ այն գործի հաջողությանը, որով զբաղվում ես: Եվ էական չէ՝ դա քո սեփական գործն է, թե վարձու աշխատող ես: Եթե հավատաս ու նվիրված աշխատես` հաջողությունը կուղեկցի քեզ: Վահագն Ծատուրյանը հենց այդպես է վարվել իր ամբողջ կյանքի ընթացքում, և եթե դիմացինը կամ աշխատողն այդպիսին չէ, նրա համար դա տարօրինակ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: