Հայերեն   English   Русский  

Գորիսի ջազ համերգը հարգանքի տուրք էր Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործական ժառանգությանը


  
դիտումներ: 1904

Հուլիսի 7-ին Գորիսում տրվեց «Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների մեկնարկը: Մշակութային մայրաքաղաքի տիտղոսը Գորիսին հանձնելու պաշտոնական արարողությանը և այդ նպատակով իրականացվող միջոցառումներին մասնակցելու էին եկել ԱՊՀ մասնակից երկրների 150 հոգանոց պատվիրակությունը, բազմաթիվ հյուրեր:

Հուլիսի 8-ին Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում տոնական միջոցառումների ցանկը եզրափակեց էստրադային-ջազային համերգը՝ նվիրված լեգենդար երաժիշտ, կոմպոզիտոր, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի հիշատակին, որն այսօր կդառնար 9օ տարեկան։

Օրբելյան-համերգ

Համերգն իրականացվում էր ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի նախաձեռնությամբ, Հայաստանի պետական ջազային նվախախմբի կատարմամբ և Կոնստանտին Օրբելյանի զարմիկ, Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի դիրիժորությամբ:

«Գորիսն իբրև համերգի անցկացման վայր է ընտրվել մի քանի պատճառով,-ասաց Օրբելյան կրտսերը,-բացի Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը լինելուց, Գորիսը նաև հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Ավելին, Գորիսն անձամբ ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ իմ հայրը ծնվել է Տաթևում: Քաղաքում նույնիսկ «Օրբելյաններ» անունով փողոց կա՝ նվիրված իմ ընտանիքին»:

Անդրադառնալով հորեղբոր՝ Կոնստանտին Օրբելյանի հոբելյանին ու ստեղծագործություններին՝ նա ասաց. «Կարծում եմ՝ Օրբելյանի ժառանգության ամենաազդեցիկ կողմերից մեկն այն է, որ նա ոչ միայն պարզապես տեղայնացրել է ջազն ու փոփը հայկական գունազարդմամբ, այլև այս ժանրերը փոխակերպել է լիարժեք հայկական զգացմունքայնությամբ ու երևակայությամբ: Կարծում եմ՝ նման երաժշտության ստեղծումն ու տարածումը, դասական երաժշտության հսկայական ռեպերտուարի հետ միասին, մշակութային ու գեղագիտական առումով մեծ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի համար թե´ խորհրդային տարիներին, թե´ այսօր, երբ մենք շարունակում ենք ուժ և ոգեշնչում ստանալ հայկական դասական փոփի ու ջազի շատրվաններից»:

Օրբելյան-համերգ

Օրբելյանը հիշում է, որ Հայաստան այցի ընթացքում մշտապես վայելում էր հորեղբոր փորձերն ու համերգները, նրա հսկայական հաջողությունները ոչ միայն իր հայրենիքում և ողջ Խորհրդային միությունում, այլև աշխարհի շուրջ 40 երկրներում: «Գորիսում իմ սիրելի հորեղբոր ստեղծագործական ժառանգությանը հարգանքի տուրք մատուցելը եղել է ամենահուզիչ նախաձեռնություններից մեկը Օպերային թատրոնում իմ պաշտոնավարումից ի վեր: Սա մի անհավանական համերգ էր, որի համար ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՀՀ մշակույթի նախարարին, Երևանի պետական ջազ նվագախմբի փայլուն երաժիշտներին, նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցին և, իհարկե, դրական էներգիայով ու ջերմությամբ լի մեր հանդիսատեսին, որի ներկայությամբ միջոցառումն առավել արժևորվեց»:

Օրբելյան-համերգ

Կոնստանտին Օրբելյանի 90-ամյակին նվիրված համերգը անց է կացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության բարձր հովանու ներքո։

1928 թ. ծնված Կոնստանտին Օրբելյանը դասական երաժշտության (սիմֆոնիկ, բալետ, կամերային անսամբլ), ջազային ու ժողովրդական երգերի վիրտուոզ կոմպոզիտոր էր, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների և շքանշանների դափնեկիր:

Օրբելյանն իբրև դաշնակահար և իմպրովիզատոր ճանաչում է ձեռք բերել դեռևս դեռահաս տարիքում: 15 տարեկան էր, երբ հրավիրվում է ելույթ ունենալու Հայաստանի պետական էստրադային նվագախմբի հետ: Տարիներ անց նա արդեն նվագախմբի ղեկավարն էր, և նվագախումբն իր տեսակի մեջ դառնում է ամենահաջողվածներից մեկը:

1957 թվականին Օրբելյանը դարձավ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ: 1962 թվականին Մոսկվայում անցկացվող «ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորներ» մրցույթին ճանաչվեց հաղթող։

1963 թ. ավարտելով Էդվարդ Միրզոյանի դասարանը Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ Օրբելյանը ճանաչման հասավ իր լարային քառյակի շնորհիվ՝ նվաճելով առաջին մրցանակը մոսկովյան երիտասարդական միջազգային մրցույթում, որի մրցութային հանձնաժողովի նախագահն ականավոր կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչն էր: Արդյունքում Օրբելյանի աճող տաղանդն ու հաջողությունը ուշադրության և մեծ գնահատանքի է արժանանում մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կողմից։

Կոնստանտին Օրբելյան

Դրան հաջորդում է Օրբելյանի Առաջին սիմֆոնիայի պրեմիերան Մոսկվայի Չայկովսկու անվան հեղինակավոր համերգասրահում: Այս ստեղծագործության համար հետագայում նա դառնում է համամիութենական մրցույթի դափնեկիր: Նրա «Տոնական նախերգանքը» նույնպես մեծ հաջողություններ է գրանցում: 1975 թվականին գրված նրա «Անմահություն» բալետը ներկայացվում է Երևանի Օպերայի և բալետի թատրոնում: Այս ստեղծագործությունը ևս Առաջին մրցանակ է ստանում երաժշտական համամիութենական մրցույթում:

Տարիներ շարունակ Օրբելյանը ցանկանում էր գրել օրատորիա՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյակին: Նա կյանքից հեռանում է 2014 թվականի ապրիլի 24-ին՝ նույն օրը, երբ ողջ հայությունը ոգեկոչում էր Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: