Հայերեն   English   Русский  

​Շուկայում բարձրորակ օրթոպեդիկ կոշիկներ չգտան, ստեղծեցին «Ոտնամանը». ևս մեկ հաջողության պատմություն


  
դիտումներ: 6837

Հայկական «Ոտնաման» կոշիկներն արտադրող համանուն ընկերության տնօրեն Աբգար Սարգսյանի մտքում բարձրորակ օրթոպեդիկ կոշիկներ արտադրելու գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ նրա ընկերոջ երեխային հարկավոր էր հագնել օրթոպեդիկ կոշիկ, և երկար փնտրտուքներից հետո եկան այն եզրահանգման, որ Հայաստանում չկան որակյալ, միջազգային նորմերին համապատասխանող օրթոպեդիկ կոշիկներ։

«Հայկական շուկայում կան թուրքական և չինական արտադրության օրթոպեդիկ կոշիկներ, որոնք մատչելի են, բայց ավելի լավ է դրանց չանդրադառնալ, որովհետև իրականում բացի վնասից, ուրիշ ոչինչ չեն տալիս։ Փնտրում էինք նաև հայտնի բրենդային խանութներում։ Որակն այստեղ բարձր էր, գինը՝ նույնպես, բայց դարձյալ օրթոպեդիկ կոշիկներ չէին։ Միակ տարբերակը Եվրոպայից պատվիրելն էր, և դա բավականին թանկ հաճույք էր։ Մի խոսքով, որոշեցինք դիմել մեր մեծ ընկերոջը` խորհուրդ ստանալու ակնկալիքով: Մեր մեծ ընկերը մասնագիտությամբ օրթոպեդ է, նա էլ նույն բանը ասաց, որ Հայաստանում օրթոպեդիկ կոշիկ չկա, պետք է գնել Եվրոպայից։ Մի քանի օր անց ևս մեկ անգամ հանդիպեցինք ընկերներով, բայց այս անգամ արդեն գործնական, և ահա ստեղծվեց «Ոտնամանը»,- «Անկախի» հետ զրույցում պատմեց «Ոտնաման» ընկերության համահիմնադիր, տնօրեն Աբգար Սարգսյանը:

«Ոտնաման» ընկերությունն արտադրում և վաճառում է բարձրորակ օրթոպեդիկ կոշիկներ բոլորի՝ մեծերի և երեխաների համար։ Կոշիկները կարում են պրոֆեսիոնալ կոշկակարներ։ Այս կոշիկները ձեռքի աշխատանք են՝ ստեղծված բարձորակ կաշվից և նուբուկից։ Ներբանը պատրաստված է ԷՎԱ՝ էթիլենվինիլացետատ հումքից։ Այս առնչությամբ արժե նշել, որ ԷՎԱ տակացուներն Էկոլոգիապես մաքուր, հասարակ ներբաններից 3 անգամ ավելի թեթև, էլաստիկ, ճկուն, ամորտիզացված, ուշ մաշվող, քիմիական նյութերի՝ յուղերի, լուծիչների ինչպես նաև բակտերիաների և սնկերի դեմ բարձր դիմադրողականություն ունեցող ներբաններ են, որոնք չեն առաջացնում ալերգիա, ինչը հնարավորություն է տալիս կիրառել ամեն տեսակի օրթոպեդիկ կոշիկներում: Ներբանը պարունակում է հատուկ ճկուն սուպինատոր։ ԷՎԱ ներբանը պատրաստված է բարձր արդյունավետություն ունեցող փրփրակաուչուկից։

«Ոտնաման» ընկերության օրթոպեդիկ կոշիկները արտադրվում են Հայաստանում: Հայկական այս օրթոպեդիկ կոշիկների արտադրության ամբողջ ընթացքը վերահսկվում է բժիշկ-օրթոպեդների կողմից։

«Մենք դեռ ճանապարհի սկզբում ենք, դժվար է, բայց դա մեզ չի հիասթափեցնում։ Մենք գիտենք, որ լավ և օգտակար բիզնես ենք ստեղծել, և այն պարտավոր է զարգանալ։ Մեր երեխաները պետք է հագնեն որակյալ կոշիկներ։ Օրթոպեդիկ կոշիկը շատ ավելի կարևոր է երեխաների համար, օրթոպեդիկ կոշիկի կրունկի ետնամասը ուժեղացված է՝ ոտքի կրունկը ճիշտ ֆիքսելու և դրա ձևաչափը պահպանելու համար։ Օրթոպեդիկ կոշիկի դիմամասը պատրաստված է լայնֆորմատ տարբերակով՝ ոտնամատներն ազատության մեջ պահելու նպատակով՝ այդպիսով կանխելով դրանց դեֆորմացիան ապագայում։ Օրթոպեդիկ կոշիկը ֆիքսում է ոտքը, դրանով կանխելով ոտնաթաթի ոչ ցանկալի շեղումը քայլելու ընթացքում։ Այս կոշիկները հնարավորություն ունեն հավասարաչափ բաշխելու ծանրության կենտրոնը ոտնաթաթի վրա՝ տոնուսի մեջ պահելով ոտքի մկանները: Օրթոպեդիկ կոշիկը կանխում է հարթաթաթության առաջացումը: Մենք համագործագցում ենք մի քանի օրթոպեդների հետ, որոնք վերահսկում են մեր արտադրանքը, կան նորմեր, որոնց պետք է համապատասխանել։ Մոդելավորումը կատարվել է Շվեյցարիայում»,- նշում է Աբգար Սարգսյանը

Այս հետաքրքիր արտադրությունը հիմնելու հարցում, ինչպես նշում է մեր զրուցակիցը, հիմնականում օգնել են ընկերները` ով ինչպես ու ինչքանով կարող էր: «Ոտնամանը» դեռ համարվում է սկսնակ բիզնես, ծավալները դեռ փոքր են: Ընկերությունն էլ նորեկ է հայկական շուկայում, շատերը դեռ այս ընկերության ու այս կոշիկների մասին չգիտեն։

«Հայկական շուկան բարդ է. մենք հիմնականում աշխատում ենք երեխաների հետ, ծնողների մեծ մասն անտեղյակ է կամ սխալ տեղեկացված,- ժպտալով նշում է Աբգար Սարգսյանը և շարունակում:- Շատերին թվում է, թե օրթոպեդիկ կոշիկը ոտքի խնդիր ունեցող երեխայի կամ մեծահասակի համար է, բայց իրականում օրթոպեդիկ կոշիկ կարող է հագնել յուրաքանչուրը: Ավելին ասեմ, դա անգամ անհրաժեշտ է երեխաների համար, իսկ մեծերին օգնում է ավելի երկար ու անցավ քայլել։ Բայց կա մի շատ կարևոր հանգամանք, որ պետք է բոլորն իմանան. օրթոպեդիկ կոշիկները չեն բուժում»։

«Ոտնաման» կոշիկներ

Բիզնես սկսելու որոշում կայացնելը, իսկ հետո հետաքրքիր ու «մրցակցային» գաղափարից բուն գործի անցնելը միշտ էլ դժվար է, որքան էլ օգտակար կամ յուրահատուկ ապրանք կարողանաս առաջարկել շուկային: Բիզնես սկսելը միշտ էլ կապված է ռիսկերի հետ, ու այս առումով «Ոտնամանի» տնօրենը նշում է, որ ճիշտ բիզնես ստեղծելու և այն երկար աշխատացնելու համար պետք է նախ հետազոտություններ անել, հաշվարկել, ճանաչել, փորձարկել և նոր բիզնեսը գործարկել: Իսկ ի՞նչ ենք տեսնում մենք մեր հայրենիքում. սկզբում բացում են բիզնեսը, հետո փորձում «ճանաչել» այն:

«Ես այդ միտումը բավականին հաճախ եմ տեսնում: Հետո էլ ասում են՝ ախպեր, տակ տվեցի, բիզնեսս փակեցի, գործ չկա։ Այնինչ մինչ բիզնեսով զբաղվելը պետք է հասկանալ՝ կարո՞ղ ես կամ ուզո՞ւմ ես բիզնեսով զբաղվել, դա քո՞նն է, դու դրանից գլուխ հանո՞ւմ ես։ Մինչ բիզնես սկսելը պետք է սովորել, կարդալ: Անգրագետ բիզնես վարելը տանում է գումարի և առողջության կորստի»,- ժպտալով ասում է «Ոտնամանի» հիմնադիրը:

Նրա դիտարկմամբ՝ բիզնեսում շատ կարևոր է ճիշտ և կրեատիվ գովազդը, իսկ այդ ամենի համար պետք է հետազոտել շուկաները, հաշվարկել, պլանավորել և աշխատել, շատ աշխատել, միշտ աշխատել: Նա ընդգծում է՝ Հայաստանում բիզնես սկսել հնարավոր է. «Շատերին ծուլությունն է խանգարում, չեն սիրում սովորել, զարգանալ։ Հին, ժանգոտած սովետական մեխանիզմներն այլևս չեն աշխատում, մոռացե՛ք դրանց մասին»:

Այս սկզբունքներով էլ հիմնվել և գործում է «Ոտնամանը»՝ անընդհատ կատարելագործվելով, բիզնեսում ոչ միայն միտք ու գաղափար, այլև գիտություն ու հետազոտություններ ներդնելով, միշտ թարմություն, միշտ նորություն ու նորարարություն ապահովելով: Իսկ ներկա փուլում «Ոտնամանի» կարևոր խնդիրներից մեկը որակի պահպանումն է: «Ոտնաման» ընկերության արտադրանքը միշտ պետք է լինի բարձրորակ»,- եզրափակում է Աբգար Սարգսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: