Հայերեն   English   Русский  

​Ավագ դպրո՞ց, թե՞ քոլեջ․ մրցակցություն անհավասար պայմաններով


  
դիտումներ: 6044

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ավագ դպրոցների և քոլեջների միջև մրցապայքար է ընթանում աշակերտների և ուսանողների համար։ Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է։ Ուստի հիմնական դպրոցն ավարտելուց առաջ աշակերտը ընտրության առջև է կանգնում՝ դիմել ավագ դպրո՞ց, թե՞ որևէ նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն։ Եվ քանի որ դիմորդը նախ և առաջ ֆինանսական ապահովության միջոց է ուսումնական հաստատության համար, ապա մրցակցությունը կատաղի է, երբեմն անգամ՝ անազնիվ և դիմորդին մոլորեցնող։

Մարտունու ավագ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանն «Անկախի» հետ զրույցում նշում է, որ հիմա ավագ դպրոցն ու քոլեջն իրականացնում են հանրակրթության երրորդ աստիճան, սակայն ոչ հավասար մրցակցային պայմաններում։

«Քոլեջում սովորող երեխան ստանում է կրթաթոշակ։ Ավարտելուց հետո ստանում է մասնագիտական կրթության վերաբերյալ փաստաթուղթ, ինչպես նաև հնարավորություն կրթությունը շարունակելու որոշակի բուհերի հեռակա ուսուցման երկրորդ կուրսում։ Ստացվում է, որ քոլեջներն արտոնյալ վիճակում են»,- ասում է Ավետիսյանը՝ հավելելով, որ ավագ դպրոցները արհեստագործական հոսքեր ունենալու և մասնագիտացված կրթություն տալու հնարավորություն ունեն, սակայն վերջում ատեստատից բացի որևէ այլ փաստաթուղթ իրենց շրջանավարտին շնորհել չեն կարող։

Անդրադառնալով քոլեջի և ավագ դպրոցի նյութական ու մարդկային ռեսուրսներին, ուսումնական միջավայրին՝ ասում է, որ այս հարցում դպրոցները քոլեջներին չեն զիջում: Քոլեջներում մեծ մասամբ դասավանդում են դպրոցներում աշխատող մասնագետները, կամ հակառակը՝ քոլեջների մասնագետները նաև դպրոցներում են դասավանդում։

Վարդան Ավետիսյան

«Եթե երկուսն էլ իրականացնում են հանրակրթության երրորդ աստիճանը, ապա վերջնարդյունքում երկուսի շրջանավարտների համար էլ պետք է ստեղծենք հավասար պայմաններ։ Եթե երեք տարիների ընթացքում մենք գրեթե նույնն ենք անում, ապա ինչո՞ւ ենք վերջնարդյունքում անհավասար պայմաններ ստեղծում»,- ասում է Ավետիսյանը։

Անդրադառնալով խնդրի լուծման հնարավոր ուղիներին՝ Ավետիսյանն ասում է, որ ավագ դպրոցում բարեփոխումներ պետք է տեղի ունենան, ինչի շնորհիվ էլ կվերացվեն բուհական ընդունելության քննությունները։ «Ավագ դպրոցը պետք է դառնա այն հարթակը, որտեղից երեխան անմիջապես կանցնի բուհ առանց քննությունների,- ասում է նա։- Առաջարկում եմ վստահել ավագ դպրոցին, մշակել նոր վերահսկողության մեխանիզմներ և պահանջել այն, ինչի համար կոչված է ավագ դպրոցը»։

Նրա խոսքով՝ լավագույն տարբերակն է ուսուցչին արժանապարտիվ վարձատրություն տալը և դրա դիմաց շոշափելի արդյունք պահանջելը։ Ի վերջո, բուհական ընդունելության համար պարապող կրկնուսույցները նույն դպրոցի ուսուցիչներն են։

Ավետիսյանի կարծիքով՝ ավագ դպրոցները նյութատեխնիկական բազայով, լավագույն մասնագետներով և ֆինանսական միջոցներով ապահովելու պարագայում կարող են մրցունակ կրթություն ապահովել ոչ միայն Հայաստանի, այլև անգամ միջազգային մակարդակով։

Հարցին, թե ինչը խոչընդոտեց ավագ դպրոցների կայացումը և ասվածի իրագործումը՝ Ավետիսյանն ասում է․ «Կարծում եմ՝ չկայանալու պատճառներից մեկն այն է, որ ավագ դպրոցում սոցիալական խնդիր լուծվեց։ Շատ ուսուցիչներ մնացին ավագ դպրոցում աշխատելու, որովհետև դա աշխատատեղ էր։ Այն վերապատրաստումները, որ նախատեսված էին ավագ դպրոցի ուսուցիչների համար, դարձան հերթական գործընթաց, ոչ թե վերջնարդյունք արձանագրելու գործընթաց»։

Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Յուրա Սուքիասյանի խոսքով՝ քոլեջի դիմորդների հիմնական մասն ընդունվում է հիմնական կրթության հենքով։ Քոլեջ դիմելիս էլ մարդկանց առաջին հերթին հետաքրքրում է՝ ավարտելիս աշխատանք կունենան, թե ոչ։ Ասում է, որ դիմորդների մի մասը նպատակադրված գալիս է քոլեջ շարունակական կրթության հնարավորությունից օգտվելու համար։ Իսկ ահա քոլեջն ավարտելուց հետո միասնական քննությամբ բուհ դիմողների թիվը փոքր է։

Քոլեջի տնօրենը, սակայն, դժգոհում է քոլեջների շրջանավարտների շարունակաբար կրճատվող իրավասություններից։ Նրա խոսքով՝ շարունակական կրթության հնարավորությունից օգտվելն ուսանողների սահմանադրական իրավունքն է, հետևաբար ճիշտ չէ այն սահմանափակելը։

Նրա խոսքով՝ քանի որ աշխատաշուկայում առաջարկը գերազանցում է պահանջարկին, գործատուները մասնագետների ընտրության մեծ հնարավորություն ունեն, հետևաբար նախընտրում են, օրինակ՝ աշխատանքի ընդունել մագիստրոսի, ոչ թե բակալավրի կամ քոլեջի շրջանավարտի։ Այս պայմաններում քոլեջը գրավչություն ապահովելու խնդիր ունի։

Անդրադառնալով քոլեջ-ավագ դպրոց մրցակցության խնդրին՝ Սուքիասյանը լուծման իր բանաձևն է առաջարկում։ Այն է՝ ավագ դպրոց պետք է ընդունվեն միայն գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտները, որոնք հետագայում իրենց կրթությունը բուհում են շարունակելու։ Լավ գնահատականներով աշակերտները պետք է կրթությունը շարունակեն միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, իսկ բավարար գնահատական ունեցողները՝ նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում։

Նա նաև վստահ է՝ եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ առանց համապատասխան որակավորման մարդիկ աշխատել չկարողանան, անկախ մասնագիտությունից, ապա նաև տարբեր մակարդակի կրթություն մատուցող ուսումնական հաստատությունների միջև մրցակցության խնդիրը կլուծվի։

Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ևս փաստում է, որ քոլեջների և ավագ դպրոցների միջև մրցակցային պայմանները հավասար չեն։ Նշում է, որ դեռ 2008-2010 թթ., երբ պարզ դարձավ, որ բոլորը հեշտությամբ կարող են բուհ ընդունվել, քոլեջները ծանր վիճակում հայտնվեցին։ Այդ ժամանակ էլ քոլեջներին մի շարք արտոնություններ շնորհվեցին, օրինակ՝ քոլեջների շրջանավարտները կարող էին իրենց կրթությունը շարունակել բուհում արդեն երկրորդ կուրսում։ Այդ պարագայում արդեն խնդրի առաջ կանգնեցին նույն ժամանակահատվածում ձևավորվող ավագ դպրոցները։

«Քոլեջները մրցակցային առավելություն ունեն, որովհետև ունեն հստակ մասնագիտական ուղղվածություն, իսկ ավագ դպրոցը չունի, համարվում է նախամասնագիտական։ Երկրորդ՝ քոլեջներն արտոնյալ ընդունվելու հնարավորություն են տալիս»,- ասում է Խաչատրյանը։

Կրթության փորձագետը նշում է, որ ավագ դպրոցների հիմնական խնդիրը ոչ բավարար ֆինանսավորումն է։ «Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ նորմալ ավագ դպրոցներ պահելու համար մեծ գումարներ են հարկավոր։ Պետությունն այնքան փող պետք է ներդնի, որ մի քանի աշակերտի համար հոսք ու ենթահոսք բացվի։ Երբ դա չգործեց, ավագ դպրոցներն արդեն սկսեցին մրցակցության մեջ տանուլ տալ»,- ասում է նա։

Խաչատրյանը Հոլանդիայի օրինակն է մատնանշում, որտեղ կրթական համակարգը հստակ բաժանված է հոսքերի․ «Եթե աշակերտն ակադեմիական ուժեղ կողմեր ունի` չի գնում քոլեջ, գնում է ակադեմիական թեքումով դպրոց։ Նրանք 4 տեսակի դպրոցներ ունեն, որտեղ ամեն երեխա իր ճանապարհով է գնում»։

Մինչդեռ Հայաստանում այնպես է ստացվել, որ քոլեջ գնում են և՛ բարձր առաջադիմությամբ աշակերտները, և՛ այն երեխաները, որոնք չեն ուզում համալսարան գնալ, ուզում են քոլեջում որևէ մասնագիտություն յուրացնել։

«Իսկ ավագ դպրոց գնում են հիմնականում այն երեխաները, որոնք չեն ուզում դասի գնալ, որոնց ընդամենը երկու առարկա է հետաքրքրում բուհ ընդունվելու համար։ Այստեղ ավագ դպրոցը խնդիր է ունենում, քանի որ առաջարկում է համալիր ծրագիր տասնյակից ավելի առարկաներով, բայց աշակերտին միայն երկու առարկա է հետաքրքրում։ Այս իրավիճակում ստիպված են ընդառաջ գնալ աշակերտների քմահաճույքներին, քանի որ հակառակ դեպքում աշակերտ և ֆինանսավորում չեն ունենա»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ այս հարցերը պետք է բաց դնել ու քննարկել։

Հարցին, թե ստեղծված իրավիճակում ինչպիսի լուծում է հնարավոր, Խաչատրյանն ասում է, որ ավագ դպրոցներին լրացուցիչ ֆինանսավորում պետք է տրվի, որ կարողանան թիրախային ծրագրեր իրականացնել։ Նաև առաջարկում է մասնագիտությունների բաժանումներ իրականացնել քոլեջների և ավագ դպրոցների միջև։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: