Հայերեն   English   Русский  

​Երևանի օպերային թատրոնը Դուբայում հանդես կգա երկու հրաշալի ներկայացմամբ


  
դիտումներ: 3287

Սեպտեմբերի 6-15-ը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Դուբայի օպերային թատրոնում,

որտեղ կկայանան Բիզեի «Կարմեն» և Մոցարտի «Կախարդական սրինգ» հանրահայտ օպերաների պրեմիերաները:

Ժամանակակից շնչով ներկայացվող «Կարմենը» (ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան) կցուցադրվի երեք օր անընդմեջ՝ սեպտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին։

Բացման երեկոյի աստղբույլի մեջ են անվանի սոպրանո Կարինե Բաբաջանյանը (Կարմեն), տենոր Հովհաննես Այվազյանը (Դոն Խոսե), Մերի Մովսիսյանը (Միքայելա), Գևորգ Հակոբյանը (ցլամարտիկ Էսկամիլիո) և այլ անվանի մենակատարներ, ինչպես նաև օպերային թատրոնի հայտնի երգչախումբը։

Դուբայի հանդիսատեսը այդ օրերին կտեսնի տպավորիչ բեմական հագուստ՝ դիզայներ Քրիստինե Ավետիսյանի ձևավորմամբ և չափազանց ներշնչող բեմ թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանի կողմից։ Այդ ամենն է´լ ավելի կմեծացնի ներկայացման փայլն ու որակը։ Ներկայացման դիրիժորն է Քրիստոֆեր Օկասեքը (ԱՄՆ)։

«Բառեր չկան նկարագրելու այն ոգևորությունը, որ մենք զգում ենք՝ նախապատրաստվելով Դուբայի օպերային թատրոնի հեղինակավոր բեմում մեր ներկայացումներին,-Դուբայում նշել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը,-մեր անվանի մենակատարների, մեր հրաշալի երաժիշտների, երգչախմբի, դիզայներների հետ միասին ես ուրախ եմ Դուբայում ներկայացնելու իմ հայրենիքը՝ Հայաստանը, համընդհանուր լեզվի՝ օպերայի միջոցով։ Չափազանց գոհ եմ, քանի որ մեր ներկայացումները Դուբայի օպերային թատրոնում կհանդիսանան իբրև Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություն։ Այսօր առավել, քան երբևէ ես հպարտ եմ Երևանի օպերային թատրոնի ամեն մի անդամի տաղանդով ու պրոֆեսիոնալիզմով։ Ինձ համար մեծ պատիվ է նման ներկայացուցչական հաստատության ղեկավարումը։ Ուզում եմ նաև հատուկ շնորհակալություն հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների մշակույթի, երիտասարդության և սոցիալական զարգացման նախարար շեյխ Նահյան Բին Մուբարաք Ալ Նահյանին, որի անգնահատելի աջակցության շնորհիվ կազմակերպվեցին և դյուրացան մեր հյուրախաղերը Դուբայում։ Մենք շատ ուրախ կլինենք ներկայացնել հայկական օպերային արվեստը այս հզոր քաղաքի հանդիսատեսի դատին»։

Երկրորդ ներկայացումը՝ Մոցարտի «Կախարդական սրինգը», Դուբայի օպերային թատրոնում բեմ կբարձրանա հաջորդ շաբաթ, կրկին իրար հաջորդող 3 օրերի ընթացքում՝ սեպտեմբերի 13-ին, 14-ին և 15-ին։ Ներկայացման հագուստների տպավորիչ ձևավորումը կատարել է անվանի դիզայներ Ալբերտո Սպազին։ Ներկայացման բեմադրությունը կատարել է իտալացի նշանավոր բեմադրիչ Պաոլո Միչիկեն։

«Կախարդական սրինգում» հանդես են գալու օպերային թատրոնի լավագույն արտիստներն ու երիտասարդ ուժերը՝ միջազգային մրցույթների դափնեկիրներ Լիպարիտ Ավետիսյանը, Ջուլիետա Ալեքսանյանը, Ալինա Փահլևանյանը և օպերային թատրոնի այլ հայտնի մենակատարներ։

Դուբայի օպերային թատրոնի գործադիր տնօրեն Ջասպեր Հոփեն նկատել է, որ սեպտեմբերին Դուբայի հանդիսատեսը կվայելի երբևէ գրված երկու հզոր օպերա, երկու հրաշալի ներկայացում Հայաստանի օպերային թատրոնի շնորհիվ։

Դուբայի օպերան, որը գտնվում է քաղաքի սրտում, մի յուրօրինակ վայր է, բազմաֆունկցիոնալ ներկայացումների կենտրոն՝ հիասքանչ ձևավորմամբ ու ժամանակակից լուծումներով, որը հնարավորություն է տալիս լավագույնս ներկայացնելու ցանկացած ներկայացում ու միջոցառում։ Դուբայի օպերային թատրոնը հյուրընկալում է օպերայի, բալետի, դասական երաժշտության համաշխարհային աստղերի, իր հանդիեսատեսի համար ապահովում արվեստի ամենատարբեր ժամանցի ամբողջական շարք։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: