Հայերեն   English   Русский  

​Տնտեսության թռիչքային զարգացմանը պետք է փուլ առ փուլ հասնել


  
դիտումներ: 2227

Մամուլը վերջին շրջանում բավական շատ է հետաքրքրված, թե նոր իրողության համատեքստում վերջին երեք ամսվա ընթացքում ինչ ցուցանիշներ է արձանագրել տնտեսությունը կամ ներդրումային ինչ նոր ծրագրեր կան:

Պաշտոնավարման 100 օրվա ամփոփումը հնարավորություն տվեց գերատեսչության ղեկավար Արծվիկ Մինասյանին անդրադառնալու հաճախակի տրվող հարցադրումներին: Նա հանդիպումը լրագրողների հետ սկսեց դրական ցուցանիշի հրապարակումով:

2018 թ. առաջին կիսամյակում արձանագրվել է վերջին 8 տարիների առաջին կիսամյակի ՀՆԱ-ի աճի ամենաբարձր ցուցանիշը՝ 8,3 տոկոս:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը շտապեց հիմնավորել, թե տնտեսության որ ճյուղերի աճն է ՀՆԱ-ում նման զարգացում ապահովել: Տնտեսության աճին նպաստել են առևտրի և ծառայությունների ոլորտը՝ 9, 5 տոկոս, իսկ նպաստումը տոկոսային կետով՝ կազմել է 5, 3 տոկոս: Արդյունաբերության ճյուղը կազմել է 6, 8 տոկոս, որը տնտեսական աճին նպաստել է 1,4 տոկոսային կետով, գյուղատնտեսությունը կազմել է 5, 8 տոկոս՝ նպաստելով 0,5 տոկոսային կետով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ վիճակագրության, փաստորեն աճել է նաև արդյունաբերության ծավալը 4,3 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 4,6 տոկոսով, շինարարության ծավալը՝ 10, 4 տոկոսով: Սակայն անկում է արձանագրվել հանքարդյունաբերության ոլորտում , որը կազմել է 11,8 տոկոս:

Բավական բարձր ցուցանիշներ են արձանագրվել նաև արտաքին առևտրում: Առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 4089,7 մլն ԱՄՆ դոլար՝ շարունակելով երկնիշ աճը: Արտահանումը կազմել է 1363,0 դոլար ՝ աճը 17.3 տոկոս, իսկ ներմուծումը՝ 2726,7 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 32,1 տոկոսով:

Ծրագրերը շատ են, ուղղությունները՝ թիրախավորված: Նախարարն ասելիք շատ ուներ, սակայն փորձեց հանդիպման ընթացքում անդրադառնալ գոնե առանցքայիններին, որոնք ամենից շատ են հանրությանը հետաքրքրում: Խոսքը վերաբերում է սպասվելիք ներդրումներին, զբոսաշրջային այցերի դինամիկային, մենաշնորհներին, գերիշխող դիրքի չարաշահումների կանխման եղանակներին, կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացմանը և այլն: Բոլոր հարցերին նախարարը չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ տնտեսական նոր քաղաքականություն է մշակվում, խնդիրները փուլ առ փուլ պետք է իրականացվեն, և առնվազն երկու տարի է պետք, որ սովորական քաղաքացին իր ապրելակերպի մեջ բարեկեցության որևէ ազդակ նկատի, քանի որ միայն ՀՆԱ-ի աճը չի կարող անմիջապես ազդել քաղաքացու գրպանի պարունակության վրա: Ժամանակ է պետք, և նախարարը շատ լավատես է տրամադրված:

Ներդրումներ, որոնք չեն սպասեցնի

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա գերատեսչության ղեկավարը հորդորեց նրբանկատ լինել այս հարցում և ներդրում ասվածը միակողմանի չհասկանալ: Պետք է դիտարկել վիճակագրական ծառայության ցուցանիշները, որտեղ հաշվառված է համախառն կուտակումը:

Նախարարը հայտնեց, որ վերջին ամիսների ընթացքում մեծ թվով քաղաքացիներ և կազմակերպությունների ներկայացուցիչներ են այցելել նախարարություն, հետաքրքրվել ներդրումային միջավայրով և որոշակի ներդրում անելու պատրաստակամություն հայտնել:

Խոսքը վերաբերում է ավելի քան 1 մլրդ դոլարին, սակայն նախարարն այդ ծավալի ներդրումներն իրատեսական չի համարում: Իրենք փորձում են գնահատել իրատեսականը տեսանելի ժամանակաշրջանում: Այդ ներդրումներից ծավալային առումով նախարարը իրատեսական է համարում առնվազն 240 մլն դոլարը: Այդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աշխատում են, որպեսզի կարողանան իրենց գաղափարները վերածեն բիզնես նախագծերի և ասելիք լինի հանրությանը: Բացի այդ, նախարարը նաև հավելեց, որ ներդրումային առաջարկներ են ստացվում ինչպես օտարերկրյա, այնպես էլ սփյուռքը ներկայացնող հայ գործարարներից:

Այսպիսով` 2018 թ. հունվար-հունիսին իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 53.1 մլն դոլար, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ 81.3 մլն դոլար, ընդ որում ընդհանուր ներդրումները նախորդ ժամանակահատվածի նկատմամբ աճել են 1,3 մլն դոլարով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ 48,4 մլն դոլարով: Դրանք հիմնականում ուղղվել են մշակող արդյունաբերության, առևտրի, շինարարության ոլորտներ: Իսկ ներդրումները եղել են մասնավորապես Կանադայից, ԱՄՆ-ից, Արաբական Միացյալ Էմիրություններից:

Հարկային օրենսդրությունը կվերանայվի

Բարեփոխումների շրջանակներում նախարարն առանցքային համարեց հարկային օրենսդրության վերանայումը: Նա նկատեց, որ օրենսգրքում կան մի շարք խնդրահարույց դրույթներ, հատկապես ՓՄՁ ոլորտին վերաբերող դրույթներ: Բացի այդ, տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով մանրածախ շուկայում մեծածախ վաճառողների գործունեություն իրականացնելու համար կանոնակարգում է պետք, որը ենթադրում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների փաթեթի ձևավորում և իրականացում:

Պետք է հստակեցվեն տոնավաճառների կազմակերպիչների և դրանց տնօրինողների իրավահարաբերությունները: Տոնավաճառային և նմանատիպ ծառայություններ մատուցողների կողմից ներկայացվող առաջարկությունները պետք է ի սկզբանե հստակ լինեն ու թափանցիկ: Նախարարը վստահ է, որ այս կերպ բոլորի նկատմամբ նույն պայմանները կգործեն, խաղի նույն կանոնները: Այսինքն՝ կբացառվեն դեպքերը, երբ տոնավաճառի տերերը տարբեր սուբյեկտների վարձակալման տարբեր գներ են առաջարկում:

Ի դեպ, անդրադարձ եղավ նաև գերիշխող դիրքի չարաշահումներին: Մեծածախ և մանրածախ սոցիալապես զգայուն ապրանքատեսակների առումով պետք է ներդրվի տարանջատման քաղաքականություն: Մեծածախ ներմուծմամբ կամ արտադրությամբ զբաղվող սուբյեկտները մասնակցություն չեն ունենալու մանրածախ շուկայում, իսկ մասնակցության դեպքում էլ հստակ խաղի կանոններով են առաջնորդվելու: Շաքարավազի շուկայում, ի դեպ, նախարարի տեղեկացմամբ, ակնկալվում է ունենալ երկրորդ ձեռնարկությունը, այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամակցությանն ու արտաքին առևտրում հայ գործարարներին ընձեռված հնարավորություններին, ապա Արծվիկ Մինասյանի վստահեցմամբ՝ արտաքին առևտրում եղած էական առաջընթացը բավարար ցուցանիշ չէ: Նա համաձայն է այն տեսակետին, որ ԵԱՏՄ ընձեռած հնարավորության չնչին մասն է օգտագործվում, ուստի կառավարությունն իր գործելաոճով լուծելու է նաև այս խնդիրը, որպեսզի գործընկերության առումով իրական կամուրջ ստեղծվի: Ըստ նրա՝ Հայաստանը լավագույնն է այս առումով տարածաշրջանում, որը կարող է համատեղել երկու առևտրային տարբեր ռեժիմները:

Զբոսաշրջիկների թիվն աճել է

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ զբոսաշրջային հոսքերն ավելացել են 10.2 տոկոսով: Իսկ այցելության նպատակները եղել են տարբեր. 52, 5 տոկոսը Հայաստան է եկել հանգստի և ժամանցի նպատակով, ինչը նախորդ տարվա համեմատ՝ աճել է 8,5 տոկոսով, իսկ 1,5 տոկոսը՝ բուժման: Այլ նպատակներով ժամանողները կազմում են ընդհանուր այցերի 29,2 տոկոսը: Ինչ վերաբերում է աշխարհագրության բաշխվածությանը, ապա 27,1 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին:

Տարվա առաջին կիսամյակում հանրապետություն է ժամանել շուրջ 686 հազար զբոսաշրջիկ:

Լ.Ն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: