Հայերեն   English   Русский  

​Նախնական քննություն


  
դիտումներ: 3440

Շարունակելով քրեական դատավարությանը նվիրված հոդվածաշարը, այս համարում կանդրադառնանք նախնական քննությանը:

Նախնական քննությունը քրեական դատավարության առանցքային փուլերից է, այն պարտադիր է բոլոր քրեական գործերով:

Որո՞նք են նախնական քննության մարմինները: Քրեական գործերով նախաքննություն կատարում են քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության հարկային և մաքսային մարմինների քննիչները:

Որո՞նք են նախնական քննության ընդհանուր պայմանները: Օրինակ՝ Քննչական գործողությունների իրականացումը գիշերային ժամերին չի թույլատրվում, բացառությամբ անհետաձգելի դեպքերի: Քննչական գործողություններ իրականացնելիս անթույլատրելի են նախնական քննության մասնակիցների նկատմամբ բռնության, սպառնալիքի և անօրինական այլ գործողությունները, ինչպես նաև նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր պայմանների ստեղծումը:

Նախաքննության վայրը: Նախաքննությունը տարվում է այն վայրում, որտեղ կատարվել է հանցանքը: Արագության և լրիվության նպատակով նախաքննությունը կարող է կատարվել հանցագործության բացման վայրում, ինչպես նաև կասկածյալի, մեղադրյալի կամ վկաների մեծամասնության գտնվելու վայրում: Այլ վայրում քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավունք ունի այդ գործողությունները կատարել անձամբ կամ դրանց կատարումը հանձնարարել տվյալ վայրի քննիչին կամ հետաքննության մարմնին:

Որո՞նք են նախաքննության ժամկետի սկիզբը և ավարտը:

Նախաքննությունը սկսվում է միայն քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելուց հետո:

Նախաքննությունն ավարտվում է մեղադրական եզրակացություն, բժշկական բնույթի միջոցների կիրառման համար քրեական գործը դատարան ուղարկելու մասին կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կազմելով:

Նախնական քննության ժամկետները

Հետաքննությունն ավարտվում է քրեական գործ հարուցելու պահից 10 օրվա ընթացքում: Իսկ քրեական գործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում: Այդ ժամկետը հաշվվում է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու օրվանից և ավարտվում է գործը դատարան ուղարկելու մասին կամ գործով վարույթի կարճման մասին որոշման կայացման օրը:

Քրեական գործի նյութերին մեղադրյալի կամ նրա պաշտպանի ծանոթանալու ժամկետը չի մտնում գործի քննության ժամկետի մեջ: Եթե մեղադրյալը կամ նրա պաշտպանն առանց հարգելի պատճառների ձգձգում են քրեական գործին ծանոթանալը, քննիչի որոշմամբ կարող է սահմանափակվել ծանոթանալու ժամկետը:

Նախաքննության ժամկետի մեջ չի հաշվակցվում այն ժամանակը, որի ընթացքում նախաքննությունը սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով եղել է կասեցված:

Նախաքննության ժամկետը քննիչի պատճառաբանված միջնորդության հիման վրա երկարացնում է հսկող դատախազը՝ միջնորդությունը լրիվ կամ մասնակիորեն բավարարելու վերաբերյալ որոշում կայացնելով: Նախաքննության ժամկետի մասնակի երկարացումը ենթակա է պատճառաբանման: Նախաքննության ժամկետը յուրաքանչյուր դեպքում կարող է երկարացվել մինչև երկու ամիս ժամանակով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: