Հայերեն   English   Русский  

«Այն, ինչ փնտրում էին, չկար». Yerevan.Today կայքի խմբագիր


  
դիտումներ: 620

Սեպտեմբերի 17-ի առավոտվանից Yerevan.Today կայքի խմբագրությունում Հայաստանի իրավապահ մարմինները խուզարկություն էին կատարում, որը տևեց ավելի քան 6 ժամ։ Խուզարկությունը կատարվել է այն հիմքով, որ Ազգային անվտանգության ծառայության եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավարների զրույցի ձայնագրությունը կայքը հրապարակել է 2 օր ավելի շուտ, քան դա արել են մյուս լրատվամիջոցները:

«Նման պնդման առիթ է տվել Google որոնողական համակարգը, որը ձայնագրության տեղադրումը նշել է սեպտեմբերի 11-ը։ Սակայն դա այդպես չէ․ Yerevan.Today-ը զրույցի ձայնագրությունը հրապարակել է նույն օրը և նույն ժամերին, ինչ և մյուս բոլոր լրատվամիջոցները»,-խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը:

Նա նաև նշեց, որ խուզարկություն իրականացնողները 9 հոգի էին, բայց մշտական կապի մեջ էին ինչ որ մարդկանց հետ․ "Այն, ինչ փնտրում էին, չկար, արձանագրության մեջ էլ դա կա",-ասաց խմբագիրը։

Վերջինս նաև նշեց, որ այս պահին կայքի աշխատանքն ամբողջովին խաթարված է, քանի որ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցներն առգրավել են որոշ համակարգիչներ և համակարգիչներում առկա նյութերը։ "Անգամ տարել են համակարգիչ, որը չի միացվել մոտ 2 տարի",-նշեց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը գաղտնաձայնագրառելու եւ տարածելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Ի թիվս այլ հասցեների՝ օպերատիվ-քննչական խումբը գործողություններ է կատարել Yerevan.today-ի խմբագրությունում, ինչպես նաև կայքի սեփականատիրոջ բնակարանում։

Yerevan.Today լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկություն կատարելու մասին հրապարակային տեղեությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը:

Ի գիտություն է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունն այն մասին, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է լրատվամիջոցի խմբագրությունում իրականացված խուզարկությանը՝ անկախ այդ առնչությամբ պետական մարմնի հրապարակային հայտարարությունից, քրեական հետապնդման մարմնից պահանջվել են պարզաբանումներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: